Գլխավոր / Ազգային ժողով / ՀՀԿ-ականները հիմա էլ անցել են հոգևոր հարցերին

ՀՀԿ-ականները հիմա էլ անցել են հոգևոր հարցերին

ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարինե Աճեմյանը և Էդուարդ Շարմազանովն առաջարկում են «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ ըստ որոնց՝ Հայաստանյաց առաքելական եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և դրանց հարող տարածքներում արգելել եկեղեցու և դրա ծիսակարգի դեմ հավաքների կազմակերպումը։

Նախագծի զեկուցող Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ հավաքների ազատությունը երաշխիք է արտահայտվելու ազատության և այլ իրավունքների պաշտպանության համար։ Ըստ Մարդու իրավունքների հռչակագրի համապատասխան հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների իրավունք։ Պետությունը պետք է երաշխավորի այդ հավաքները անցկացնելու իրավունքը և անհիմն չսահմանափակի։ Նա նշել է, որ ներկայացված նախագծով նախատեսված կարգավորումները կարող են վտանգել անձի որոշակի իրավունքները։ Զեյնալյանն առաջարկել է մերժել օրենքի նախագիծը։

Այսօրվա նիստին քննարկվել է նույնաբովանդակ ևս մեկ հարց, որը նույնպես մերժվել էր Կառավարության կողմից։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ առաջարկել էր արգելել առհասարակ կրոնական բոլոր կազմակերպությունների տարածքում հավաքների անցկացումը։ Զեյնալյանը նշել էր, որ համաձայն ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների՝ հավաքների արգելումը կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, երբ առկա են ապացույցներ, որ հավաքի մասնակիցները կարող են իրականացնել անօրինական գործողություններ և կա նման գործողությունների հավանականություն:

Հարցերի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զարմանք է հայտնել, որ «ՀՀԿ-ական գործընկերները» դեռ շարունակում են ապրել «արգելելու» տրամաբանությամբ։ Բացի դրանից՝ «ՀՀԿ-ական տարբեր պատգամավորներ ինչո՞ւ են նույնաբովանդակ երկու նախագիծ ներկայացնում», -հարց էր բարձրացրել Փաշինյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Հաղարծին վանական համալիրի բակում Էջմիածնի պատվավոր քաղաքացի, Մայր աթոռի դիվանապետ, եպիսկոպոս Տեր Արշակ Խաչատրյանը տասնյակ մարդկանց ներկայությամբ հարվածել է դպիր Էդգար Ումբրեյանին։ Ումբրեյանը և իր համախոհներն արդեն տևական ժամանակ տարբեր բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով Գարեգին 2-րդ կաթողիկոսի հրաժարականը։ Այդ դեպքից մի քանի օր անց՝ Երևանի ավագանու ընտրությունների հենց հաջորդ օրը, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովը նշել էր, որ պատրաստվում է ԱԺ դիմել օրենսդրական նախաձեռնությամբ՝ լրացումներ անել «Հավաքների մասին» ՀՀ օրենքում։