Քաղաքական եւ գիտական այն եղանակները, որոնցով փորձ է արվում մոտենալ այս շրջանի պատմական անցքերին եւ գնահատել դրանք, ոչ միայն համարժեք չեն նյութի բարդությանը, այլեւ այնքան խնդրական են, որ, ինչպես համոզվեցինք, հենց իրենք են դառնում քննության առարկա։
Նախաբան
2017 թվականի օգոստոսին Երևանի քաղաքապետարանի ավագանու «Ելք» խմբակցությունն ավագանու նիստի քննարկմանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկում էր Երևանի վեց փողոց անվանափոխել ազգային գործիչների և հերոսների անուններով [1]։ Անվանափոխման ենթակա փողոցների շարքում էր Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սարգիս Կասյանի փողոցը, որը նախատեսվում էր վերանվանել կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անունով [2]։ Կասյանի փողոցն անվանափոխելու առաջարկի հիմքում, ի թիվս այլ հիմնավորումների, գլխավորապես ընկած էր Հայաստանի Ազգային արխիվում պահվող մի փաստաթուղթ` թվագրված 1920 թվականի սեպտեմբերի 20-ով, համաձայն որի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն (կազմում՝ նաև Սարգիս Կասյանը), հրահանգել էր հայ բոլշևիկ կոմունիստներին 1920 թ․ աշնանը սկիզբ առած թուրք-հայկական պատերազմում իրականացնել հակապատերազմական քարոզչություն։ Փաստաթղթի նպատակն էր արագացնել Հայաստանի Հանրապետության պարտությունը Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցը համարվող քեմալական Թուրքիային և, այդպիսով, նպաստել խորհրդային իշխանության հաստատմանը Անդրկովկասում ու Արևելքում [3]։ «Ելք» խմբակցության՝ անվանափոխման նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ փաստաթղթից մեջբերված հատվածին հետևում է հետևյալ եզրակացությունը․ «Միայն այս փաստաթուղթը բավարար էր, որպեսզի Կասյանի անունով ոչ միայն փողոց չկոչվեր, այլ նա «պատվավոր» առաջին հորիզոնականները զբաղեցներ Հայոց պետականության դեմ ծանրագույն հանցանքներ գործածների ցանկում, ով համագործակցել է Հայաստանի թշնամի ռեժիմների հետ և իրականացրել նրանց քաղաքական գիծը» [4]:
Անվանափոխության վեց նախագծերի մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ փողոցների անվանափոխության հիմնավորումները ոչ թե ելնում են մեկ ընդհանուր սկզբունքից, որի համաձայն էլ ընտրվել են փողոցները, այլ նախևառաջ, թերևս ոչ այդքան հասկանալի պատճառներով, ընտրվել են փողոցները, ապա ներկայացվել նրանց անվանափոխության հիմնավորումներն առանձին-առանձին։ Մի կողմ թողնելով այն անխուսափելի խնդիրներն ու հարցերը, որոնցով հղի է այս մուտեցումը, կենտրոնանանք Կասյանի փողոցի անվանափոխության հարցի վրա։
Կասյանը, փաստորեն, մեղադրվում է հակապետական գործունեության մեջ․ նրան սպառնում է Երևանում իր անունով փողոց ունենալու պատվից զրկվելու՝ «անվանազրկվելու» պատիժը [5]։ Վերոնշյալ արխիվային փաստաթուղթն այն փաստական հիմքն է՝ իրեղեն ապացույցը, որով գլխավորապես հիմնավորվում է Կասյանին առաջադրած մեղադրանքը։ Հետաքրքրական է, որ Կասյանի փողոցի անվանափոխման թեմայով հանրային քննարկումներում հնչեցին փաստական այս հիմքի վավերականությունը կասկածի տակ դնող մի քանի թռուցիկ ակնարկներ, որոնք, սակայն, առանձնապես մեծ հանրային արձագանքի չարժանացան [6]։ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը 2017թ․ սեպտեմբերի 2-ին մերժելով «Ելք» խմբակցության առաջարկը՝ պատճառաբանեց, որ չկան հանրային կարծիքը գնահատող ուսումնասիրություններ․ փաստաթղթի վավերականության խնդրին չեղավ որևէ անդրադարձ [7]։ Հարցը լուրջ քննարկման առարկա չդարձավ նաև գիտական շրջանակներում։ Հաշվի առնելով այս արխիվային փաստաթղթի գիտական և քաղաքական նշանակությունը, ինչպես նաև դրա իսկության շուրջ գոյություն ունեցող կասկածները՝ այս հետազոտությունը փորձ է քննելու փաստաթուղթն իր վավերականության տեսանկյունից՝ բացահայտելով դրա արխիվացման, հնարավոր կեղծարարման, հրատարակման և վիճարկման պատմությունները։
Փաստաթղթի վավերականության խնդիրը և հնարավոր կեղծարարման հանգամանքները
Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթուղթը (ֆոնդ 1022, ցուցակ 3, գործ 275, թերթ 1)
Փաստաթուղթը պահվում է Հայաստանի Ազգային արխիվի 1022 ֆոնդի 3-րդ ցուցակի 275 գործում [8]։ Ֆոնդի անունը ռուսերեն է՝ «Институт истории партии при ЦК КП(б)А (истпарт)» (ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից կուսակցության պատմության ինստիտուտ (կուսպատ))։ Ֆոնդի 3-րդ ցուցակը ևս վերնագրված է ռուսերեն՝ «Копии документальных материалов о революционном движении в Россиской империи, установлении Советской власти в Армении, собранные сотрудниками Исрпарта» (Ռուսական կայսրությունում հեղափոխական շարժման, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման մասին փաստագրական նյութերի պատճեններ՝ հավաքված կուսպատի աշխատակիցների կողմից) [9]։ Արխիվի ֆոնդային գործի պատմությունից տեղեկանում ենք, որ նախնական 15 գործից կազմված 1022 ֆոնդն արխիվ է բերվել 1972 թ․ ապրիլի 3-ին ոմն ընկ․ Պետրոսյանի կողմից։ Այդ գործերի ցանկում մեզ հետաքրքրող փաստաթուղթը ներառված չի եղել։ Փաստաթղթի մասին որևէ նշում չկա նաև հետագայում ֆոնդում ավելացված գործերի մասին նշումներում։ Փաստաթղթի մասին առաջին գրավոր արխիվային հիշատակությունը տեղ է գտել ֆոնդի 3-րդ ցուցակում, որտեղ այն նշված է 275 գործի տակ։ Ֆոնդի ցուցակի վերջին էջից տեղեկանում ենք, որ ցուցակի կազմման աշխատանքներն ավարտվել են 1989 թ․ նոյեմբերի 4-ին, և ցուցակի վերջում դրվել է արխիվի աշխատակից Ամատունի Վիրաբյանի ստորագրությունը [10]։
Ցուցակի վերնագրից իսկ ակնհայտ է, որ փաստաթուղթը պատճեն է։ Փաստաթղթի թերթի և տեքստի զննությունից ևս պարզ է դառնում, որ այն բնօրինակ չէ, այլ՝ մեքենագիր պատճեն [11]։ Վավերականության տեսանկյունից փաստաթղթի տեքստի հետ կապված առաջին կասկածելի հանգամանքն այն է, որ փաստաթուղթը թվագրված է 1920 թվականի սեպտեմբերի 20-ով, սակայն հայերենի ուղղագրությունն ամբողջովին համապատասխանում է այսօր ընդունված հայերենի ուղղագրության կանոններին [12]։ Ներկայիս ուղղագրության մեկնարկը սկսվում է 1922 թվականի մարտի 4-ի դեկրետով իրականացված «աբեղյանական» ուղղագրության առաջին բարեփոխումով, ինչն իր վերջնական հանգրվանին է հասնում 1940 թ․ օգոստոսի 15-ին, երբ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը հաստատում է հայերենի ուղղագրության մեջ մասնակի փոփոխություններ մտցնելու վերաբերյալ լուսժողկոմի առաջարկը [13]։ Տեքստի ուղղագրությունը, ուստի, հուշում է, որ այն մեքենագրվել է 1940 թ․ օգոստոսի 15-ից հետո։ Ենթադրությունը, թե փաստաթղթի տեքստը կարող էր մեքենագրվել 20-ականների բնագրից 1940 թ․ հետո հաստատված նոր ուղղագրությամբ, քիչ հավանական է թվում, քանի որ նման արտատպության մասին վկայող որևէ նշում, ստորագրություն կամ կնիք չկա ո՛չ փաստաթղթի թերթի վրա, ո՛չ էլ նյութին վերաբերող մեր ձեռքի տակ եղած արխիվային որևէ այլ նյութում։
Կասկածի տեղիք է տալիս նաև փաստաթղթի տեքստի տակ հիշատակված կուսակցական մարմնի հետևյալ կազմը՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամներ Սարգիս Կասյան, Ասքանազ Մռավյան, Ավիս Նուրիջանյան, Շավարշ Ամիրխանյան, Իսահակ Դովլաթյան և Աշոտ Հովհաննիսյան [14]։ Այս կազմը չի համապատասխանում Կենտկոմի իրական կազմին հիշյալ շրջանում։ Ըստ արխիվային և պատմագիտական հավաստի աղբյուրների՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմը առաջին անգամ հաստատվել է 1920 թ․ սեպտեմբերի 10-ին ՌԿ(բ)Կ Կետնկոմի Կովկասյան բյուրոյի նիստին հետևյալ կազմով՝ Ի․ Դովլաթյան, Ա․ Նուրիջանյան, Հ․ Կոստանյան, Ա․ Խանջյան, Ս․ Տեր-Գաբրիելյան, նիստին հաստատվել են նաև հետևյալ թեկնածուները՝ Շ․ Ամիրխանյան ու Վ․ Շահգելդյան [15]։ 1920 թ․ հոկտեմբերի 1-ին ՌԿ(բ)Կ Կետնկոմի կազմբյուրոն հաստատել է Կենտկոմի Կովկասյան բյուրոյի առաջարկած կազմը բացառությամբ Տեր-Գաբրիելյանի [16]։ Կասյանի, Բեկզադյանի և Տեր-Գաբրիելյանի թեկնածությունը ավելացվել է 1920 թ․ նոյեմբերի 11-ին [17], և Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն վերջնականապես հաստատվել է հետևյալ կազմով՝ Նուրիջանյան, Կոստանյան [18], Դովլաթով, Տեր-Գաբրիելյան, Բեկզադյան, Կասյան, Աղասի: Փաստորեն, ո՛չ սեպտեմբերի 10-ին, ո՛չ հոկտեմբերի 1-ին, ոչ էլ նոյեմբերի 11-ին հաստատված կոմիտեի կազմը չի համապատասխանում փաստաթղթում նշված կազմին։ Ավելին, Կասյանի թեկնածությունը Կենտրոնական կոմիտեի կազմում հաստատվել է ընդամենը նոյեմբերին [19]։ Հատկանշական է նաև, որ Բաքվում փաստաթղթի տակ ենթադրաբար ստորագրած Աշոտ Հովհաննիսյանը 1920 թ․ սեպտեմբերի 20-ին եղել է Հայաստանում [20], իսկ Կենտկոմի կազմում ընդգրկվել է շատ ավելի ուշ՝ 1920-ի դեկտեմբերին [21]։
Հիմք ընդունելով վերոնշյալ խնդիրներն ու անճշտությունները՝ կարելի է եզրակացնել, որ արխիվում պահվող այս պատճենը չի կարող համարվել վավեր փաստաթուղթ գիտական կամ որևէ այլ, մասնավորապես՝ քաղաքական նպատակներով գործածության համար [22]։ Դրա վավերականությունն առնվազն կասկածելի է։ Այժմ փորձենք հասկանալ, թե երբ, ինչ հանգամանքներում և ինչ նպատակով կարող էր կեղծարարվել այս փաստաթուղթը։
Ինչպես նշվեց, փաստաթղթի ուղղագրությունը հուշում է, որ այն մեքենագրվել է 1940 թվականի օգոստոսի 15-ից հետո։ Փաստաթղթի հրապարակումը հիշատակող մեր ձեռքի տակ եղած ամենավաղ աղբյուրը վկայում է, որ տեքստը տպագրվել և շրջանառվել է 1988 թ․ ինքնահրատ պարբերականներում [23]։ Հաշվի առնելով, որ փաստաթղթի տեքստը առնչվում է Կարսի խնդրին [24] հայերի համար այնպիսի մի ցավոտ ու կնճռոտ շրջանում, ինչպիսին 1920-ի թուրք-հայկական պատերազմն է, հավանական է, որ նման փաստաթղթի կեղծարարումը կարող էր հետապնդել որոշակի քաղաքական նպատակ։ Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա պատաահական չէր կարող լինել այն անձանց կազմը, որոնց անունները հայտնվել են տեքստի տակ։ Ուրեմն հարց է առաջանում, թե այս գործիչների թիրախավորումը 1940-1988 թթ․ ընթացքում ի՞նչ քաղաքական նպատակներ կարող էր հետապնդել և ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել։
Թերևս այս հարցի մասին մտածելու առաջին հնարավոր ուղղությունը կարող է լինել ստալինյան բռնաճնշումների տարիներին նշված գործիչների դատապարտման գործերը «փաստական վկայություններով» ապահովելու քաղաքական խնդիրը։ Փաստաթղթի վեց հեղինակից չորսը՝ Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը և Իսահակ Դովլաթյանը, 1940-ին այլևս կենդանի չէին։ Շավարշ Ամիրխանյանը, որքանով մեզ հաջողվեց պարզել, չի ենթարկվել ստալինյան բռնաճնշումներին։ Վեց ստորագրյալներից մեկի՝ Աշոտ Հովհաննիսյանի դատական գործը մեկնարկել է 1937 թվականին, վերջնական դատավճիռը կայացվել է 1941 թվականի հունիսի 9-ին [25]։ Ուրեմն փաստաթուղթը կարող էր կեղծարարվել որպես «իրեղեն ապացույց» Հովհաննիսյանի դատական գործին կցվելու նպատակով։ Քանի որ մեր ուսումնասիրությունը չհայտնաբերեց փաստաթուղթը կամ դրանից որևէ մեջբերում Հովհաննիսյանի դատապարտման գործի կազմում, փաստաթղթի կեղծարարումն այս շրջանում և այս նպատակով համարում ենք քիչ հավանական։ Հովհաննիսյանի դատապարտման արխիվային գործի ուսումնասիրությունը քիչ հավանական է դարձնում փաստաթղթի կեղծարարման հնարավորությունը ստալինյան բռնաճնշումների շրջանում մեկ այլ պատճառով ևս։ Հովհաննիսյանը մեղադրվում էր ազգայնական քաղաքականություն վարելու մեջ՝ «սպեցիֆիզմի» [26] և «Հայաստանը ԽՍՀՄ-ից պոկելու» ու «դաշնակցական բուրժուական պետություն ստեղծելու» ուղղությամբ վարած գործունեության համար [27]։ Հարցաքննության ժամանակ նրան տրված հարցերից մեկի պատասխանից ակնհայտ է, որ Հովհաննիսյանին, որպես «սպեցիֆիկի», մեղադրում էին Հայաստանի տարածքային սահմաններն ընդարձակելու մտադրություն ունենալու մեջ, մասնավորապես՝ Կարսի հարցում [28]։ Կարսում պայքարող հայկական բանակի կազմալուծման նպատակ հետապնդող փաստաթուղթն այս առումով ոչ միայն չէր կարող օգտագործվել Հովհաննիսյանին վերոնշյալ մեղադրանքն առաջադրելու համար, այլև՝ ճիշտ հակառակը, կարող էր պաշտպանել նրան այդ մեղադրանքից։ Ուրեմն փաստաթղթի հնարավոր կեղծարարումը ստալինյան շրջանում թվում է քիչ հավանական։
Ստալինիզմին հաջորդած տարիներին Կարսի ճակատագրի հարցում նշյալ գործիչների ուղղակի մասնակցությունը երևան հանող փաստաթուղթը թերևս որոշակի իմաստ և քաղաքական առաքելություն կարող էր ունենալ հակախորհրդային դիմադրության և ազգային տրամադրությունների ձևավորման համատեքստում։ Փաստաթղթի կեղծարարման ավելի հավանական թվացող շրջանը, ուրեմն, կարող էր լինել հատկապես 1965-ին ցեղասպանության 50-ամյակին սկիզբ առած և 1980-ականների կեսից նոր թափ ստացած ազգային զարթոնքը, երբ խորհրդային կարգերի հաստատման մեջ իրենց գործուն մասնակցությունը բերած խոհրդահայ հեղափոխական գործիչների հակազգային քաղաքականությունների մերկացումը հակախորհրդային դիմադրության մի կարևոր եղանակ էր [29]։
