Գլխավոր / ԼԳԲՏ+ / Ես կռվող եմ, թե ես խաղաղասեր եմ

Ես կռվող եմ, թե ես խաղաղասեր եմ

Կուզեի, որ նոր Հայաստանում «հպարտ քաղաքացի» շեշտադրումը բացատրվեր, բացատրվեր մասնավորապես ինչ է «հպարտը» և ինչ է «քաղաքացին»․․․ Որովհետև, եթե դու հանրահավաքի եկած միլիոն մարդու, «հպարտ քաղաքացի» ասելով, բացատրություն չես տալիս, կարող ես ունենալ «հպարտ» մարդկանց, ովքեր իրենց պատկերացրած «հպարտությունն» են տեղավորում հասարակական տարածքում․․․ Դա կարող է առհասարակ կապ չունենալ «քաղաքացու» հետ։ Այս մասին «Բալկոնում» շարքի շրջանակներում տված հարցազրույցում խսել է երաժիշտ Կարեն Հակոբյանը։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված։ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ hetq.am կայքում։

— Երբ եկար Միացյալ նահանգներից, հիմնական իրադարձություններն արդեն ավարտվել էին։ Առնչությունները, հարաբերություններն ու զրույցները, որոնք սկսեցին ծավալվել տեղի ունեցածի շուրջ, ի՞նչ բնույթի էին, ի՞նչն էր քեզ ամենից շատ հետաքրքրում։

— Ինձ թվում է՝ շատ բարդ պահի հետ եկա․ վերադարձել էի այն մտքով, որ բոլորի դեմքին տեսնելու եմ ուրախություն ու բերկրանք, իսկ ինձ մնալու է հարցնել՝ «բա էդ ոնց էղավ», ու, այդ հարցի պատասխաններին զուգահեռ, ինքս էլ մաս էի դառնալու․․․ Ցավոք, այդ բերկրանքն ու ուրախությունը չտեսա․ գուցե դա եղել էր իմ վերադարձից մեկ-երկու շաբաթ առաջ։ Հիմա վտանգի զգացում ունեմ․ արդյոք կարողանալու՞ ենք պահել այն, ինչ ունեցանք։

— Սա՞ է հիմնական անհանգստությունդ։

— Մյուս անհանգստությունս այլ է․ այն ինձ արդեն մարմնապես է կաշկանդում։ Ես ուզում եմ շատ պարզ լինեմ ու ասեմ, որ, որպես ստեղծագործող, բացառում եմ տեղի ունեցող ցանկացած բռնություն և կաշկանդվում եմ այն պահին, երբ հասարակությունը փորձում է արդարացնել այդ բռնությունը։

Միջանկյալ պիտի ասեմ նաև, որ երկար տարիներ համերգ տալուց առաջ անպայման հարցազրույց եմ տվել, որտեղ սուր անկյուններով նշել եմ այն ամենը, ինչին դեմ եմ․․․ Դրանից հետո նոր բեմ եմ դուրս եկել։

Ինձ համար կարևոր է հետևյալը՝ այն մարդը, ում արած գործողությանը ինքս դեմ եմ, իմ հանդիսատեսը պիտի չլինի, և այդ մարդը նախապես պիտի իմանա իմ դիրքորոշումը։ Երբեք չեմ ցանկացել, որ իմ հանդիսատեսի մեջ լինի քաղաքացի ծեծող ոստիկան, զինվորին ծեծող գեներալ կամ իր ընտանիքի անդամ, երբևէ իմ հանդիսատեսի մեջ չեմ ցանկացել տեսնել ազգայնականի, ով ունի իր պատկերացրած «հայի տեսակը» և «հայրենասիրությունը» և, որի համար կարող է «բերան ջարդել»։

Սա շատ եմ կարևորել միշտ, և, որպես երգիչ անգամ, պիտի դեռ այն ժամանակից պարզ լիներ իմ հասարակական, քաղաքացիական արժեքներն ու դիրքորոշումը։ Հույս եմ ունեցել, որ գալու է պահը, երբ հասարակությունն իմ փոխարեն լուծելու է այս հարցը, ու ես այլևս կարիքը չեմ ունենալու խոսել սրա մասին, հետո նոր բեմ բարձրանալ։

