Պատերազմը և կոռուպցիան փոխկապակցված են, և պատահական չէ, որ կոռումպացված երկրների առաջին տասնյակում պատերազմող երկրներ են, քանի որ գեներալները, օրինակ, օգտվում են պատերազմից։ Այս մասին այսօր ղարաբաղյան հակամարտության հարցի փուլային կարգավորման մասին Լևոն Տեր֊Պետրոսյանի ելույթի շուրջ «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ պատասխանելով քաղաքագետ Արմեն Գրիգորյանի այն դիտարկմանը, թե Հայաստանում տնտեսական մրցակություն ապահովելու հետ Լեռնային Ղարաբաղի հարցը կապ չունի, մենաշնորհները պետք է վերացնել։ Գրիգորյանը բերել է հայտնի օրինակը, որ «Վիվասել֊ՄՏՍ»֊ի շուկա մուտք գործելուց հետո «Արմենտել» ընկերության մենաշնորհը հեռահաղորդակցման ոլորտում վերացավ և գները մի քանի անգամ էժանացան։ Քաղաքագետն արտագաղթն էլ պայմանավորել է տնտեսական պատճառներով։
Մանուկյանը, այնուամենայնիվ, չի տարանջատել տնտեսական և քաղաքական գործոնը։
«Պատերազմը ենթադրում է տնտեսություն։ Տարբեր տնտեսագետների հաշվարկներով՝ բլոկադայի պատճառով ներմուծվող ապրանքները թանկանում են 30 տոկոսով, քանի որ չունենք երկաթուղի։ 15-20 անգամ զարգացման տեմպերով հետ ենք ընկել։ Մեկը պետք է ասի սա, թե ոչ։ Երեկ ևս երեք վարկային պայմանագրի քվեարակեց ԱԺ֊ն, ու Հայաստանի արտաքին պարտքը հասավ 6 միլիարդ դոլարի, ինչը ՀՆԱ֊ի 60 տոկոսն է», ֊ ասել է Արամ Մանուկյանը։
Հարցին, թե ինչպես պետք է իշխանությունները սկսեն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացը՝ Մանուկյանը պատասխանել է, որ նախ գործադիր մարմինը պետք է հայտարարի, որ կողմ է Լեռնային Ղարաբաղի հարցի փուլային լուծմանը, նրան պետք է միանա կոալիցիան, հետո մամուլը և հանրությունը պետք է պաշտպանի այդ միտքը։ Արդյունքում միջազգային հանրությունը ևս կպաշտպանի խաղաղության պատրաստակամությունը։
Մանուկյանն ընդգծել է, որ մինչ այժմ իշխանությունը ժողովրդին խաղաղության չի պատրաստել։