Փաստաթղթի հրապարակման հետքերով
Մեր ձեռքի տակ եղած տպագիր աղբյուրներում փաստաթղթի հրապարակման մասին վկայող ամենավաղ հիշատակությունը վերաբերում է 1988 թվականին։ Այդ աղբյուրը 1989 թվականի Տիգրան Պասկևիչյանի հարցազրույցն է Կենտկոմի Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ Համբարձում Կարապետյանի հետ [30]։ Պասկևիչյանի հարցազրույցին նախորդում է Գեղամ Գրիգորյանի նախաբանը։ Այստեղ հեղինակը նշում է, որ 1988 թ․ ինքնահրատ պարբերականներում հրատարակվել է մի փաստաթուղթ, որի իսկությունը կասկածի տակ է։ Պասկևիչյանի հարցազրույցը Կարապետյանի հետ, փաստորեն, նպատակ ունի լույս սփռել ինքնահրատ պարբերականներում հրատարակված այս փաստաթղթի կասկածելի իսկության, դրա թեզերի և առհասարակ 1920-ի թուրք-հայկական պատերազմում բոլշևիկյան քաղաքականությունների վրա։ Պասկևիչյանի առաջին հարցին, թե արդյոք նման փաստաթուղթ գոյություն ունի, Կարապետյանը տալիս է դրական պատասխան առանց որևէ փաստական հիմնավորման։ Կարապետյանը, հավանաբար, նկատի է ունեցել արխիվում պահվող և մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթի պատճենը, իսկ եթե, այնուամենայնիվ, նկատի է ունեցել1920 թ․ բնօրինակը, ապա դրա գոյությունը հաստատող որևէ փաստական հիմք չի ներկայացրել [31]։ Այս հարցազրույցը փաստաթղթի վավերականությունը գնահատելու տեսակետից ընթերցելիս կարևոր է հաշվի առնել, որ այն փաստաթղթի իսկությունը գնահատող հետազոտություն չէ, այլ հարցազրույց, որտեղ իսկության մասին հնչող դատողություննեը հիմնված են հեղինակի՝ ընթացիկ գնահատականների վրա։
Հիմք ընդունելով Գրիգորյանի վկայությունն այն մասին, որ փաստաթուղթը լույս է ընծայվել 1988 թ․ ինքնահրատ պարբերականներում, փորձեցինք գտնել այդ հրապարակումները։ Ուսումնասիրեցինք Հայաստանի Ազգային գրադարանում պահվող Մաշտոց, Հայրենիք, Զանգակատուն և Հայ դատ ինքնահրատ պարբերականների 1988 և 1989 թթ․ համարները, ինչպես նաև Հայաստանի Ազգային արխիվում պահվող Ղարաբաղյան շարժման 1159 ֆոնդն ամբողջությամբ։ Այս որոնումը, ցավոք, որևէ էական արդյունք չտվեց [32]։
Հաջորդ աղբյուրը, որտեղ ամբողջությամբ լույս է տեսել փաստաթղթի տեքստն ու ներկայացվել դրա իսկությունը կասկածի տակ առնող արխիվային փաստական տվյալներ, Голос Армении թերթի 1991 թ․ փետրվարի 9-ի թիվ 28-ում լույս տեսած «История и так искажена» հոդվածն է։ Նյութի հեղինակը Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Հասարակական-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Ռեմ Ղազանջյանն է [33]։ Հոդվածի առաջին մասում տեղ է գտել փաստաթղթի ամբողջական տեքստն ու դրա իսկությունը գնահատող փոքրիկ հետազոտական աշխատանք, որի հիման վրա Ղազանջյանը եզրակացնում է, որ խնդրո առարկա պատճենը կեղծ փաստաթուղթ է, բառացի՝ «фальшивка»։ Հեղինակը փաստաթղթի մասին խոսելիս օգտագործում է շրջաբերական բառը՝ «Циркуляр», ինչը ըստ պատշաճի արտացոլում է փաստաթղթի նշանակությունը։
Շրջաբերականի իսկության դեմ խոսող փաստական տվյալներ ներկայացնելուց զատ, Ղազանջյանն իր հոդվածում սուր քննադատության է արժանացնում փաստաթղթի գոյությունը հաստատող Կարապետյանի վերը ներկայացված գնահատականը՝ նշելով, որ այն զուրկ է որևէ փաստական հիմքից։ Ի տարբերություն Կարապետյանի չփաստարկված գնահատականի, Ղազանջյանի հոդվածում փաստաթղթի վավերականությունը գնահատող պնդումներն ու եզրակացությունները խարսխված են արխիվային և պատմական նյութերի վրա։ Այս առումով, թերթում հրապարակված լինելու հանգամանքն ամենևին չի ստվերում հոդվածի գիտական արժեքը։ Հավանաբար սա է պատճառը, որ պատասխան արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տալիս։
Նորանկախ Հայաստանի պաշտոնաթերթ Հայաստանի Հանրապետությունում 1991 թ․ մարտի 19-ին՝ Ղազանջյանի հոդվածից մոտ մեկ ամիս անց, լույս է տեսնում մի հրապարակում, որտեղ տպագրվում է Տիգրան Ֆարմանյանի հարզացրույցը պատմաբան Հրաչիկ Սիմոնյանի հետ «հայ ժողովրդի, Հայաստանի պատմական ճակատագիրը, ներկան և ապագան» թեմայով։ Զրույցին կից տպվում է նաև փաստաթղթի ամբողջական տեքստը։ Սիմոնյանը, խոսելով Ղազանջյանի հոդվածի մասին, նշում է, որ փաստաթուղթն ունի «որոշակի թույլ կողմեր, որոնք կասկածի տեղիք են տալիս․ իսկապե՞ս դա Հայաստանի բոլշևիկ ղեկավարների ձեռքի գործն է»։ Սակայն, նա ավելացնում է, որ նման հարցադրումը սկզբունքային նշանակություն չունի, քանի որ եթե անգամ կոնկրետ փաստաթուղթը կեղծված է, անհնար է ժխտել հայ բոլշևիկների «մեղքը» 1920 թ․ թուրք-հայկական պատերազմի նախօրեին և ընթացքում։ Սիմոնյանն ընդհանուր առմամբ կարծում է, որ փաստաթուղթը «նման էր և սազական» թուրք-հայկական պատերազմում հայ բոլշևիկների վարած քաղաքականությանը։ Սակայն նա առարկայականորեն չի քննարկում Ղազանջյանի փաստարկները, այլ կեղծարարման հարցը, ըստ էության, դիտարկում է որպես անէական հարց։
Փաստաթղթի տեքստը Հայաստանի Հանրապետություն թերթում վերատպվում է 1996 թ․ մարտի 7-ի թիվ 44 համարում «Կոմունիստական սրիկայություն․ ամոթալի փաստաթուղթ» վերնագրով։ Հրապարակման վերնագրից իսկ պարզ է, որ այն հետապնդում է քաղաքական նպատակ և զուրկ է փաստաթղթի իսկությունը գնահատող որևէ գիտական հավակնությունից [34]։ Բուն տեքստին նախորդում է իրավաբան Գ․ Նազարյանի նախաբանը, որում բոլշևիկ գործիչների կողմից արձակված այս «հույժ գաղտնի» կոչը բնութագրվում է «իրենց սև գործի իմաստն ու հետևանքները գիտակցող» «Բաքվում ապաստանած ջոջերի» «խիստ նողկալի» «դավաճանություն»։ Այս հրապարակման մեջ փաստաթուղթը տրված է որպես հավաստի վավերագիր, իսկ վերջինիս իսկության վերաբերյալ պատմաբանների մասնագիտական մտահոգություններն ամբողջովին լռության են մատնված։ Դրա պատճառը թերևս այն է, որ հրապարակումն արված է հրապարակախոսական (ոչ գիտական) ձևաչափով և մեկի կողմից, ով պատմաբան չէ։ Բոլշևիկ գործիչների դավաճանություններն աներկբայորեն մերկացնող այսպիսի մի վավերագիր տպելու Նազարյանի քաղաքական գայթակղությունն այսպիսով կաշկանդված չէ պատմագիտության մասնագիտական մեթոդներով ու չափանիշներով։
