Գլխավոր / Մեդիա / Ռուսաստանում սկսել ա

Ռուսաստանում սկսել ա

Ռուսաստանում իրավապահները ձերբակալել են ավելի քան հազար քաղաքացիների, ովքեր երեկ մասնակցել են բողոքի ակցիաներին:

Դաշնության տարբեր շրջաններում երեկ անցկացվել են տեղական ընտրություններ, և ընդդիմադիր առաջնորդ, այս օրերին, իհարկե, կալանքի տակ գտնվող Ալեքսեյ Նավալնին իր աջակիցներին հորդորել էր երթերով ու ցույցերով բողոք հայտնել կենսաթոշակային վիճահարույց բարեփոխումը կասեցնելու պահանջով: Տասնյակ հազարավոր մարդիկ արձագանքել են Նավալնիի կոչին:

Ձերբակալությունները տեղի են ունեցել առնվազն 33 քաղաքում: Ոստիկանները շատ կոշտ են գործել՝ բերման ենթարկելով ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց և նույնիսկ դեռահասներին, կալանավորվել են նաև փողոցներում զբոսնող և ակցիաները լուսանկարող պատահական անցորդներին, իսկ բողոքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է հստակ մարտավարություն՝ «Համաձայն չե՞ս՝ գնացինք բաժանմունք»: Այս մասին փոխանցում է azatutyun.am-ը։

Թերևս բողոքների ակցիաները ազդել են ընտրությունների վրա, ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ քվեարկել է ընտրողների ընդամենը 28 տոկոսը, սակայն իշխանությունը և իշխանամետ հեռարձակող լրատվամիջոցները հանրությանը զեկուցել են հոյակապ ընտրությունների մասին:

Մամուլը հայտնել է, որ որոշ բնակավայրերում եղել են բողոքներ, սակայն չի նշել, որ դրանք հիրավի մեծ ծավալի են հասել:

Պետական լրատվամիջոցների ներկայացմամբ՝ բողոք հայտնող երիտասարդները մի խումբ արմատականներ են և սադրիչներ, իսկ տարեցները պարզապես չեն հասկացել, թե ինչ կարևոր և օգտակար է կենսաթոշակի շեմը բարձրացնելու նախաձեռնությունը:

Ոստիկանները կոշտ են գործել մայրաքաղաք Մոսկվայում, բայց բերման ենթարկելու վիճակագրությամբ երեկ առաջինը նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդավայրն էր՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը, որտեղ 452 մարդ է ձերբակալվել: Սակայն ոստիկանները վճռական էին նաև մյուս քաղաքներում:

«Քաղաքացիները եկել էին խաղաղ, առանց զենքի, հասարակական կարգը չեն խախտել, նրանց դեմ մահակներով և ձերբակալություններով գործելը վրդովեցուցիչ է», — ասել է Եկատերինբուրգում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցը:

Տոմսկ, Նովոսիբիրսկ, Վլադիվոստոկ, Չեբոկսարի, Օմսկ, Կուրգան, Կիրով, Բերեզին, բազմաթիվ քաղաքներում են մարդիկ դուրս եկել փողոցներ և պահանջել չեղարկել կենսաթոշակի բարեփոխումը, որի մասին վերջերս իր հատուկ ուղերձում Պուտինն ասել է, թե այն, իհարկե, ցավոտ է, բայց կարևոր է և անխուսափելի:

Նավալնիի առաջնորդած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի դաշնային շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովն այսօր ասել է, որ բողոքի ակցիաներին ամբողջ Ռուսաստանի տարածքում մասնակցել է 60-ից 80 հազար մարդ:Ռուսաստանի կառավարությունն այս տարվա հունիսի 16-ին Պետական դումայի քննարկմանն է ներկայացրել կենսաթոշակի համակարգի բարեփոխման օրինագիծը, որի համաձայն՝ 2019-ի հունվարի 1-ից թոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացվում է:

Տղամարդիկ թոշակի կանցնեն 65 տարեկանում, իսկ կանայք՝ 60, ընդ որում, նախնական տարբերակով կանայք 63-ից էին անցնելու թոշակի, սակայն Պուտինի առաջարկով այդ դրույթը մեղմվել է:

Մասնագետների համոզմամբ՝ տարիքային շեմը բարձրացվում է, քանի որ ռազմական մեծ ծախսերի, Սիրիայի և Ուկրաինայի պատերազմների և արևմտյան պատժամիջոցների պայմաններում պետական գանձարանում չկան քաղաքացիներին թոշակով ապահովելու միջոցներ: Ծրագիրը զայրույթով են ընդունել Ռուսաստանում:Մինչդեռ, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ ոստիկանները երեկ գործել են օրենքին համապատասխան:

«Դուք գիտեք, որ այդ ակցիաները համաձայնեցված չէին, բացի այդ՝ հերթական անգամ եղել է սադրանք, ցույցերին ներգրավվել են դեռահասներ, ինչն օրենքով անթույլատրելի է», — ասել է Կրեմլի խոսնակը:

Դե իսկ ընտրությունները, ըստ իշխանության, հաջող են անցել, որոշ շրջաններում տեղի կունենա երկրորդ փուլը: Նախագահ Պուտինը շնորհավորել է Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետ վերընտրվելու առիթով: