հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ադրբեջանում նշում են Խոջալուի ողբերգության տարելիցը

Ադրբեջանում նշում են Խոջալուի ողբերգության տարելիցը

Այսօր՝ փետրվարի 26֊ին, Ադրբեջանը նշում է Խոջալուի դեպքերի 23-րդ տարելիցը, որոնք պաշտոնական Բաքուն անվանում է ցեղասպանություն, իսկ հայկական կողմը՝ հակառակորդի կրակակետերը վնասազերծելու ու Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանն ապաշրջափակելու գործողություն։ Հիմնական սգո արարողություններն անցկացվում են մայրաքաղաք Բաքվում, որտեղ մարդիկ, այդ թվում՝ երկրի ղեկավարության ու տեղական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, ծաղիկներ են տանում ողբերգության զոհերի հիշատակին նվիրված՝ «Մոր կանչը» քանդակին։

Միևնույն ժամանակ, Բաքվի քաղաքապետարանը մերժել է ողբերգության տարելիցի կապացությամբ երթ կազմակերպելու Հանրային պալատի միջնորդությունը։ Ակցիային տասը հազար մարդու մասնակցություն էր նախատեսվում։

Բաքու և Ստեփանակերտ

Պաշտոնական Բաքուն Խոջալուի դեպքերն անվանում է Ղարաբաղյան պատերազմի ամենաողբերգական էջը։ Ադրբեջանի նախագահի կայքում, մասնավորապես, ասված է․ «1992 թվականի փետրվարի 25֊ի լույս 26֊ի գիշերը հայկական զինված ուժերը, նախկին ԽՍՀՄ՝ Խանքենդի քաղաքում տեղակայված 366֊րդ մոտոհրաձգային գնդի ծանր տեխնիկայի ու անձնակազմի աջակցությամբ, գրավեցին Խոջալու քաղաքը։ Քաղաքում մնացած բնակչությունը, մոտ 2500 մարդ, ստիպված եղավ լքել հայրենի տունը՝ դեպի Աղդամ քաղաք շարժվելու վերջին հույսով։

Հայկական զինված ուժերը, մոտոհրաձգային գնդի օգնությամբ, հատուկ դաժանությամբ հաշվեհարդար տեսան խաղաղ բնակչության նկատմամբ։ Արդյունքում սպանվեց 613 մարդ․ նրանցից 63֊ը՝ երեխաներ, 106֊ը՝ կանայք, 70֊ը՝ տարեց մարդիկ, 8 ընտանիքներ ոչնչացվեցին ամբողջությամբ, 25 երեխա կորցրեց երկու ծնողներին, 130 երեխա կորցրեց ծնողներից մեկին։ Վիրավորվեց 487 մարդ․ նրանցից 76֊ը երեխաներ։ 1275 մարդ պատանդ վերցվեց, անհետ կորավ 150 մարդ»։

2012 թվականին ԼՂՀ իշխանությունները տարածեցին 1992 թվականի դեպքերի իրենց տեսակետը։ Պաշտոնական Ստեփանակերտի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված էր․ «1992թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն` նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել հակառակորդի` հենց Խոջալույում գտնվող կրակակետերը, որտեղից 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների, «Ալազան» և «Կրիստալ» տեսակի կայանքների և «Գրադ» տեսակի ռեակտիվ համազարկային կայանքի կանոնավոր հրետակոծումների: Նախքան Խոջալուի կրակակետերի ոչնչացումը սպանվել էին ավելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, մոտակա կոլտնտեսային և անհատական հողատարածքներից առևանգվել` հարյուրավոր մարդիկ, քշվել` հազարավոր գլուխ խոշոր և փոքր եղջերավոր անասուններ»։

մոսկովյան իրավապաշտպաններ

1992 թվականի մարտ֊ապրիլ ամիսներին Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետքերով աշխատում էին «Մեմորիալ» մոսկովյան իրավապաշտպան կենտրոնի աշխատակիցները։ Կենտրոնի զեկույցից մինչ օրս ընտրողաբար մեջբերումներ են անում թե հայաստանցի, թե ադրբեջանցի հեղինակներն ու հետազոտողները։

Զեկույցի հեղինակները նշում են, որ Խոջալու քաղաքի գրավման ուղղությամբ իրականացված ռազմական գործողության ընթացքում տեղի են ունեցել զանգվածային բռնություններ այդ քաղաքի խաղաղ բնակչության նկատմամբ։

«Խոջալուից խաղաղ բնակչության դուրս գալու համար «ազատ միջանցքի» տրամադրումը կարելի է գնահատել որպես ԼՂՀ պաշտոնատար անձանց՝ քաղաքը բնակիչներից «մաքրելուն» ուղղված կանխամտածված գործողություն, կամ ԼՂՀ իշխանությունների ճանաչում առ այն, որ իրենք ի վիճակի չեն ապահովել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքի բնակիչների իրավունքների իրականացումը՝ անկախ նրանց այս կամ այն ազգին պատկանելությունից։

«Ազատ միջանցքի» մասին տեղեկությունը Խոջալուի բնակիչների հիմնական զանգվածին չէր հասցվել։

Հայկական զորքերի կողմից գրավվելուց հետո Խոջալուում մնացած քաղաքացիական անձինք տեղահանվեցին։ Այդ գործողություններն իրականացվում էին կազմակերպված, տեղահանվածներից շատերը պահվում էին Ստեփանակերտում, ինչը վկայում է ԼՂՀ իշխանությունների համապատասխան հրամանի մասին։

«Ազատ միջանցքի» գոտում ու դրան հարակից տարածքում գտնվող խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը որևէ կերպ չի կարելի արդարացնել։

Խոջալուի բնակիչների, այդ թվում՝ կանանց, գերեվարումն ու «պատանդի» կարգավիճակով պահելն ակնհայտորեն հակասում է ԼՂՀ իշխանությունների՝ Խոջալուի բոլոր խաղաղ բնակիչներին անհատույց կերպով ադրբեջանական կողմին հանձնելու մասին հայտարարությանը։ «Պատանդների» պահման պայմանները ծայրահեղ անբավարար էին, տեղի են ունեցել բռնության դեպքեր Խոջալուի բնակիչների նկատմամբ։

Խոջալուի վրա հարձակմանը մասնակցել են Անկախ պետությունների համագործակցության զորքերին պատկանող 366֊րդ մոտոհրաձգային գնդի զինծառայողները։ «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը գտնում է, որ հակամարտության շրջանում ռազմական գործողություններին ԱՊՀ զինծառայողների մասնակցության, ինչպես նաև հակամարտող կողմերի զինված ուժերին ռազմական տեխնիկայի փոխանցման փաստերը հատուկ հետաքննություն են պահանջում»,֊ մասնավորապես, ասված է զեկույցի մեջ։