Փաստաթղթի տեքստի հաջորդ հրապարակումը տեղ է գտնում պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանի Հայաստանի բաժանումը 1920 թվականին գրքում [35]։ Այստեղ փաստաթղթի տեքստի սկզբնաղբյուր է նշվում Հայաստանի Հանրապետություն թերթի 1991 թ․ մարտի 19-ի հրապարակումը։ Այսպիսով 90-ականների մամուլի էջերում հայտնված և հավաստիության տեսակետից վիճարկված այս փաստաթուղթը Խուրշուդյանի թեթև ձեռքով հանրամատչելի լրատվական-տեղեկատվական ձևաչափից անցնում է գիտական ձևաչափ։ Այս գրքում այն տպվում է ամբողջական տեքստով՝ վկայակոչվելով որպես բոլշևիկների դավաճանական գործողությունները բացահայտող վավեր ապացույց։ Խուրշուդյանը մի կարճ պարբերությամբ նշում է, որ «վերջին շրջանում որոշ կոմունիստ պատմաբաններ» փորձել են կասկածի տակ առնել փաստաթղթի վավերականությունը [36]։ Այդուհանդերձ, նա առարկայականորեն չի անդրադառնում վավերականությունը վիճարկող փաստարկներին։ Փոխարենը փաստաթղթի իսկությունը հիմնավորում է նմանատիպ բովանադակություններ ունեցող այլ փաստաթղթերի գոյությամբ [37]։ Փաստորեն կասկածելի պատմական փաստաթղթի վավերականությունը հիմնավորվում է հենց փաստաթղթի թեզերի հավանական վավերականությամբ։ Փաստաթղթի բովանդակությունը, տարօրինակորեն, դառնում է նույն այդ պատճենի վավերական իսկությունը հաստատող և լեգիտիմացնող հիմք։
Ավելի քան տաս տարի անց փաստաթուղթը դարձյալ հրապարակ է ելնում արդեն գլխավորապես էլեկտրոնային մամուլի պայմաններում։ lragir.am առցանց լրատվական հարթակում հրապարակվում է Վլադիմիր Հարությունյանի 2013 թ․ օգոստոսի 6-ի հոդվածը «Կասկածելի թռուցիկը, հայ բոլշեւիկները, Ռուսաստանն ու հայկական պետությունը» վերնագրով։ Այստեղ փաստաթղթի սկզբնաղբյուր է նշված բուն արխիվը, որտեղ Հարությունյանի աչքից հավանաբար չէր կարող վրիպած լինել փաստաթղթի գործում ներառված Ղազանջյանի հոդվածը։ Հարությունյանը ներկայացնում է փաստաթղթի իսկությունը կասկածի տակ առնող մի շարք հիմնավորումներ և ավելացնում, որ որոշ հրապարակումների «հեղինակներ չեն ընդունում այս փաստաթղթի իսկությունն ու հավաստիությունը, համարում են այն կեղծիք, фальшивка»։ Թեև հղում տրված չէ, ռուսերեն այս բառի գործածությունը վկայում է, որ Հարությունյանը ծանոթ է եղել Ղազանջյանի հոդվածին և, ամենայն հավանականությամբ, Ղազանջյանի փաստարկները նրան համոզիչ են թվացել։ Փաստաթղթի իսկության դեմ փաստարկներ բերելուց հետո Հարությունյանն առաջարկում է՝ «եկեք «ծալենք և կողքի դնենք» չարաբաստիկ այդ թռուցիկը»։ Այնուհետև Հարությունյանը ներկայացնում է որևէ կասկածի տեղիք չտվող այնպիսի վավերագրեր, որոնք ապացուցում են այդ շրջանում «սեփական պետականության կործանումն ապահովող» բոլշևիկյան քաղաքականությունների գոյությունը։ Հատկանշական է, որ Հարությունյանը փաստաթղթի մասին խոսելիս օգտագործում է «թռուցիկ» բառը՝ փաստաթղթին վերագրելով զանգվածային քարոզչություն իրականացնելու նպատակ, մի բան, որով գերազանցվում է փաստաթղթի շրջաբերական նշանակությունը։
Հաջորդը ժամանակագրորեն փաստաթղթին անդրադառնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը 2014 թ․ նույն կայքում տպված իր հոդվածով [38]։ Այստեղ քսանականներին բոլշևիկների թուրքամետ քաղաքականությունների քննարկման համատեքստում, ի թիվս բազում այլ նյութերի, ամփոփ ներկայացված է նաև մեզ հետաքրքրող փաստաթղթի բովանդակությունը։ Սակայն, ի տարբերություն մյուս մեջբերումների, որոնց դեպքում հանգամանորեն տրված են գիտական հղումները, փաստաթղթի տեքստի սկզբնաղբյուրը տրված չէ։ Պարզ չէ՝ հեղինակն ինչ աղբյուրից է օգտվել փաստաթղթի տեքստին ծանոթանալու համար և ըստ այդմ տեղյակ եղե՞լ է արդյոք փաստաթղթի իսկության շուրջ գոյություն ունեցող բանավեճերին։ Պարզ է միայն, որ սա մեր ձեռքի տակ եղած առաջին գիտական հրապարակումն է, որտեղ փաստաթղթի կասկածելի իսկության վերաբերյալ առհասարակ որևէ հիշատակություն չկա։ Դա գլխավորապես հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ փաստաթուղթը տրվել է առանց հղման, քանի որ բացառությամբ 1996 թ․ Հայաստանի Հանրապետություն թերթի հրապարակման, մնացած բոլոր աղբյուրներում, ներառյալ արխիվում, փաստաթղթի վավերականության խնդիրը այս կամ այն կերպ շոշափված է։ Փաստորեն Խառատյանի հրապարակման մեջ փաստաթուղթը հանդես է գալիս որպես հղման կարիք չունեցող, ինքնակնհայտորեն վավեր պատմական վավերագիր։
Չանսալով փաստաթուղթը «ծալելու և կողքի դնելու» սեփական հորդորին՝ Վլադիմիր Հարությունյանը փաստաթղթի իսկությունը հարցականի տակ դնող իր նախկին հոդվածը հրատարակելուց երեք տարի անց՝ 2016 թ․, վերահրատարակում է փաստաթղթի տեքստն ամբողջությամբ փաստաթղթերի մի ժողովածուում՝ հղելով Ազգային արխիվում պահվող փաստաթղթին [39]։ Ոչ մի բացատրության չի տրվում զարմանալի այն հանգամանքը, որ տեքստը հրապարակվում է առանց հիշատակելու 2013 թ․ այդ նույն փաստաթղթի կեղծարարված լինելու մասին նույն հեղինակի եզրակացությունը կամ առանց ներկայացնելու այն նոր փաստերն ու հանգամանքները, որոնք գուցե ստիպել են հեղինակին վերանայել իր եզրակացությունը և, այդպիսով, վերահրատարակել փաստաթուղթը։ Հատկանշական է նաև, որ փաստաթուղթը տեղ է գտել ոչ թե ժողովածուում հրապարակված բուն փաստաթղթերի շարքում, այլ հեղինակի կողմից գրված «Առաջաբանի փոխարեն» հատվածում։ Այստեղ նախկին հոդվածի նման, հեղինակը փաստաթղթի համար գործածում է «թռուցիկ» բառը՝ փաստաթղթին վերստին վերագրելով նախատեսվածից ավելի մեծ նշանակություն։ Փաստաթուղթը, փաստորեն, արդեն տպագիր գիտական հրատարակության ձևաչափով հանդես է գալիս ամբողջական տեքստով որպես հավաստի վավերագիր։
Հարությունյանի վերոնշյալ գրքից է օգտվում հրապարակման հաջորդ աղբյուրը՝ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը [40], որի կայքում փոքրիկ քննադատական նախաբանով վերատպվում է վավերականության տեսակետից արդեն որևէ կասկածի տեղիք չտվող փաստաթղթի գիտական հրատարակությունը հղելով Հարությունյանի վերոնշյալ ժողովածուին։ Նախաբանի մեջ տեղ է գտնում հետևյալ հետաքրքրական ձևակերպումը՝ «Ուշագրավ է, որ այս հակահայ կոչի տակ ստորագրած Սարգիս Կասյանի անունով Երևանում կա փողոց»։ Փաստորեն, այս վերահրատարակությունը կրում է տեղեկատվական, ինչ-որ առումով նախազգուշական նպատակ, որին էլ, ըստ էության, որոշ ժամանակ անց արձագանքում է ավագանու «Ելք» խմբակցությունը։ Կասյանի փողոցի անվանափոխության «Ելքի» առաջարկը Անի կենտրոնի կայքում վերահրատարակված փաստաթղթից մեջբերումներով և այլ կից հիմնավորումներով շուտով ներկայացվում է համապատասխան լիազոր մարմնի դատին [41]։
