Գլխավոր / Բանակ / Հայաստանը պետք է պատասխան տա զինվորների մահերը կոծկելու համար

Հայաստանը պետք է պատասխան տա զինվորների մահերը կոծկելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդակցել է բանակում խաղաղ պայմաններում մահացած երկու զինծառայողների՝ Վալերի Մուրադյանի և Տիգրան Օհանջանյանի գործերով նրանց ծնողների բողոքները։

Հայցվորները՝ Վալերիի մայր Նանա Մուրադյանը և Տիգրանի հայր Սուրեն Օհանջանյանը գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Հայաստանի պետությունը չի կատարել իր պարտականությունը։ Այն է՝ պաշտպանել պարտադիր զինծառայության գնացած իրենց որդիների կյանքը, և նրանց մահից հետո չի կատարել արդյունավետ քննություն՝ բացահայտելու մահերի հանգամանքները։

Կառավարությունը իր դիրքորոշման հետ միասին ՄԻԵԴ պետք է ներկայացնի մահվան դեպքերի շուրջ քննության ողջ փաթեթը, իսկ Վալերի Մուրադյանի գործով՝ նաև դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության պատճենը։

Համաձայն պաշտոնական վարկածի` Վալերի Մուրադյանն ինքնասպան է եղել կախվելու միջոցով (2010 թվական, Լեռնային Ղարաբաղ)։ Ինքնասպանության հասցնելու համար որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Մուրադյանի մայրը չի ընդունում ինքնասպանության վարկածը և որդու սպանության մասին փաստեր է ներկայացնում։

Տիգրան Օհանջանյանը, ըստ պաշտոնական վարկածի, 2007 թվականի օգոստոսին հպվել է ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել։ Անփութության հոդվածով մեղադրանք է առաջադրվել զորամասի կապի հանգույցի երկու պատասխանատուներին, ովքեր արդարացվել են։ Օհանջանյանի ծնողները պնդում են, որ որդին սպանվել է և փաստեր են ներկայացնում, ըստ որոնց մեղավոր են ՊՆ նախկին փոխնախարար, նախկին կորպուսի հրամանատար, գեներալ Հայկազ Բաղմանյանի շրջապատի մարդիկ։