Home / Դատարան / Մեղադրյալ Քոչարյանի թվացյալ անձեռնմխելիության իրավունքի մասին

Մեղադրյալ Քոչարյանի թվացյալ անձեռնմխելիության իրավունքի մասին

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ արձակումից հետո «Ազատությունը» զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերից 9-ի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի հետ։

– Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել դատարանի որոշումը։

– Ես չեմ տեսել որոշումը, ես ծանոթ չեմ դրա տեքստին։ Ծանոթ եմ պարոն Սահակյանի մեկնաբանությանը այդ կապակցությամբ, համաձայն որի մեղադրյալ Քոչարյանի վերաբերյալ կալանքի որոշումը վերացվել է իր անձեռնմխելիության իրավունքից օգտվելու հիմքով։

Ճիշտն ասած, սա բավականին անսպասելի որոշում էր։ Եթե իսկապես որոշումը այդպիսին է և դրա հիմքը մեղադրյալ Քոչարյանի թվացյալ անձեռնմխելիության իրավունքն է, ապա մենք գործ ունենք մի աննախադեպ իրողության հետ, որ Հայաստանի հանրապետության դատական իշխանությունը այս պահի դրությամբ հաստատված է համարում, որ Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգության նկատմամբ կարող է անձեռնմխելիություն տարածվել հենց նույն Սահմանադրությամբ։

Ես ավելի մանրամասն մեկնաբանություններ կտամ, երբ որոշման տեքստին ծանոթ կլինեմ, բայց ինքնին արդեն այսպիսի հիմքով սահմանադրական կարգի տապալման արարքի մեջ մեղադրանքի տակ գտնվող անձի նկատմամբ անձեռնմխելիություն տարածելը շատ կարևոր ցուցիչ է, թե ինչպես են դատավորները հասկանում՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգը առհասարակ։

Բայց այստեղ կա նաև խնդրի երկրորդ կողմը, որի վրա ես հատկապես հեռուստադիտողների ուշադրությունը կդարձնեի։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսպիսի պաշտպանություն ներգրավվել է մի անձ, որը 10 տարուց ավելի եղել է Հայաստանի Հանրապետության գլուխը, մի անձ, որի սահմանադրական պարտականությունն է եղել Սահմանադրության պահպանումը։ Այլ խոսքով, իր անձնական ազատության անհատական շահի հետապնդման ճանապարհին նա պատրաստ է անտեսել սահմանադրական կարգի պաշտպանության հանրային շահը։ Սա շատ կարևոր էլեմենտ է։ Եվ ես հույս ունեմ, որ վճռաբեկ դատարանում այս հարցը շատ ուղիղ ձևով մեղադրյալ Քոչարյանի թիմին տրվելու է։ Այսինքն՝ արդյո՞ք որևէ մեկը կարող է օգտվել անձեռնմխելիությունից՝ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարելիս։ Եվ եթե դրա պատասխանը դրական է, նշանակում է՝ մենք ունենք մի մեղադրյալ, որի անձնական բարոյական որակները նրա համար որևէ արգելք չէին կարող հանդիսանալ այն արարքի կատարման համար, որը նրան մեղսագրվում է։

Այս պահի դրությամբ այսքանով կսահմանափակվեմ։ Հույս ունեմ, որ վճռաբեկ բողոք կբերվի դատախազության կողմից և հույս ունեմ, որ վճռաբեկ բողոքում այս հարցը ավելի մանրամասն քննարկվելու է։

Tekali Taxi