Սարգիս Կասյանի կալանավորման ժամանակ վրացական ժանդարմերիայում արված լուսանկարներ և այլ տվյալներ, 1914
Ամփոփում
Ինչպես ցույց է տալիս այս փաստաթղթի հրապարակման և վիճարկման պատմությունը, 1980-ականների վերջին՝ հակախորհրդային ազգային տրամադրությունների վերելքի շրջանում, կասկածելի իսկությամբ փաստաթուղթը հիշատակվում կամ ամբողջությամբ հրապարկվում է ոչ պաշտոնական մամուլում և շատ չանցած մուտք գործում խորհրդային ու անկախ Հայաստանի պաշտոնական մամուլ։ Այս տարիներին փաստաթղթի մասին քննարկումներում ներգրավված են պատմաբաններ, որոնք փաստաթղթի թեզերի բովանդակային քննարկումներին զուգահեռ անպայմանորեն անդրադառնում են փաստաթղթի կասկածելի վավերականության խնդրին։ 90-ականների երկրորդ կեսին՝ նախագահական երկրորդ ընտրությունների տարում, հավանաբար, հակակոմունիստական քարոզչության համատեքստում, փաստաթղթի տեքստը մամուլում տպագրվում է որպես վավեր արխիվային նյութ առանց դրա կասկածելի իսկության վերաբերյալ որևէ հիշատակության։ 2000-ականների սկզբին փաստաթուղթը մամուլից անցնում է գիտական հրատարակություն, որտեղ սկզբնական շրջանում դեռ պահպանում է հղումը իր կասկածելի իսկությանը։ Ավելի ուշ՝ 2000-ականների երկրորդ տասնամյակում, շրջանցելով կասկածելի իսկության թեման և դիմելով կեղծարարման մասին հիշատակությունները քողարկող զանազան միջոցների, փաստաթուղթը գիտական հրատարակությունների միջոցով, ի վերջո, հաստատվում է որպես հավաստի վավերագիր։ Այնուհետև այն կրկին անցնում է մամուլ, որտեղից էլ «Ելք» խմբակցության առաջարկի միջոցով, այս անգամ արդեն որպես վավերական արխիվային բնագիր, նորից վերադառնում է իր այն քաղաքական նշանակությանը, ինչի համար էլ, ըստ երևույթին, կեղծարարվել էր։ Փաստաթուղթը, ուստի, դառնում է այնպիսի մի մեղադրական, որով փաստացի ապացուցվում է Կասյանի քաղաքական գործունեության հակահայ բնույթը 20-ականների սկզբին։
Ուրեմն, Կասյանի գործունեությունը քննող մեղադրական այս մոտեցումը հիմնված կասկածելի մի փաստաթղթի վրա, որն առնվազն չէր կարող համարվել վավեր, քանի դեռ դրա իսկության վերաբերյալ կասկածները առարկայականորեն քննված և հերքված չէին, հրապարակավ ծառայեցվում է այնպիսի բարդ ու կնճռոտ քաղաքական հարցեր վերակենդանացնելու և քննարկելու համար, ինչպիսին են 20-ականների խորհրդային պատմությունը, ժառանգությունն ու հիշողությունը։
Քաղաքական և գիտական այն եղանակները, որոնցով փորձ է արվում մոտենալ այս շրջանի պատմական անցքերին և գնահատել դրանք, ոչ միայն համարժեք չեն նյութի բարդությանը, այլև այնքան խնդրական են, որ, ինչպես համոզվեցինք, հենց իրենք են դառնում քննության առարկա։ Իսկ ի՞նչ ճշմարտություն է բացահայտում և ի՞նչ խնդիրներ է առաջադրում այս փաստաթղթի հնարավոր կեղծարարման և դրանով պայմանավորված անորոշությունների հետ հարաբերվելու մեր այս փորձը․ գուցե այն, որ պատմությունը բազմաբևեռ ուժային շահախնդրությունների հակամարտ պայքարի բովում ծնված ոչ միայն վավեր փաստաթղթերի և հավաստի վկայությունների, այլև կեղծիքի, ջնջումների, խմբագրումների և դրանք ծնող ու սնող իղձերի կայացման պատմություն է։ Եվ եթե մենք պետք է երբևէ համարժեք եղանակներ գտնենք հարաբերվելու 20-ականների այս լարված շրջանին վերաբերող փաստաթղթի «թեզերի» հետ՝ ուրեմն հենց նման կերպ ըմբռնված պատմության կայացման բարդությունն առերեսելով [42]։
Ռուզաննա Գրիգորյան
________________________
[1] Այս հետազոտության նախնական տարբերակը ներկայացվել է 2018 թ․ հունիսի 23-ին Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած «Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ» միջազգային գիտաժողովին Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի՝ «Փոփոխվող խորհրդայինը․ պատմություն, փիլիսոփայություն, արվեստ» թեմատիկ նիստին։ Հոդվածը գրվել է «Կոմունա» հարթակի ֆինանսական աջակցությամբ։ Արժեքավոր դիտարկումների և խորհուրդների, ինչպես նաև կարևոր տեղեկությունների և աղբյուրների համար շնորհակալ ենք Վարդան Ազատյանին, Ամատունի Վիրաբյանին, Գայանե Այվազյանին, Զառա Հարությունյանին, Լուսինե Չերգեշտյանին, Թամարա Թամանյանին, Տիգրան Պասկևիչյանին, Արսեն Հակոբյանին, Արայիկ Հարությունյանին, Հրաչ Գալստյանին, Հրանուշ Խառատյանին, Վահան Իշխանյանին, Վահե Թորոսյանին, Վահրամ Աղասյանին, Աննա Նիկողոսյանին, Իրինա Շախնազարյանին և Մերուժան Հարությունյանին։
[2] Փողոցների անվանափոխության հարցը ավագանու նիստի օրակարգում ներառելու մասին 2017 թ․ օգոստոսի 28-ի առաջարկը, տե՛ս ավագանու «Ելք» խմբակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջում, https://www.facebook.com/117528495533449/photos/ a.119132318706400.1073741829.117528495533449/119132305373068/?type=3&theater (այց՝ հունիսի 6, 2018): Հայաստանի Հանրապետության հիմնադրման առաջին տարում՝ 1991թ․, Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը Կասյան փողոցը վերանվանեց Սիամանթո փողոց։ Հաջորդ քաղաքապետ Վանո Սիրադեղյանը 1998 թ․ փողոցը կրկին կոչեց իր հին անունով (տե′ս զրույց Ամատունի Վիրաբյանի հետ՝ «Նմանվում ենք ոչ թե մերձբալթյան կամ Արևելյան Եվրոպայի երկրներին, այլ Միջին Ասիային», հուլիսի 15, 2014, Իրատես.am, http://www.irates.am/hy/1405431382 (այց` հունիսի 28, 2018))։ Լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանի ենթադրությամբ՝ Վանո Սիրադեղյանի այս որոշման վրա կարող էր ազդեցություն ունեցած լինել գրող Հրանտ Մաթևոսյանի դրական վերաբերմունքը խորհրդային Հայաստանի վաղ շրջանի ղեկավարների նկատմամբ (մասնավոր զրույց հեղինակի հետ, հունիսի 9, 2018, Երևան): «Ելք» խմբակցության նախագծում հավանաբար նկատի էին առնվում 90-ականների հենց այս իրադարձությունները, երբ մասնավորապես ասվում էր, որ անկախություն ձեռք բերելուց հետո հակապետական բոլշևիկ գործիչների անուններից ազատվելու գործընթացը կիսատ էր մնացել, և որ անհրաժեշտ էր հասցնել այն իր տրամաբանական ավարտին:
