Գլխավոր / Ազգային ժողով / ՀՀԿ-ն նպատակ ունի ցույց տալ` ԸՕ փոփոխությունների գործընթացը ժողովրդական չէ

ՀՀԿ-ն նպատակ ունի ցույց տալ` ԸՕ փոփոխությունների գործընթացը ժողովրդական չէ

ՀՀԿ-ն ունի քաղաքական շահ, երբ դեմ է արտահայտվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Հանրապետականը ցանկանում է ներկայացնել, որ պրոցեսը ներառական չէ, ժողովրդավարական չէ, հապշտապ է: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, հայտարարել է «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Լենա Նազարյանը։

«Ամռանից սկսված խմբակցությունները, նաև հանրապետականի ներկայացուցիչները, ակտիվ մասնակցել են Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին, առաջարկներ են ներկայացրել, դրանք ներկայացվել են կառավարությանը: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի առաջարկներն իրատեսական չեն եղել: Իրենք ուզում էին, որ բացի ընտրողների գրանցումից, նաև քվեարկությունը տեղի ունենա սարքով: Կամ ուզում էին, որ քվեարկությունը լիներ միայն նույնականացման քարտով։ Դա էլ իրատեսական չէր։ Եթե նման առաջարկներ էին հնչելու, և Կառավարությունը ասելու էր` իրատեսական չէ, քանի որ դրանց համար ֆինանս և ռեսուսներ է պետք, վերջում նորից ասելու էին` մեր առաջարկները չընդունվեցին․․․Համապատասխան հանձնաժողովում այս հարցի քննարկմանը երկու ՀՀԿ-ական պատգամավոր է եղել և ոչ մի առաջարկ չի ներկայացվել», -ասել է Նազարյանը։

Պատգամավորը նշել է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն ԱԺ ամբիոնից այսօր կրկնում է, որ պրոցեսը ժողովրդավարական չէ, հնարավորություն չկա առաջարկ անելու, բայց որևէ առաջարկ չի ներկայացնում ինքը․ «Այն փաստարկը, որ ժամանակ չկա առաջարկություններ անելու, պատճառաբանություններ են։ Նպատակը ցույց տալն է, որ պրոցեսը ժողովրդավարական չէ»։