— Այս պահին նույն վտա՞նգն ես զգում։

— Հասարակությունն էլի չի կարողանում այդ դերը խաղալ․ ինձ համար տխուր հանգամանք է։

Կուզեի, որ նոր Հայաստանում «հպարտ քաղաքացի» շեշտադրումը բացատրվեր, բացատրվեր մասնավորապես ինչ է «հպարտը» և ինչ է «քաղաքացին»․․․ Որովհետև, եթե դու հանրահավաքի եկած միլիոն մարդու, «հպարտ քաղաքացի» ասելով, բացատրություն չես տալիս, կարող ես ունենալ «հպարտ» մարդկանց, ովքեր իրենց պատկերացրած «հպարտությունն» են տեղավորում հասարակական տարածքում․․․ Դա կարող է առհասարակ կապ չունենալ «քաղաքացու» հետ։

Եվ ավելին՝ «հպարտը» հնարավոր է՝ ավելի կարևորվի, և այդ ազատագրված «հպարտ» մարդը թույլ տա իրեն շատ բաներ, որովհետև չհասկացավ՝ ինչ է «քաղաքացին»։ Ուրեմն արդեն վտանգ կա։

— Համակարգ և «հպարտ», համակարգ և «քաղաքացի», համակարգ և «հպարտ մարդ», «հպարտ քաղաքացի»․ բախումներ չկա՞ն։

— Բախում անպայման կա, բայց համակարգի՝ նախ որպես արժեքի բախումն է արդեն։

Հետսովետական Հայաստանն ունի 25 տարվա պատմություն․ սա քիչ չի, որպեսզի ձևակերպենք՝ նաև ինչն ենք հեղափոխում, հատկապես եթե օգտագործում ենք «հեղափոխություն» տերմինը։ Կոռուպցիայի դեմ պայքարը, ընտրություններ չկեղծելը դեռ հեղափոխություն չի․ սրանք սահմանադրական իրացումներ են։

Եթե դու գալիս ես վերը նշված այդ բառերով և առաջնորդում ես մարդկանց դեպի փոփոխություն, ուրեմն կարևոր է բացատրությունն ու բառերը բացելը։ Եվ, այո, կա համակարգերի բախում, բայց համակարգի՝ որպես արժեքների տեքստի։

Ստացվում է՝ հնի ու նորի բախումն է, և, ըստ էության, նոր ենք սկսում քննարկել՝ ինչ է նշանակում հանրապետություն։ Հեղափոխական պրոցեսները նոր են սկսվում․․․ Հիմա պիտի կարողանանք տեղավորել և պատերազմական երկրի համար «ամուր զինվոր» հասկացությունը, և պատերազմող երկրի համար «քաղաքացի», «հանրապետություն» հասկացությունները։

— Խաղաղությունը․․․

— Կարևոր է դառնում խաղաղության տեսությունը, ամենից կարևորը․ եթե մենք ստեղծում ենք հանրապետություն պատերազմ անվան տակ, սա լրիվ ուրիշ արժեքների շուրջ է, և ուրիշ համակարգ է պահանջում։ Ես չեմ կարող այդտեղ ստեղծագործել․․․

Շատ դժվար է ստեղծագործել մի տարածքում, որի նպատակը պատերազմն է, և լրիվ ուրիշ է ստեղծագործելը այն տարածքում, որի նպատակը խաղաղությունն է։ Երբ այս հարցադրումները պարզաբանված չեն, դու՝ որպես ստեղծագործող հանկարծ հայտնվում ես բարդ մի իրավիճակում, որովհետև տնից դուրս գալիս չգիտես, չես հասկանում՝ դու դուրս եկար պատերազմելու, թե դուրս եկար խաղաղություն հաստատելու։

Հարց է առաջանում․ դու քո մարմնով ի՞նչ ես, կարգախոսդ ո՞րն է, ճակատիդ ի՞նչ է գրված՝ «ես կռվող եմ», թե՞ «ես խաղաղասեր» եմ։

— Հիմա դու տեղի զգացողություն ունե՞ս Հայաստանում։

— Ինձ համար տեղ նշանակում է տուն, բայց երբ ինձ հարցնում են՝ որտեղ է քո տունը, բարդ դրության մեջ եմ հայտնվում։

Որտե՞ղ է իմ տունը․ այնտեղ, որտեղ իմ իրե՞րն են… Իմ իրերը տարբեր երկրներում և տարբեր տեղերում են։ Ուրեմն որտե՞ղ է իմ տունը։ Երևի այն տարածքն է, որտեղ ստեղծագործում եմ, ավելի կոնկրետ՝ որտեղ իմ դաշնամուրն է, որովհետև ստեղծագործել կարողանալու առաջին իմպուլսս դաշնամուրին մոտենալն ու նվագելն է։