[3] «Ելք» խմբակցությունն իր առաջարկ-նախագծում, մեջբերելով փաստաթղթից մի հատված, հղում էր Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնին, տե՛ս ««Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը՝ արագացնել Հայաստանի պարտությունը». 1920 թ., սեպտեմբեր», Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոնի պաշտոնական կայք, դեկտեմբերի 18, 2016, http://www.aniarc.am/2016/12/18/armenian-bolsheviks-baku-1920-turkey/ (այց՝ հուլիսի 17, 2018)։ Կայքում փաստաթուղթը քննադատական փոքրիկ նախաբանով հրապարակվել էր ըստ հետևյալ աղբյուրի՝ Վլադիմիր Հարությունյան, Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ. – հոկտեմբեր 1920 թ․): Նյութեր և փաստաթղթեր (Երևան: Ասողիկ հրատարակչություն, 2016), էջ 21-22: Հարությունյանն այս գրքում տեքստը հրապարակել էր ամբողջությամբ՝ հղելով ազգային արխիվում պահվող փաստաթղթին՝ Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆոնդ 1022, ցուցակ 3, գործ 275, թերթ 1։
[4] «Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախագիծ», էջ 5: Շնորհակալ եմ ժամանակին «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանին քաղաքապետարանին ներկայացված վեց փողոցի անվանափոխության նախագծերի էլեկտրոնային տարբերակները խնդրանքիս ընդառաջ ուղարկելու համար։
[5] Կասյանի փողոցի անվանափոխության թեմայով հանրային քննարկումներն ու խոսակցությունները հետագայում ծավալվեցին հենց այս մեղադրական մոտեցման առաջադրած շրջանակի ներսում, որի հիմքում, ըստ էության, ընկած էր մեղադրյալին մերկացնելու և պատասխանատվության ենթարկելու ընդհանուր տրամաբանությունը։ Օրինակ՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով Կասյանի փողոցի անվանափոխության հարցին, ֆեյսբուքյան իր էջում մի գրառում արեց խորհրդային բռնությունների իրականացման մեջ Կասյանի ունեցած դերի մասին։ Այն սկսվում էր հետևյալ հարցով․ «Կարևոր չէ, որ Երևանում կա Կասյան փողոց, կարևոր է, թե մենք Կասյանին պատասխանատու ճանաչու՞մ ենք Խորհրդային Կարմիր տեռորի հարցում» (ընդգծումը՝ Ռ․ Գ․), տե՛ս https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/885873671564910?hc_location=ufi (այց՝ հունիսի 28, 2018)։ Տե՛ս նաև «Կասյանից՝ արտագաղթ․ զրույց Հրանուշ Խառատյանի հետ ՍիվիլՆեթի տաղավարում», Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի պաշտոնական կայք, օգոստոսի 18, 2017, http://www.aniarc.am/2017/08/18/civilnet-tatul-hakobyan-interview-hranush-kharatyan-august-18-2017/ (այց՝ հունիսի 28, 2018), «Բոլշևիկյան ռենեսանս Հայաստանում․ զրույց Վլադիմիր Հարությունյանի հետ», Սիվիլնեթ լրատվական կայքի յութուբյան ալիք, սեպտեմբերի 14, 2017, https://www.youtube.com/watch?time_continue=416&v=NoyaX8peQl0 (այց՝ հունիսի 28, 2018), Վահրամ Թոքմաջյան, «Ա. Միկոյանի և Ս. Կասյանի հակամարդկային ու հակահայկական էջերը. ԻՔՄ», Առաջին լրատվական, սեպտեմբերի 4, 2017, http://www.1in.am/2202799.html#undefined.gbpl (այց՝ հունիսի 28, 2018), տե՛ս նաև գրող Մարինե Պետրոսյանի ֆեսյբուքյան գրառումն ու դրա տակ ծավալված քննարկումը, https://www.facebook.com/marine.petrossian/posts/10154912256973494?hc_location=ufi (այց՝ հունիսի 28, 2018), երեք հարցազրույց «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ՝ «Երևանում բոլշևիկների անուններով դպրոցները, փողոցները պետք է անվանափոխվեն, դա պետք է լինի մեծ փոփոխությունների մի մասը. Դ. Խաժակյան», Թերթ․аm, օգոստոսի 5, 2017, http://www.tert.am/am/news/2017/08/05/khajakyan/2450323 (այց՝ հունիսի 28, 2018), «Հայաստանի սուվերենության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է դատապարտվի և կանխվի», lragir.am, օգոստոսի 16, 2017, https://www.lragir.am/2017/08/16/158710/ (այց՝ հունիսի 28, 2018), «ՀՀԿ-ի՝ փողոցների անվանափոխման դեմ հանդես գալը ռուսական ճնշման արդյունք է. Խաժակյան», Ազատություն TV յութուբյան ալիք, սեպտեմբերի 6, 2017, https://www.youtube.com/watch?v=Sqh4QrjveXM (այց՝ հունիսի 28, 2018), հարցազրույց «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանի հետ՝ ««Կասյանը հրամայել է սպանել, վերացնել հայ սպաներին, ապաբարոյականացնել հայկական բանակը». Անի Սամսոնյան», Առավոտ, օգոստոսի 14, 2017, https://www.aravot.am/2017/08/14/902355/ (այց՝ հունիսի 28, 2018), հարցազրույց «Ելք» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Ավինյանի հետ՝ ««Թե Կասյանն ինչ ներդրում է ունեցել հայ սպաների գնդակահարության հարցում՝ սա անքննելի է եւ միանշանակ». Տիգրան Ավինյան», Առավոտ, օգոստոսի 14, 2017, https://www.aravot.am/2017/08/14/902415/ (այց՝ հունիսի 28, 2018)։ Ազգագրագետ Արսեն Հակոբյանը իր «Խորհրդայինը հետխորհրդային Հայաստանում» ելույթում խնդրականացրեց «հերոսների և դավաճանների մոդելով» պատմությունը հասկանալու փորձերը, տե՛ս «Խորհրդայինը հետխորհրդային Հայաստանում․ քարոզչություն, պատմություն և իրականություն: Արսեն Հակոբյան», Բուն TV , սեպտեմբերի 25, 2017, http://boon.am/post-soviet-armenia/ (այց՝ հունիսի 28, 2018): Նույնաբովանդակ քննադատական գրությամբ հանդես եկավ նաև պատմաբան Արա Սանջյանն իր ֆեյսբուքյան էջում, տե′ս https://www.facebook.com/ara.sanjian/posts/10155674516114083 (այց՝ հուլիսի 6, 2018): Այս թեմային քննադատական հոդվածով անդրադարձավ նաև լրագրող Վահան Իշխանյանը, տե′ս Վահան Իշխանյան, «Նկուղային պատմության զուգահեռները», Ինքնագիր գրական հանդես, սեպտեմբերի 4, 2017, https://inknagir.org/?p=7438 (այց՝ հունիսի 28, 2018)։
[6] Տե՛ս ««Կասյանը ոչ մի բան էլ չի հրամայել, դա իրականացրել է Գեւորգ Աթարբեկյանը, այդ հրամանը եղել է կեղծիք»․ Ամատունի Վիրաբյան», Առավոտ, օգոստոսի 14, 2017, https://www.aravot.am/2017/08/14/902386/ (այց՝ հունիսի 28, 2018): Տե՛ս նաև Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառման տակ Արսեն Հակոբյանի դիտարկումները, https://www.facebook.com/marine.petrossian/posts/10154912256973494?hc_location=ufi (այց՝ հունիսի 28, 2018)։ Ուշագրավ է, որ փաստաթղթի իսկության վերաբերյալ կասկածներն ունեն ավելի հին ծագում, տե՛ս, օրինակ՝ Рем Казанджян, «История и так искажена», Голос Армении, փետրվարի 9, 1991, ինչպես նաև՝ Վլադիմիր Հարությունյան, «Կասկածելի թռուցիկը, հայ բոլշեւիկները, Ռուսաստանն ու հայկական պետությունը», lragir.am, օգոստոսի 6, 2013, https://www.lragir.am/2013/08/06/86502/ (այց՝ հունիսի 28, 2018)։
[7] Տե՛ս «Ելք» խմբակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջը, https://www.facebook.com/permalink.php?story_fbid= 120635451889420&id=117528495533449 (այց՝ հուլիսի 6, 2018)։
[8] Տե՛ս փաստաթղթի լուսանկարը։
[9] Ֆոնդի և ցուցակի անունների թարգմանությունը ռուսերենից հայերեն՝ հեղինակի։
[10] Մեզ հետ մասնավոր զրույցում Վիրաբյանը հիշեց, որ այս փաստաթուղթը տեսել է 1980-ականների կեսին արխիվի «խուլ», այսինքն՝ ընդհանուր վերնագրեր («թռուցիկներ», «շրջաբերականներ» և այլն) ունեցող գործերում, իսկ 1989-ին ինքն է առանձնացրել այն որպես առանձին գործ։ Նրա վկայությամբ, 1980-ականների վերջին այդ փաստաթուղթը արխիվում դեռևս անհասանելի էր հանրության համար, ինչը նշանակում է, որ այն հնարավոր չէր լինի վերցնել արխիվից, առնվազն՝ պաշտոնապես (մասնավոր զրույց հեղինակի հետ, հունիսի 19, 2018, Երևան): Փաստաթղթի վերին աջ անկյունում զետեղված թվերը՝ 8, 13 և 1, ևս խոսում են այն մասին, որ փաստաթուղթը արխիվացված է եղել նախքան 1989 թվականի նոյեմբերը։ Առհասարակ գործերի վերին աջ անկյունում գրված թվերը ցույց են տալիս արխիվային գործում տվյալ թերթի թիվը կամ, այլ կերպ ասած, էջը։ Այս երեք թվերը, որոնցից երկուսը ջնջված են, վկայում են, որ մինչև մեզ հայտնի ֆոնդային գործի մեջ հանգրվանելը, փաստաթուղթը երկու անգամ ֆոնդային գործ է փոխել։ Փաստաթղթի վրա զետեղված թվերից 8-ը գրված է կապույտ մատիտով, իսկ մյուս երկուսը՝ 13-ն ու 1-ը` սև։ Քանի որ 8 թիվը ջնջված է սև մատիտով, կարելի է ենթադրել, որ սկզբում կապույտ մատիտով գրված է եղել 8-ը։ Երբ փաստաթուղթը մտել է նոր գործի մեջ, 8-ը սև մատիտով ջնջվել է, և ավելացվել է գործի նոր թերթի թիվը՝ 13-ը։ Երկրորդ անգամ գործը փոխելիս դարձյալ սև մատիտով ջնջվել է13-ը, և ավելացվել փաստաթղթի այժմյան թերթի թիվը՝ 1-ը։ Հետևաբար, առաջին գործի մեջ փաստաթուղթը եղել է գործի 8-րդ, երկրորդում՝ 13-րդ թերթը։ Այժմ այն գործի 1-ին թերթն է։
[11] Թամարա Թամանյանի կարծիքով փաստաթուղթը ոչ թե մեքենագրի առաջին, այլ երկրորդ օրինակն է, այսինքն՝ պատճենահան թղթի միջոցով պատճենված օրինակը։ Փաստաթուղթը հավանաբար մեքենագրվել է երկու օրինակով, և երկրորդ օրինակը տեղ է գտել արխիվային գործում (մասնավոր զրույց հեղինակի հետ, հունիսի 12, 2018, Երևան)։ Թամանյանը 1973-2017 թթ․ եղել է արխիվի աշխատակից՝ մի որոշ ժամանակ զբաղեցնելով Հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի վարիչի պաշտոնը։
[12] Այս անհամապատասխանության մասին տե՛ս նաև Հարությունյան, «Կասկածելի թռուցիկը»:
[13] Սիրակ Գյուլբուդաղյան, Հայերենի ուղղագրության պատմություն (Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, 1973), էջ 324-374: Գրքի էլեկտրոնային տարբերակը տե՛ս http://x.1128831.n5.nabble.com/-td299.html#a302 (այց՝ հունիսի 28, 2018):
[14] Այս խնդրի մասին տես՛ նաև Казанджян, «История и так искажена», ինչպես նաև Հարությունյան, «Կասկածելի թռուցիկը»:
[15] ՀԱԱ , ֆ. 1022, ց. 3, գ. 258, թթ. 1-2։ Տե′ս նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, խմբ․ Ծ․ Աղայան և այլոք (Երևան։ Հայաստան, 1967), էջ 299:
[16] Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, էջ 299։
[17] ՀԱԱ , ֆ. 1022, ց. 3, գ. 258, թթ. 10-11: Նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, էջ 299։
[18] ՀԱԱ , ֆ. 1022, ց. 3, գ. 258, թ․ 11-ում Կոստանյանի անունը գրված է դ-ով՝ Կոստանդյան, իսկ թ․ 1-ում և 2-ում առանց դ-ի՝ Կոստանյան։
[19] 1920 թվականին Հայաստանի կոմունիստական կուսակցության մեկ այլ պաշտոնական մարմին էր Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների Արտասահմանյան բյուրոն, որը հիմնվել էր ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի նախաձեռնությամբ 1920 թ․ մայիսին։ Բյուրոյի կազմում էին Ս․ Կասյանը, Ա․ Բեկզադյանը, Ա․ Մռավյանը, Դ․ Շահվերդյանը, Հ․ Պողոսյանը, Ա․ Նուրիջանյանը, Հ․ Կոստանյանը, Գ․ Տեր-Սիմոնյանը, Շ․ Ամիրխանյանը և Լ․ Ուլիբեկյանը։ Արտասահմանյան բյուրոն լուծարվել է1920-ի հոկտեմբերի 1-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի կազմբյուրոյի կողմից Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի կազմը հաստատելուց հետո, տե՛ս Հայկական Սովետական Հանրագիտարան, հ․ 10 (Երևան: [ՀՍՍՀ ԳԱ], 1984), էջ 142։ Ինչպես տեսնում ենք բյուրոյի կազմը ևս չի համապատասխանում փաստաթղթի կազմին։
[20] ՀԱԱ, ֆ․ 1021, ց․ 22, գ․ 670, թթ․ 39, 46:
[21] ՀԱԱ, ֆ․ 1021, ց․ 22, գ․ 670, թ․ 10:
[22] Այս հետազոտության ընթացքում քսանականների տեքստերի և արխիվային նյութերի հետ աշխատելու փորձ ունեցող բանասեր Սիրանուշ Դվոյանը, ծանոթանալով փաստաթղթին, կասկածներ հայտնեց նաև հայերենի ոճի և բառամթերքի օգտագործման, ինչպես նաև փաստաթղթի վերին աջ անկյունում զետեղված «Հույժ գաղտնի» գրառման կապացկությամբ՝ նշելով, որ լեզուն, ոճն ու վերոնշյալ արտահայտությունը հատուկ չեն 20-ականների տեքստերին (մասնավոր զրույց հեղինակի հետ, հունիսի 23, 2018, Երևան)։ Փաստաթղթում օգտագործված լեզուն խնդիր է համարել նաև Ղազանջյանն իր հոդվածում։ Նա մասնավորապես նշել է, որ տեքստում օգտագործված «Հայաստանի կոմունիստների /բոլշևիկների/ կենտրոնական կոմիտե», «հայ բոլշևիկ կոմունիստներ», «հանրապետական Հայաստան» անուններն ու արտահայտությունները չեն հանդիպում ո՛չ արտասահմանյան բյուրոյի, ո՛չ էլ Կենտրոնական կոմիտեի քսանականների փաստաթղթերում։ Այս ուղղությամբ լրացուցիչ բանասիրական աշխատանքը կարող է ի հայտ բերել նոր փաստական տվյալներ փաստաթղթի վավերականությունն ավելի լիարժեք կերպով գնահատելու համար։
[23] Այս մասին ավելի մանրամասն ստորև։
[24] Տե՛ս փաստաթղթի տեքստը։
[25] ՀԱԱ, ֆ․ 1191, ց․ 16, գ․ 2297: ՀԱԱ, ֆ․ 1191, ց․ 4, գգ․ 867, 868, 869, 870, 871, 872, 872ա:
