Home / Կրթություն / Անկախ գրադարանների ցանցն արդեն պատրաստ է սպասարկել ընթերցողներին

Անկախ գրադարանների ցանցն արդեն պատրաստ է սպասարկել ընթերցողներին

Ֆոկուս արվեստի ՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված ԱՆԿԱԽ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑՆ արդեն պատրաստ է սպասարկել ընթերցողներին libraries.am կայքի միջոցով:

Ծրագրի մեկնարկի շնորհանդեսին, որը կկայանա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19.00-ին, ԼՈՖԹ ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում (հասցեն՝ Մոսկովյան 3):

ԱՆԿԱԽ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑՈՒՄ ընդգրկված են Ֆոկուս արվեստի գրադարանը, Միրզոյան Գրադարանը, Արվեստ Հայաստան հիմնադրամի մեդիակենտրոնը, 4Պլյուս գրադարանը, Հովհաննիսյան հետազոտական գրադարանը, Ժամանակակից արվեստի ինստիտուտի գրադարանը եւ ՖեմԳրադարանը:

ԱՆԿԱԽ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԸ նպատակ ունի ավելի տեսանելի և հասանելի դարձնել ժամանակակից արվեստի, լուսանկարչության, հումանիտար հետազոտությունների եւ հարակից ոլորտերում գործող կազմակերպությունների գրադարանների աշխատանքը, և միաժամանակ ավելի կենտրոնացված և արդյունավետ կազմակերպել գրադարանների և ընթերցողների միջև կապը:

Մասնագիտական գրականության եւ տեսողական նյութերի հանրայնացման այս նախագիծը նպատակ է հետապնդում հիմք ստեղծել և նպաստել ուսանողների, լուսանկարիչների, արվեստագետների, հումանիտար ոլորտի հետազոտողների, այլ մասնագետների ընթացիկ կամ ապագա ուսումնասիրություններին։

Ցանցում ընդգրկված գրադարանների ֆոնդերը ներառում են ժամանակակից արվեստի, փիլիսոփայության, ճարտարապետության, լուսանկարչության, պատմագիտությանը, ժամանակակից քննադատական տեսություններին նվիրված բազմալեզու գրքեր, կատալոգներ, աշխատություններ, տեսողական նյութեր: Մեր ֆոնդերը հիմնականում կազմված են վերջին տասնամյակների հրատարակություններից եւ ունեն բացառիկ արժեք, քանի որ բացակայում են բուհական եւ այլ գրադարաններում:

ԱՆԿԱԽ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑՆ օգտվում է ընդհանուր օգտագործման գրադարանային էլեկտրոնային հաշվառման միջազգային համակարգից, որը հնարավորություն է տալիս անկախ և անվճար սկզբունքով ներկայացնել կազմակերպությունների գրաֆոնդերը և կապ հաստատել օգտագործողների՝ ընթերցողների հետ:

Ցանցն ունի ընդլայնվելու անսահմանափակ ներուժ, այն կարող է ընդգրկել Երեւանի եւ մարզերի բոլոր արվեստային եւ հումանիտար հետազոտական կազմակերպությունների գրադարանները:

Մենք հետամուտ ենք, որպեսզի մեր կազմակերպությունների կրթական եւ հետազոտական ծրագրերը տրամադրեն արվեստի ոչ միայն համալիր, այլեւ հիմնային գիտելիքներ, եւ դրա հետ ենք կապում ԱՆԿԱԽ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ զարգացման հեռանկարը:

Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն Ֆոկուս արվեստի ՀԿ-ի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են եւ պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Կարին Գրիգորյան | Հանրային հաղորդակցման համակարգող
Հեռ.` +374 91 559 737
[email protected]
www.focus.org.am
https://www.facebook.com/focus.org.am/

 

 

 

 

 

 

Tekali Taxi