Home / Բանտ / Քոչարյանի առանձնատունը խուզարկել են, Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ մեղադրանք առաջադրել

Քոչարյանի առանձնատունը խուզարկել են, Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ մեղադրանք առաջադրել

Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում, Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան այսօր հաստատել են ՀՔԾ մամուլի ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

ՀՔԾ մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԱԱԾ-ի աշխատակիցները «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էին կատարել Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում: Հայտնաբերվել էր զինամթերք, որը ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով, կարող է կիրառված լինել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում:

Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, և վարորդ Ամբիկ Գևորգյանը: Նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև Հենրիկ Աբրահամյանին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Tekali Taxi