Գլխավոր / Ազգային ժողով / Ղարաբաղի խորհրդարանում հայհոյեցին ընդդիմադիր «եկվորին»

Ղարաբաղի խորհրդարանում հայհոյեցին ընդդիմադիր «եկվորին»

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթից հետո պատգամավոր, Արցախի հերոս, Արցախի ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանը հայհոյել է նրան և անվանել «գյալմա»՝ ադրբեջաներեն «եկվոր»։

«Իհարկե, ես եմ անասունը, որ ձեզ հանդուրժել եմ»,֊ ավելացրել է Գալստյանը և սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել Խանումյանի հասցեին։

Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում ասել էր, որ դեմ է քվեարկելու 2017 թվականի բյուջեի կատարողականին՝ բացատրելով․ «Ոչ հանրությունն ընդհանրապես, ոչ էլ նրա ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ չունի: Այն տեսքով, ինչ տեսքով որ կազմվում է բյուջեն և ներկայացվում է կատարողականը, ԱԺ պատգամավորները շատ բան պարզել չեն կարողանում, իսկ հանրությանն էլ մութ է մնում իրենց վճարված հարկերի ծախսման արդյունավետությունը»։

Խանումյանը նաև պահանջել է նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը. «Եթե Բակո Սահակյանը շարունակեց մնալ նախագահի պաշտոնում, ապա իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա, անցյալ տարի գնված ծառայողական մեքենաները կրկին սեփականաշնորհվելու են կոպեկներով և նոր մեքենաներ գնվեն պետբյուջեի հաշվին, շարունակվելու է ապօրինի կերպով մարդկանց գլխին սարքելով սեփականության հափշտակությունները և դրանք Բակո Սահակյանի մտերիմների ձեռքին հայտնվելու գործընթացը»։

Խանումյանը պատասխանել է Գալստյանի հայհոյանքներին, իսկ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը երկու պատգամավորներին էլ զրկել է խոսքի իրավունքից։

«Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում Ժաննա Գալստյանն ասել է, որ հայհոյել է, որովհետև «ինքը շատ անհարգալից, փողոցային ձևով դիմեց մեր երկրի նախագահին»։

Ծագումով իջևանցի Խանումյանին Լեռնային Ղարաբաղում «եկվոր» անվանելը քննադատվել է Լեռնային Ղարաբաղի ընդդիմադիրների կողմից։

«Միասնության մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող Արցախի իշխանությունների ողջ էությունը սա է: Հայաստանի Հանրապետությունից եկած ու Արցախի համար զոհվող զինվորներին նրանք եկվոր չեն անվանում, իսկ այն մարդիկ, որոնք եկել են այստեղ ապրելու ու արդարության համար պայքարելու, նրանց համար եկվոր են»,֊ տարածելով միջադեպի տեսանյութը՝ գրել է «Ազգային Վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը։