Սեպտեմբերի 13-ին Հաղարծին վանական համալիրի բակում Էջմիածնի պատվավոր քաղաքացի, Մայր աթոռի դիվանապետ, եպիսկոպոս Տեր Արշակ Խաչատրյանը տասնյակ մարդկանց ներկայությամբ հարվածել է դպիր Էդգար Ումբրեյանին։ Օրերս պարզ դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել։ Epress.am-ը զրուցել է Ումբրեյանի հետ դեպքի մանրամասների մասին։
Տեր Արշակ Խաչատրյանը
Էդգար Ումբրեյանը և իր համախոհներն արդեն տևական ժամանակ տարբեր բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով Գարեգին 2-րդ կաթողիկոսի հրաժարականը։
«Հունիս ամսին մենք վեհարանում խաղաղ նստած ցույց էինք անում։ Այդ ժամանակ մի ահազանգ եկավ, որ իմ ընկերներից մեկի պայուսակը ոստիկաններն ուզում են խուզարկել։ Ասում էին՝ կասկած կա, որ դրա մեջ թմրանյութ է։ Առաջին անգամ խուզարկեցին, նման բան չկար։ Ընդամենը կես ժամ անց նորից է ահազանգ ստացվում, խուզարկում են և գտնում, որ նույն պայուսակի մեջ թմրանյութ կա», -պատմում է Ումբրեյանը։
Նրա խոսքով՝ մինչ ոստիկանությունը լաբորատոր քննության կենթարկեր գտնվածը՝ պարզելու համար, թե այն իրոք թմրանյութ է, թե ոչ, Մայր Աթոռի վերահսկողության տակ գտնվող կայքերը գրում են, որ թմրանյութ են գտել ակցիայի մասնակիցների մոտից․ «Այսինքն՝ դա ակնհայտ ցույց է տալիս, որ իրենք գիտեին, որ դա թմրանյութ է»։
Ումբրեյանի խոսքով՝ ոստիկանություն այդ ահազանգը տվել է Սևակ սարկավագը, որը չի ժխտել դա։ Վերջինս նշել է նաև, որ իրեն հրահանգել է զանգել Սամվելը (Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ավազանի անունով՝ Սամվել)․ «Սամվելն ասել է զանգի ոստիկանություն, ասա, որ այս պայուսակի մեջ սենց բան կա»։
Սեպտեմբերի 13-ին Հաղարծին վանական համալիր է այցելել Գարեգին 2-րդ կաթողիկոսը՝ մի խումբ հոգևորականների հետ: Նրանց մեջ է եղել նաև Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Միաժամանակ վանական համալիրի բակում բողոքի ակցիա են արել «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման անդամները՝ գոռալով՝ «Գարեգի՛ն, հեռացի՛ր, Մայր Աթոռը մոռացի՛ր»։
«Ես մոտեցա, ասացի՝ Սամվե՛լ, ինչի՞ կազմակերպեցիր, որ թմրանյութը գցեն մեր պայուսակի մեջ, նա շուռ եկավ այդ ժամանակ և խփեց ինձ», -պատմել է Ումբրեյանը։
Նշենք, որ տարածքում են եղել ոստիկաններ, որոնք արձանագրել են դեպքը, բացի դրանից կա տեսանյութ, որտեղ երևում է հարվածելու պահը։
https://www.facebook.com/Nor.Hayrapet/videos/325510321536902/
Հարվածելուց հետո մարդիկ մոտենում են և ասում՝ ինչո՞ւ հարվածեցիք, իսկ բարձրաստիճան այլ հոգևորականներ զարմացած հարցնում են՝ ո՞վ է հարվածել, այստեղ միայն աղոթում են։
Ումբրեյանը գնացել է ոստիկանական բաժանմունք, ցուցմունք տվել, դատաբժիշկը արձանագրել է վնասվածքը, սակայն հետագայում քրեական գործ չի հարուցվել: Մեզ հետ զրույցում Ումբրեյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը դեռ չի ստացել գործի նյութերը և չգիտի՝ ինչ հիմքով գործ չի հարուցվել։
«Կարող եմ եզրակացնել, որ դատական բժշկի եզրակացության հիման վրա քրեական գործ չի հարուցվել։ Քրեական գործ չի հարուցվում, երբ դատաբժիշկը գտնում է, որ հարվածից տուժողը ուժեղ ֆիզիկական ցավ չի զգացել։ Բայց երբ նյութերը ստանանք, նոր կարող եմ կոնկրետ ասել», – նշել է Սարգսյանը։
Ուշագրավ է, որ այդ դեպքից մի քանի օր անց՝ Երևանի ավագանու ընտրությունների հենց հաջորդ օրը, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովը նշել էր, որ պատրաստվում է ԱԺ դիմել օրենսդրական նախաձեռնությամբ՝ լրացումներ անել «Հավաքների մասին» ՀՀ օրենքում․ «Ըստ այդմ, առաջարկում եմ օրենքում հստակորեն սահմանել, որ Հայոց եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և դրանց հարող տարածքում արգելվում է կազմակերպել և անցկացնել եկեղեցու և նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքներ: Ավելին, օրենքով տուգանք սահմանել, ինչպես վերոնշյալ հավաքների անցկացման համար, այնպես էլ նրանց նկատմամբ , ովքեր կիրականացնեն եկեղեցու, նրա ծիսակարգի, հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ ծաղրական կամ վիրավորական գործողություններ` ներառյալ եկեղեցական պատարագների և այլ ծեսերի ընթացքը խոչընդոտելը․․․ այս փաթեթի ընդունման դեպքում Հայոց Սուրբ եկեղեցին և նրա միջոցով մեզ փոխանցված քրիստոնեական, ազգային-ավանդական արժեհամակարգը պաշտպանված կլինի»։
Նշենք, որ Արշակ Եպիսկոպոսը 2004թ. ապրիլից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նաև Մայր Աթոռի ներկայացուցիչն է Ազգային ժողովում:
Epress.am-ը դեպքի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար երեկ կապ է հաստատել Մայր Աթոռի հետ։ Մեզ պատասխանել է տեր Համբարձումը։ Նա նշել է, որ ժողովի է և երկու ժամից կզանգի, կպատասխանի։ Մի քանի ժամ անց նա մեզ ասել է, որ հարցի հետ կապված իրենց մեկնաբանությունը կանեն միայն մի քանի օր անց։