Այդպես տունն իհարկե Հայաստանում է։ Կարող եմ այսպես ձևակերպել․ ինչ վերադարձել եմ, ուզում եմ մոտենալ դաշնամուրին և ստեղծագործել, բայց մինչև կհասնեմ դաշնամուրին, այդ իմպուլսս արդեն կաշկանդված է, մարմինս արդեն ցավ ունի, որն ուղիղ կապված է կոնկրետ մտահոգիչ դեպքերի հետ։

— Ավելի կոնկրետ․ դեպքերից մեկն ասա։

— Մասնավորապես Շուռնուխի կազմակերպված բռնությունները 9 երիտասարդների նկատմամբ ․․․

Գիտե՞ս՝ տարօրինակը որն է․ այսքան տարիների ընթացքում ես չեմ տեսել, որ գյուղն այսպիսին է, որ ոտքի կանգնի, մարդ ծեծի և կիլոմետրերով հետապնդի, չթողնի մեքենա նստեն ու փախչեն․․ Այդպիսի բան գյուղին բնորոշ չի։

Հայաստանյան գյուղն իր մեջ ամեն ինչ տեղավորող տարածք է․ գյուղը շատ հարցերում շատ ավելի «խոհեմ» է, քան քաղաքային միջավայրն ու հասարակությունը։ Գյուղացին ունի իր պատկերացումն ու հարաբերությունը ջրի, հողի, հարևանի հետ, ունի այլ տրամաբանություն և այլ մտքեր հայրենասիրության հետ կապված․․․ Ես միշտ եմ զարմացել, թե գյուղն ինչպես է տարիներ շարունակ «տեղավորում» և «բոզին», և «ղզողլանին», և մյուսին։ Այնպիսի պատմություններ ես լսում գյուղի մասին, որ զարմանում ես, թե ոնց են մեկտեղվում, ոնց են ապրում հաշտ, առանց բռնության․․․

Շուռնուխի պատմության դեպքում, հաշվի առնելով քիչ առաջ ասածս, հասարակությունը պիտի հարց տա՝ «էս ո՞վ սարքեց էս ամենը, և ո՞րն է նպատակը»։ Երբ այս հարցերը չեն բարձրաձայնում և քննարկում են միայն հետևանքները, առաջ են գալիս հարձակման նոր կոչեր․․․ Արդեն ասացի, որ նման դեպքում արվեստագետի դերը շատ է դժվարանում։

— Ինչու՞․․․

— Ցանկացած պահի և ցանկացած տեղ, որտեղ բռնության դեմ կոչ ես անում, հայտնվում ես այս կամ այն դաշտում։ Այս դերը հասարակական է, բռնությանը «ոչ» ասողները շատ պիտի լինեն, իսկ նրանք, ովքեր հասարակական կարծիք են ձևավորում, պիտի չվախենան և պարտադիր խոսեն դրա մասին։

Եթե բռնություն կա, ու ես գրող եմ, հրապարակախոս, վերլուծաբան, գիտնական, չեմ կարող չանդրադառնալ սրան։ Իսկ, եթե չանդրադարձա, ուրեմն ակամայից ընդունեցի, որ իմ ժամանակներում հնարավոր է՝ ինչ-որ մեկը ճնշվեց, բռնության ենթարկվեց։

— Չեզոք լինելը բացառու՞մ ես։

— Չեզոք կարող է լինել իշխանությունը, չեզոք պիտի լինի լրագրողը, որը ներկայացնում է բոլոր կողմերին, ճշտում մանրամասներ, բայց հասարակությունը պիտի ունենա մարդկանց, ինստիտուտներ, որոնք արձագանքում են և կանգնեցնում բռնության շարունակականությունը։

Կոնկրետ Շուռնուխի դեպքերը ատելության շարունակության տրամաբանությամբ են առաջ գնում, իրավիճակը բարդացել է։ Ունենք հասարակության թիրախավորված անդամներ՝ նույն «Հայաստանի հպարտ քաղաքացիներ», որոնք ճնշվում են մեկ այլ «հպարտ» գաղափարախոսությունից։

Մեծ հաշվով՝ ինձ համար կարևոր հարց հետևյալն է․ մենք ցե՞ղ ենք և դեռ ցեղակրոնության գաղափարներո՞վ ենք հանրապետություն կառուցելու (ինչը կարծես թե նախկին իշխանական կուսակցության պաշտոնապես ամրագրած գաղափարախոսություն էր), թե՞ մենք հանրապետություն ենք կառուցելու սահմանադրական արժեքների շուրջ․․․

հարցազրույցն ամբողջությամբ՝ hetq.am կայքում
զրուցեց Անուշ Քոչարյանը