հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / «Լիդիան Արմենիա»-ի աջակիցները գազ են բաց թողել Ամուլսարի պահապանների վրա

«Լիդիան Արմենիա»-ի աջակիցները գազ են բաց թողել Ամուլսարի պահապանների վրա

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցներն այսօր գազանման նյութ են բաց թողել Ամուլսար տանող ճանապարները հսկող բնապահպանների և տեղացիների վրա։ Մոտ 5 հոգի դեմքի շրջանում ունեցել են այրվածքի զգացողություն և տեսողության ժամանակավոր կորուստ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է բնապահպան Արփինե Գալֆայանը։

««Լիդիանի» տնօրենը ուզում էր ներս մտներ, մարդիկ չթողեցին, ու այդ պահին իրենց մոտից գազ լցրեցին։ Մի քանի հոգի ունեն այրոցի ու չտեսնելու զգացողություն։ Լուրջ վնասվածքներով մարդիկ չկան», -պատմել է բնապահպանը։

Նա նշել է, որ աստիճանաբար ընկերության ներկայացուցիչները հեռանում են տարածքից։ Ամուլսարի պաշտպանները այս պահին քննարկում են Բնապահնանության և ընդերքի մարմնի կողմից րոպեներ առաջ հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի Բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել Բնապահպանության նախարարի կողմից 2016 թվականի ապրիլի 29-ին հաստատված պետական փորձաքննական եզրակացությունը։ Բացի դա, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ընկերության մոտ 50 մեքենա փորձել է գրոհել արդեն 2 ամիս Ամուլսար տանող ճանապարհները փակած բնապահպանների և տեղացիների վրա։ Լարված իրավիճակ է եղել, սակայն ընկերության ներկայացուցիչներին չի հաջողվել մուտք գործել հանքի տարածք։ Նրանք մեքենաներով որոշ ժամանակ փակ են պահել Ջերմուկ տանող մայրուղին։