Գլխավոր / Բնապահպանություն / Օգոստոսի 27֊ն Ամուլսարում․ լրագրողի տեսանյութը

Օգոստոսի 27֊ն Ամուլսարում․ լրագրողի տեսանյութը

Օգոստոսի 27֊ին Ամուսլարում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեսանյութ է հրապարակել լրագրող Թեհմինե Ենոքյանը։ Նա նշում է, որ օգոստոսի 27-ի առավոտյան «Լիդիան Արմենիա» ընկերության (ցանկանում է շահագործել Ամուլսարի հանքավայրը) ղեկավարությունն ու աշխատակիցները Բնապահպանության և ընդերքի տեսչության կողմից իրենց տրված հանձնարարականի փաստաթուղթը ձեռքներին եկել և փորձել են բռնի ուժով ներխուժել Ամուլսարի տարածք, որի մուտքերն արդեն 66 օր է փակել են Ջերմուկի բնակիչներն ու ակտիվիստները։

Լրագրողն ընդգծում է՝ «Լիդիան Արմենիայի» մեքենաները գրեթե երկու ժամ և ավել փակել են Երևան-Ջերմուկ միջպետական ճանապարհը՝ անգամ միջանցք չբացելով առողջության վատթարացում ունեցող անձանց համար։

«Տեղի բնակչությունը բազմաթիվ անգամ ահազանգել է ոստիկանություն էվակուատորներ բերելու համար, սակայն որևէ էվակուատոր այդպես էլ չեկավ։ Ճանապարհը բացվեց տեղացիների ջանքերով։ Երկրորդ անգամ սադրիչ գորրծողությամբ «Լիդիանի» ղեկավար կազմը փորձ կատարեց ներխուժել տարածք, սակայն կրկին չհաջողվեց», ֊ գրում է Ենոքյանը։

Ըստ ականտեսների՝ «Լիդիանի» ներկայացուցիչները նաև գազ են բաց թողել մարդկանց վրա, որից տուժել է առնվազն մեկ ոստիկան։ Բախումից հետո «Լիդիան Արմենիայի» աջակիցները հեռացել են, իսկ Ամուլսարի պահապանները սկսել են տոնել Բնապահպանության և ընդերքի տեսչության որոշումը։