Գլխավոր / Շուկա / Ինչ մեխանիզմներով վերադարձնել հանրությունից ապօրինի կերպով զավթված կապիտալը․ նախաձեռնությունն առաջարկում է

Ինչ մեխանիզմներով վերադարձնել հանրությունից ապօրինի կերպով զավթված կապիտալը․ նախաձեռնությունն առաջարկում է

Հայաստանյան օլիգարխիային վերջ դնելու և նրանց ապօրինի կուտակածը ժողովրդին վերադարձնելու համար «Վերջ օլիգարխիային» քաղաքացիական նախաձեռնությունը բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում է քննարկել, մշակել և հանրությանն ու երկրի օրենսդիր մարմնին ներկայացնել օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որը մեխանիզմներ կստեղծի հանրությունից ապօրինի կերպով զավթված կապիտալը վերադարձնելու համար։ Այսօր «Հոդված 3» ակումբում կայացած մամուլի ասուլիս ժամանակ նախաձեռնության անդամներ Սուրեն Սահակյանը, Դավիթ Պետրոսյանը և Վահագն Մինասյանը ներկայացրել են իրենց հիմնական դրույթները։

«Մեր կարծիքով հանրային բարիքի վերադարձը կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ հանրությունը ճանաչի ապօրինի հարստություն կուտակած անձանց սեփականության նկատմամբ իրավունքները և դրա պահպանման համար երաշխիքներ տա՝ երկրին հասցված վնասը փոխհատուցելու, պետական կառավարման լծակները տնօրինելու փորձերից հրաժարվելու և ապագայում բիզնեսի ու պետության սերտաճումը բացառելու պայմանի դիմաց:

Նախկին վարչախմբի հեռացումը հնարավորություն տվեց պետական կառավարման համակարգի ու բիզնեսի սերտաճման մեխանիզմները կազմաքանդելու համար: Նախադրյալներ են ստեղծվել, որ գործարար ոլորտի ներկայացուցիչների առաջ փակվեն պետական ապարատի դռները: Սակայն միայն կառավարության քաղաքական կամքի առկայությունը բավարար չէ նման սերտաճումը վերացնելու և հետագայում բացառելու համար: Անհրաժեշտ է նաև հանրության համաձայնությամբ ստեղծել իրավա-քաղաքական հենց այն մեխանիզմները, որոնց բացակայությամբ էր պայմանավորել նախկինում ՀՀ-ում տեղ գտած այդ սերտաճումը:

Այդպիսի սերտաճման պատճառն այն է, որ ապօրինի հարստություն կուտակած անձանց սեփականությունը չի ճանաչվում հանրության կողմից և բնական է, որ պետությունը չի կարող երաշխիքներ տալ այդ սեփականության պահպանման համար: Եվ հետևաբար, որպես սեփականության պաշտպանության ճանապարհ գործարար ոլորտի ներկայացուցիչների համար, եթե որոշակի մեխանիզմներ չներդրվեն, այսուհետ ևս պետության կառավարման համակարգի յուրացումը դիտվելու է որպես սեփականության պահպանման միակ երաշիք։ Դա իր հերթին հղի է այն վտանգներով, որ երկրում կրկին չեն լինի ազատ ու արդար ընտրություններ և չի գործի արդարադատությունը:

Քանի դեռ հանրությունը պատրաստ չէ ճանաչել այդ սեփականությունը, իսկ սեփականատերերը ուրիշ ճանապարհ չեն տեսնում դրա պահպանման համար, հետագայում ևս անհնար է լինելու խուսափել պետական կառավարման համակարգի յուրացման փորձերից։

Սակայն պետական կառավարման համակարգի յուրացումը հետագայում ևս չի կարող երկարաժամկետ երաշխիք լինել այդ ապօրինի հարստության պահպանման համար: Սեփականությունից և իրենց կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքից զրկված հանրությունը խոշոր սեփականատերերին ընդունում է որպես իր քաղաքական հակառակորդների: Այս համատեքստում հանրությունը մշտապես ողջունելու է այն ընդդիմությանը, որն իր առջև նպատակ է դնելու խոշոր սեփականատերերից զավթել ապօրինի կուտակած կապիտալը։ Ընդ որում, դրա իրականացման մեթոդների մեջ խտրականություն չի դրվելու և ողջունվելու են նաև այնպիսի մեթոդներ, որոնք բռնություն և քաղաքական պայքարի ընթացքում զենքի կիրառում են ենթադրում։ Այսպիսով, երկրի քաղաքական կյանքը, երկարաժամկետ հեռանկարում, վերածվելու է սեփականության յուրացման և վերաբաշխման անվերջանալի շղթայի։

Այս թնջուկը կարելի է լուծել միայն մի դեպքում. եթե հանրությունը ճանաչի ապօրինի սեփականատերերի սեփականության իրավունքը։ Իսկ սա, իր հերթին, հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն խոշոր սեփականատերերը, որոնք իրենց կարողությունը կուտակել են զանազան ապօրինի ճանապարհներով, հանրությանը փոխհատուցեն կրած վնասները։ Անհնար է պատկերացնել որևէ այլ իրավիճակ, երբ ունեզրկողը ունեզրկվողի հետ կարող է հաշտվել և վերանա թշնամանքը։

Մենք համոզված ենք, որ քաղաքականությունն ու սոցիալ-տնտեսական կյանքը կարգավորելու արդյունավետ ու արդար միջոց է խոշոր սեփականատերերի կողմից հանրությանը փոխհատուցման հարկի վճարման պայմանով տնտեսական համաներումը՝ ի տարբերություն «կուլակաթափության» և հանրության կողմից առաջարկվող ապօրինի վերաբաշխման այլ բանաձևերի։ Ի տաբերություն մյուսների՝ այսպիսի բանաձևը սեփականության հարցերը կանոնավորում է Թավշյա հեղափոխության հռչակած սիրո և համերաշխության սկզբունքներին համապատասխան։

Հայաստանում ապօրինի սեփականություն կուտակած գործարարներն ու հանրայինը մասնավորի հետ շփոթած նախկին պետական պաշտոնյաները պետք է մի օր գիտակցեն, որ իրենց սեփականության համար բավարար պաշտպանվածություն կարող են ստանալ ոչ թե պետական կառավարման ապարատի յուրացման վտանգավոր ու անհեռանկարային գործընթացներից, այլ հանրության հետ հաշտության գնալու միջոցով՝ փոխհատուցելով վնասները և քաղաքականությանը իրենց մասնակցությունը բերելով իրավական և օրենսդրական դաշտ։

Այս վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ սեփականության պաշտպանության դիմաց պետք է վճարել ոչ թե գործադիր իշխանության կամ պետական ապարատի այդ պահի ղեկավարին, այլ նրանց, ումից խլել են այդ սեփականությունը, այսինքն՝ ունեցվածքից և իր կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքից զրկված հանրությանը։ Միայն այս դեպքում նրանք և հանրությունը կարող են ազատ ընտրությունների միջոցով պետական կառավարման համակարգ ձևավորելու գործում դառնալ դաշնակիցներ՝ բացառելով պերմանենտ հեղափոխությունների միջոցով սեփականության վերաբաշխման շղթայական փորձերը», — մասնավորապես, ասված է հայտարարության մեջ։