Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է 2010 թվականին բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի բողոքը: Վերջինս պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով մերժվել էր քրեական գործ հարուցել զինծառայողի մահվան գործով զբաղվող քննիչ Արմեն Ապրեսյանի դեմ: ՀՔԾ֊ն և ՀՀ դատախազությունը ևս մերժել են քննիչի դեմ քրեական գործ հարուցել։
Մուրադյանը պնդում է, սակայն, որ Ապրեսյանը կատարել է քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի խախտում՝ չուսումնասիրելով գործի բոլոր նյութերը: Համաձայն պաշտոնական վարկածի, Վալերի Մուրադյանն ինքնասպան է եղել կախվելու միջոցով, և այդ նպատակով նա կանգնել է մետաղյա աթոռի վրա, բայց քննության չեն ենթարկվել ոչ աթոռը, ոչ Մուրադյանի հագին եղած զինվորական կոշիկները:
Վճռի հրապարակումից հետո Նանա Մուրադյանը նախագահող Գագիկ Ավետիսյանին ասել է՝ Վերաքննիչը վերահաստատեց, որ ձևական դատարան է, անիմաստ էր մի քանի անգամ նիստեր գումարելը, և վճիռը կարող էր հրապարկվել բողոքի ստացմանը օրը:
Նանա Մուրադյանի բողոքի քննությանը ոչ առաջին ատյանում, որ վերաքննիչում պատասխանող կողմից ոչ ոք չէր ներկայանում և բացակայությունը չէր հիմնավորվում։ Այսօր, սակայն, վճռի հրապարակմանը ներկա էր ՀՔԾ քննիչ Գոռ Հովակիմյանը: Նա միջնորդել է մերժել Նանա Մուրադյանի բողոքը, քանի որ, ըստ պատասխանող կողմի, քննիչ Ավետիսյանի գործողությունների մեջ հանցակազմ չկա: