Եկեք մոդելավորենք առաջիկա հնարավոր զարգացումները
Մոդել 1․
Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո առնվազն քսան օր շուրջօրյա հանրահավաքներ, տարբեր ակցիաներ են կազմակերպվում, և ԱԺ֊ն երկու անգամ նոր վարչապետ չի ընտրում, և սահուն, առանց ցնցումների գնում ենք արտահերթ պառլամենտական ընտրությունների։
Մոդել 2.
Մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետի հրաժարականը այնուամենայնիվ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունները հասկանալով հետագա առճակատման հետևանքով էլ ավելի լարվածության աճը, իրենց դեմ ամբողջ հասարակության ատելության հետևանքով հնարավոր խայտառակ գործողությունները, համաձայնվում են և երկու անգամ չեն ընտրում նոր վարչապետ, և նորից գնում ենք արտահերթ պառլամենտական ընտրությունների։
Մոդել 3.
ԱԺ բոլոր խմբակցությունները և ներկայացված կուսակցություններն, իրենց մանդատները վայր են դնում, և նաև նրանց ցուցակներում գտնվողները նույնպես։ Այսինքն նման գործողության համար կայացնում են քաղաքական որոշում։ Այս մոդելն ամենաիդեալականն է, և ցավոք ամենաքիչ հավանականը։
Մոդել 4.
Նիկոլ Փաշինյանի վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ֊ն առաջադրում է վարչապետի թեկնածու X անձի և նրան ընտրում են վարչապետ։ Այդ դեպքում ՀՀ գործող սահմանադրության 149 հոդվածի համաձայն մեջբերում եմ, «Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին»։ Կրկնում եմ, ԱՆՀԱՊԱՂ։
Այս վերջին մոդելի դեպքում, անհապաղ նշանակված վարչապետը, իր հերթին ԱՆՀԱՊԱՂ ազատում է ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, ՔԿ նախագահին, ոչ թե հինգ կամ տասհինգ օրվա ընթացքում է ներկայացնում կառավարության կազմը, այլ հենց անհապաղ ՀՀ նախագահին է ներկայացնում նախարարների թեկնածուներին, որն էլ ոչ թե եռօրյա ժամկետում, այլ ԱՆՀԱՊԱՂ նշանակում է նախարարներին։
Այս սցենարի համար պարզ է, որ ՀՀԿ֊ի, նաև ԲՀԿ֊ի ֊ի համաձայնությամբ պետք է որոշվի բնականաբար խիստ գաղտնի պայմաններում վարչապետի X թեկնածուն, որի անունը ինչպես իբր թե կատակել էր Սերժ Սարգսյանը, չի հայտնի, որ իբր թե ԱԱԾ֊ն հետևից չգնա։ Բայց ակնհայտ է, որ բացի վարչապետի թեկնածուի այդ X անձից, պետք է նաև քննարկած լինեն կառավարության կազմը, այսպես կոչված ստվերային կաբինետի կազմը, արդեն իսկ պետք է քննարկած և համաձայնեցրած լինեն նախարարների թեկնածուներին։
Սակայն, այս ամենում կա մեկ կարևոր, կասեի, որոշիչ հարց․ ինչպես են պատկերացնում զուտ ձևական քվեարկությունների և նշանակումների միջոցով ձևավորված կառավարությունը այսպես կոչված ընդունելի դարձնել հասարակության համար, Սա հիմնական խնդիրն է, այս մոդելով շարժվողների համար։
Եվ այստեղ գալիս է մեկ այլ ենթամոդել․ նոր կառավարությունը ԱՆՀԱՊԱՂ հայտարարում է արտակարգ դրություն և փորձում է ուժով պարտադրել իր իշխանությունը ՀՀ քաղաքացիներին։
Վերստին, ԱՆՀԱՊԱՂ հանձնարարվում է ձերբակալել այսպես կոչված նոր իբր թե օրինական իշխանության դեմ բողոքի ցույցերի դուրս եկած, կամ ցույցերի կազմակերպիչներին և այլն։ Այսինքն, կիրառվում է երկրորդ Մարտի 1:
Իսկ ով կարող է իդեալականորեն իրականացնել երկրորդ Մարտի 1, Ռոբերտ Քոչարյանը (նկարում՝ ձախից – խմբ․), Սերժ Սարգսյանը (աջից)։
Բայց առավել շահագրգիռը, որը կարող է և պատրաստ է գնալ նման արկածախնդրության, ով եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, առավել ևս, որ հենց գլխավորապես ինքն ունի քրեական պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտում։
Ավելին, հենց Ռ․ Քոչարյանը հայտարարեց, որ կփոշմանի Նիկոլ Փաշինյանը, որ իր հետ գլուխ դրեց․․․․
Ինչևէ, եթե ՀՀԿ֊ն, ԲՀԿ֊ն, ՀՅԴ֊ն, որոշել են գնալ վերջին չորրորդ մոդելով, ապա դա ուղղակի ճանապարհ է դեպի դիկտատուրայի հաստատում ՀՀ-ում։
Այս մոդելի ուղղությամբ ցանկացած գործողություն հանդիսանալու է բացառիկ հանցագործություն ընդդեմ ՀՀ ժողովրդի։
Իհարկե, ՀՀ-ում որևէ դիկտատուրա չի կարող ունենալ երկար կյանք կամ հատկապես հիմա հաստատվի, բայց նման արկածախնդրությունը միանշանակ կհանգեցնի լուրջ , շատ լուրջ կորուստների։
Սա շատ լուրջ խնդիր է ՀՀ քաղաքացիների, Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների, բոլորիս համար։
Եվ վերստին միակ հնարավորությունն ու իրական ուժը որը կարող է կասեցնել, խոչընդոտել չորրորդ մոդելի ուղղությամբ գործողությունները, հանդիսանում է համաժողովրդական, քաղաքացիական անհնազանդության, բացառապես խաղաղ, ոչ բռնի ակցիաներն ու բողոքի ցույցերը․․․
Իսկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակը, պետք է հրաժարվի Ռոբերտ Քոչարյանի միջոցով ռևանշի հնարավորության մտքից, եթե գեթ մեկ կաթիլ պատասխանատվություն դեռևս պահպանել են ՀՀ-ի և նրա քաղաքացիների նկատմամբ։
Թող սխալված լինեմ, երիցս անհիմն լինեն չորրորդ մոդելով իրադարձությունների հնարավոր զարգացումները․․․․
Արթուր Սաքունց
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