Home / Մարզեր / Հեղափոխություն է, երբ վարչապետի թեկնածուն չընտրվեց

Հեղափոխություն է, երբ վարչապետի թեկնածուն չընտրվեց

Սա աննախադեպ երևույթ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է մի թեկնածուի, և այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններին։ Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է 3-րդ Հանրապետության պատմության մեջ։ Անդրադառնալով երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, որտեղ ընտրվել է անկուսակցական թեկնածու Գևորգ Փարսյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ես անկեղծ շատ էի ուզում, որ Կապանի քաղաքապետ ընտրվի Նարեկ Բաբայանը, որը նաև Սյունիքի փոխմարզպետ է։ Համոզված եմ, որ Բաբայանը շատ տաղանդավոր և ազնվագույն մարդ է։ Համոզված եմ, որ նրա մասին մենք դեռ կլսենք։ Բայց շատ կարևոր եմ համարում այն, ինչ տեղի է ունեցել․ տեղի է ունեցել քաղաքացիների որոշում։ Եվ իշխանությունը որևէ քայլ կամ փորձ չի արել քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար։ Մենք սրա համար ենք հեղափոխություն արել, և այդ հեղափոխությունը հաղթել է։ Ասում են՝ մարեց հեղափոխական էյֆորյան, բայց, ոչ, ավելի մեծացավ այն․․․ Հաղթանակը այն է, որ դուք որոշեք, թե ով լինի Կապանի, Էջմիածնի, Արմավիրի քաղաքապետ։ Եվ սա հեղափոխական էյֆորիան է, որը կրկնապատկվել է», -ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ դեռևս Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ասում էին՝ թե գիտեք, որ հաղթելու եք, ինչների՞դ է պետք կեղծել ընտրությունների արդյունքները․ «Բայց ասում էին, ա՜յ, որ մի տեղ պարտվելուց լինեք, դուք նույնպես բոլոր հանցավոր իշխանությունների նման, կգնանք և կկեղծեք ընտրությունների արդյունքները։ Ահա և ձեզ Կապանի քաղաքապետի ընտրությունների հիմնական քաղաքական իմաստը»։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն երեկվա ՏԻՄ ընտրություններին 15 տեղերում թեկնածու էր առաջադրել և պաշտպանել, նրանցից 2-ը չեն հաղթել։

«Հեղափոխութայն նպատակը այն չի եղել, որ մենք կամ ես ունենանք իշխանություն, հեղափոխության նպատակն այն է եղել, որ դուք լինենք իշխանություն, և դու՛ք եք իշխանությունը, դու՛ք եք որոշումներ կայացնում»։

Փաշինյանը նշել է, որ խոսվում է այն մասին, որ ՔՊ-ի թեկնածուին չընտրելով՝ քաղաքացիները իրենց վերաբերմունքն արտահայտեցին Հունան Պողոսյանի նշանակմանը։

«Չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել։ Բայց մենք հարցումներով հետևել ենք որոշ դինամիկայի, և իմ տպավորություններով՝ այդ երկու իրադարձությունները իրար հետ կապված չեն»։

Նա անդրադարձել է նաև Կառավարության՝ կադրային նշանակումների քաղաքականությանը․ «Մենք բոլոր ոճի նշանակումներ ունենք։ Մեր կառավարությունում կան շատ երիտասարդ, տարիքով մեծ, կան փորձված, չփորձված, նախկինում պաշտոններ զբաղեցրած կամ չզբաղեցրած մարդիկ։ Դա ինձ ուրախացնում է։ Քանի որ կարծում եմ, ցանկացած կառավարության կազմ պետք է լինի բալանսավորված։ Մի չափանիշով մեր կառավարությունը բալանսավորված չէ՝ կին նախարարների ներգրավածությամբ։ Հույս ունեմ՝ առաջիկայում այս խնդիրը կլուծենք»։

Նա շնորհավորել է Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանին և նշել, որ այդ ընտրությունը պատմական է, քանի որ նա առաջին կին, ընտրված քաղաքապետն է։

Կրկին անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը՝ Փաշինյանը նշել է, որ այն տրամաբանությունն, ըստ որի, նա աշխատել է նախկին իշխանությունների հետ, ուրեմն չի կարող աշխատել որևէ պարագայում, ճիշտ մոտեցում չէ։

Նա թվել է Կառավարության կազմում աշխատող մի շարք մարդկանց  անուններ, որոնք պաշտոն են զբաղեցրել նաև նախկին իշխանությունների օրոք։ Ինչպես ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Պաշտպանաության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և այլն։

Պետք է հարգել անմեղության կանխավարկածը, ասել  է Փաշինյանը, և ներկայացնել կոնկրետ մեղադրանք․ «Եթե պարզվի մի օր, որ ես ինքս էլ հանցանք եմ գործել, ես է՛լ պետք է դատվեմ»։

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ, այնուամենայնիվ, հետևում է բոլոր քննադատություններին և փորձում հետևություններ անել։

Tekali Taxi