Գլխավոր / Ոստիկանություն / Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը ձերբակալվել է միլիոնները բանկից հանելուց հետո

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը ձերբակալվել է միլիոնները բանկից հանելուց հետո

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հունիսի 25-ին բերման է ենթարկվել Երևանի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից և տարվել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։ Այնտեղ նա ներկայացրել է իր ձեռքին առկա պայուսակի պարունակությունը՝ 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ՝ իր անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից , հայտնում է ԱԱԾ֊ի կայքը։ Բացի դա, Ղազարյանի «Լեքսուս» մակնիշի մեքենայում հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:

ԱԱԾ֊ն նաև հայտնում է, որ օպերատիվ տեղեկություններ ուներ, թե Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում նա պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը, ընդհանուր հաշվով՝ 1,5 միլիարդ դրամ:

Իրավապահները նշում են, որ ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը, վերոնշյալ գումարը կանխիկ ստանալու համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պատրաստվել է վճարել 17 միլիոն ՀՀ դրամ:

Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում: Ղազարյանը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում իրավապահները խոշոր չափի գումար էին հայտնաբերել։