Home / Խմբագրի ընտրություն / Չմիջնորդավորված հարաբերությունների մասին

Չմիջնորդավորված հարաբերությունների մասին

Ընկերս առաջարկեց մասնակցել Քաղաքացիական Պայմանագրի նախընտրական ծրագրի քննարկումներին՝ աջակցել հեղափոխությամբ արդիականացած կուսակցությանը՝ ընհուպ մինչև նրան անդամակցելը։ Ուղարկեցի այս տեքստը․

Ոխերիմ ընկերների և հարազատ թշնամիների՝ հարևանների հետ չմիջնորդավորված հարաբերությունների մասին

Ադրբեջանի, այնտեղ ապրողների հետ հարաբերությունները պետք է լինեն Հայաստանի և այստեղ ապրողների քաղաքականության գերակա ուղղություններից՝ անկախ տիրող իրավիճակից՝ պատերազմից և դրա վտանգից, հաշտությունից և դրա անհրաժեշտությունից։

Մենաշնորհների տրամաբանությունը Հայաստանում վերջին տասնամյակներին գործում էր ամենուր․ տնտեսությունում, մշակույթում, կրթությունում, ԶԼՄ-ներում և արտաքին քաղաքականություն ձևավորելու, ձևակերպելու գործընթացում՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Հասել էինք նրան, որ հակամարտությունից տուժած և տուժող հարյուր հազարավոր մարդկանց խնդիրը պետք է լուծեին իրենց երկրներում ամենահարուստ ընտանիքների՝ կլանների ղեկավարները, ովքեր նույնիսկ ֆորմալ առումով պատվիրակված չեն որևէ զգալի զանգվածի կողմից և չեն ներկայացնում հաշտեցման շահառուներին։ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, օրինակ, ոչ մի անգամ չեն հաղթել ընտրություններում։

Պատերազմի վտանգը շահարկելով իշխանության և հարստության հասած մարդիկ պետք է լուծեն՝ կյանքեր, տներ, հարազատ միջավայրեր, լեզու և ձայն կորցրած մարդկանց խնդիրները։ Սա է իրականությունը՝ առանց չափազանցության։

Ի՞նչ անել։ Կոտրել մենաշնորհը

– Մեկ-մեկ չանել ու լռել՝ և լսելի կդառնան շատ ցածր, բայց դեռ հնչող ձայները մարդկանց, ում համար անլուծելի չէ «դարերից եկած հակամարտությունը»։

– Հասկանալ, որ Ադրբեջանի իշխանությունները և իրենց սպասարկող մեդիան ստում է ադրբեջանցիների մասին։ Գտնել տեղեկատվության և մոտեցումների այլընտրանքային աղբյուրները և հետևողական ու քննադատաբար հետևել։

– Ֆիքսել, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած հայերի և ադրբեջանցիների «գենետիկորեն անհամատեղելիությունը» ռասիզմ է, իսկ վերջինիս արտգործնախարար Վարդան Օսկանյանի «մենք դեռ 50-100 տարի էլ կարանք ապրել շրջափակման մեջ» կոնցեպտը խոսում է բացառապես նեղ շրջանակի՝ էլիտայի՝ քրեա-օլիգարխիայի և այս պայմաններում այլ հարստացողների շահերից։

– Դադարեցնել հակաադրբեջանական ատելության քարոզի աջակցությունը ուսումնական հաստատություններում, ԶԼՄ-ներում։

– Չնույնացնել ռազմական, տնտեսական, քաղաքական ղեկավարությանը և ժողովրդին։

– Կարեկցել պատերազմից տուժածներին անկախ իրենց ազգությունից։

– Ապակենտրոնացնել բանակցային գործընթացը, չսահմանափակվել երկրների ղեկավարներով և հաստիքային «խաղաղասերներով»։

– Չտարանջատել հաշտեցումը սոցիալ-տնտեսական խնդիրներից, առօրյայից, անկախությունից, ինքնորոշումից, ժողովրդավարությունից։ Ակնհայտ է, որ այս ամենը փոխկապակցված է։

– Հասկանալ, որ փոքր տարածաշրջանի մեծ միավորները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը չեն կարող դեմոկրատանալ իրարից անջատ։ Այս երկրները չեն կարող իրար ոչնչացնել (հաղթել) պատերազմով, համադրելի են ցուցանիշներով և կարող են շփվել հավասարը հավասարի պես։ Ինչը, ցավոք, բարդ է պատկերացնել Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ շատ խոշոր են, ռազմականացված և կայսերական կարոտով հիվանդ։

– Գիտակցենք մեզ իբրև տարածաշրջան ոչ միայն «դրսից» բերված նախագծերի շրջանակներում, ոչ միայն «Զակավկազյե» կամ «Հարավային Կովկաս» կոնցեպտներում, այլ այստեղ ապրող մարդկանց պետքի և անվտանգության համար։

– Ճանաչենք Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Ռուսաստանի հարավը, Թուքիայի արևելքը, Իրանի հյուսիսը և այդտեղ ապրող ժողովրդներին, որոնք շատ են ու բազմազան և որոնց պահանջներն ու իղձերը, պայքարն ու ազատությունը հնարավոր չէ տեղավորել, սահմանափակել ազգային պետության կամ տիտղոսային էթնոսի գաղափարներով։

– Իմանալ, որ Աղդամից, Ջեբրաիլից, Լաչինից վտարված ադրբեջանցին չի տեսել և չի մասնակցել Սումգայիթում, Բաքվում և այլուր հայերի ջարդերին։ Պետք չէ արդարացնել խաղաղ ադրբեջանցիների հանդեպ բռնությունը Ադրբեջանում՝ հայերի նկատմամբ բռնությամբ։ Նայենք, լսենք ու տեսնենք, թե ինչ վիճակում են հայտնվել փախստականները 30 տարվա ընթացքում և ինչու է այդպես։

– Չխոսել Հայաստանից՝ իրենց տներից, հարազատ բնակավայրերից վտարված ադրբեջանցիների և իրենց խնդիրների մասին՝ Ադրբեջանից վտարված հայերի համար մուռ հանելու կամ «պատմական արդարության» կոնտեքստում։

Ատելության քարոզը, խնդրի լուծման «անհնարինությունը» չեն բարձրացնում հավաքական իմունիտետը, մարտունակությունը, բայց օտարացնում են մարդկանց իրենց վերաբերող խնդիրների լուծումներին մասնակցելուց։ Իմանալ և չատել չի նշանակում թուլանալ և պարտվել։

Այս տրամաբանությունը տեղավորվում է նույնիսկ քաղհասարակության, իրավապաշտպանական, առաջադիմա-քրիստոնեական, հումանիստական և այլ պոպուլիստական տրամաբանությունների մեջ։ Այսինքն հասկանալի է, մատչելի, արդիական և օրհասական զանգվածների համար։

Յուրի Մանվելյան

Tekali Taxi