[26] 1903-1904 թթ․ պատանի Հովհաննիսյանը Շուշիում անդամակցել է ՀՅԴ ազդեցության տակ գործող Կովկասյան հայ աշակերտական միությանը, ինչից հետո 1904-1906 թթ․՝ Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությանը (ՍԴԲՀԿ)։ Այդ կազմակերպության կորիզը կազում էին նախկին դաշնակցական կամ դաշնակցական հարումներ ունեցող գործիչներ, որոնք ազգային ինքնորոշման հարցում սկսեցին կարևորել նաև սոցիալական խնդիրներն ու դասակարգային շերտավորումները։ Պրոլետարիատի միջազգային դասակարգային պայքարը հասկանալու և կազմակերպելու հարցում նրանք առանցքային նշանակություն էին տալիս առանձնահատուկ՝ «սպեցիֆիկ», ազգային բնորոշիչներին ու պայմաններին այն ժողովուրդների պրոլետարիատի դեպքում, որոնց պարագայում ազգային հարցերի սրությունն անշրջանցելի էր դասակարգային պայքարի ըմբռնման և կազմակերպման համար։ Արդյունքում քննադատները (նախևառաջ բոլշևիկ գործիչները) նրանց հեգնականորեն սկսեցին որակել «սպեցիֆիկ» ածականով․ այստեղից էլ ՍԴԲՀԿ անդամներին ուղղված «սպեցիֆիզմի» մեղադրանքները: Տե՛ս Վարդան Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»․ Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը», ըստ՝ Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը / Israel Ory und die armenische Befreiungsidee (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 567-709։
[27] Ըստ՝ Համլետ Միրզոյան, Հայաստանի խորհրդային տիրակալները (Երևան: ՎՄՎ-Պրինտ, 2013), էջ 25: Թարգմանությունը ճշտված է ըստ գրքի ռուսերեն առցանց հրատարակության մեջ տեղ գտած բնագրի, տե՛ս http://noev-kovcheg.ru/mag/2008-10/1394.html (այց՝ օգոստոսի 13, 2018թ․):
[28] ՀԱԱ, ֆ․ 1191, ց․ 16, գ․ 2297, թ․ 106։
[29] Արվեստաբան Վարդան Ազատյանը, դատելով մեքենագրի տառատեսակից, նշեց, որ փաստաթուղթը հիշեցնում է 60-70 թթ․ մեքենագիր։ Մեզ հաջողվեց պարզել, որ խորհրդային շրջանում ազգային անվտանգության ծառայությունը գրանցում էր բոլոր տպագրական մեքենաների տառատեսակները, հետևաբար հետագա հետազոտությունն այս ուղղությամբ կարող է նոր փաստական տվյալներ վեր հանել։ Օգտակար կլինի նաև թղթի և տառատեսակի լաբորատոր անալիզը, ինչը, որքանով մեզ հաջողվեց պարզել, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։
[30] «Չայրված փաստաթուղթ», Ավանգարդ, սեպտեմբերի 15, 1989։
[31] Բնօրինակի գոյությունը գնահատելու առումով հետաքրքիր է նաև Գեղամ Գրիգորյանի նախաբանի հետևյալ ձևակերպումը․ «1918-20 թթ․ հայկական պետականությունը ճանաչելուց հետո մամուլում մեր պատմաբանների տպագրած հոդվածներում ևս երևացին այս փաստաթղթի որոշ թեզեր։ Այնուամենայնիվ, գաղտնիք մնաց փաստաթղթի ճշմարտացիությունը»։ Ուշագրավ է, որ այստեղ հեղինակը հիշատակում է ոչ թե բուն փաստաթուղթը, այլ դրա թեզերը։ Այստեղ ևս մեկ անգամ տեղին է շեշտել, որ մեր հետազոտության բուն առարկան փաստաթուղթն է, այլ ոչ թե դրա թեզերը։ Վերջիններս քսանականների սկզբին իրոք արծարծվում էին բոլշևիկյան քաղաքականության ծիրում՝ դառնալով թեժ բանավեճերի առիթ հենց բոլշևիկյան շրջանակների ներսում։ Այս առումով հետաքրքրական է վերոհիշյալ հարցազրույցից մի դրվագ։ Կարապետյանը պատմում է, որ հիսունականների կեսին, երբ աշխատում էր Հայաստանի կոմերիտմիության ծնունդը (Երևան: Հայաստանի պետական հրատարակչություն, 1956) աշխատության վրա, առիթ էր ունեցել հանդիպելու նախկին «Սպարտակ» երիտասարդական կազմակերպության անդամ, կոմերիտական Նազիկ Ահարոնյանին։ Վերջինս պատմել է, որ 1920-ի աշնանը հեռացվել է կոմերիտմիության շարքերից, քանի որ կարծում էր, որ հարկավոր էր զենքին զենքով պատասխանել։ Այս դիրքորոշումը դեմ էր «փաստաթղթի հիմնադրույթներին», ասում է Կարապետյանը։ Վերջինիս խոսքից կարող է թվալ, թե 1920-ին նման փաստաթուղթ իրապես գոյություն է ունեցել։ Սակայն ուշիմ ընթերցումը ակնհայտ է դարձնում, որ խոսքը «փաստաթղթի հիմնադրույթների», այլ ոչ թե բուն փաստաթղթի մասին է։ Հաշվի առնելով, որ նման «հիմնադրույթներ» 1920-ին շրջանառվում էին, այս պնդումը բավարար չենք կարող համարել փաստաթղթի բնօրինակի գոյությունը հաստատելու համար։ Այս եզրակացության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Կարապետյանն այս հատվածը չի բերում որպես փաստաթղթի գոյությունը հաստատող ապացույց, չնայած որ հենց դրան էր վերաբերում Պասկևիչյանի առաջին հարցը․ Ահարոնյանի մասին նա խոսում է մեկ այլ հարցի առիթով։ Փաստաթղթի բնօրինակի և Ահարոնյանի հեռացման մասին լրացուցիչ հանգամանքներ պարզելու նպատակով ուսումնասիրել ենք Կարապետյանի վերոհիշյալ Հայաստանի կոմերիտմիության ծնունդը ,ինչպես նաև նույն հեղինակի ավելի ուշ գրված Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմություն (Երևան: «Հայաստան» հրատարակչություն, 1968) աշխատությունները: Երկու գրքում էլ նշված է, որ Ահարոնյանը եղել է կոմերիտմիության անդամ, սակայն բնօրինակի գոյության, դրա վիճարկված «հիմնադրույթների» և Ահարոնյանին կոմերիտականների շարքերից հեռացնելու մասին որևէ հիշատակում չկա։
[32] Պասկևիչյանի հետ մասնավոր զրույցից ևս չհաջողվեց պարզել հավելյալ տվյալներ փաստաթղթի, Կարապետյանի հետ նրա զրույցի և Գրիգորյանի ինքնության մասին (մասնավոր զրույց հեղինակի հետ, հունիսի 9, 2018, Երևան):
[33] Ուշագրավ է, որ 1022 ֆոնդի ցուցակում և փաստաթղթի գործի պանակի վրա նշված է, որ գործում կա միայն մեկ թերթ՝ փաստաթղթի թերթը, այնինչ գործի պանակի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կա նաև երկրորդ թերթը։ Դա Ղազանջյանի վերոնշյալ հոդվածի կտրածոն է։ Ամատունի Վիրաբյանը մասնավոր զրույցում տեղեկացրեց, որ տարիներ առաջ այդ նյութն ինքն է ավելացրել փաստաթղթի գործին, քանի որ համոզված էր, որ փաստաթուղթը կեղծ է (մասնավոր զրույց, հունիսի 18, 2018, Երևան)։
[34] Այն հավանաբար տպվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահական ընտրությունների առիթով իրականացվող հակակոմունիստական քարոզչության համատեքստում։
[35] Լենդրուշ Խուրշուդյան, Հայաստանի բաժանումը 1920 թվականին (Երևան։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 2002), էջ 164-165։
[36] Նույն տեղում, էջ 165:
[37] Նույն տեղում, էջ 166-171:
[38] Հրանուշ Խառատյան, «Քեմալը ռուսների օգնությամբ ավարտին էր հասցնում հայերի կոտորածները», lragir.am, հոկտեմբերի 15, 2014, https://www.lragir.am/2014/10/15/105353/#sthash.yE3NmQHM.dpuf (այց՝ հուլիսի 17, 2018)։
[39] Հարությունյան, Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում․ նյութեր և փաստաթղթեր, էջ 21-22։
[40] «Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը՝ արագացնել Հայաստանի պարտությունը․1920 թ․ սեպտեմբեր», Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, http://www.aniarc.am/2016/12/18/armenian-bolsheviks-baku-1920-turkey/ (այց՝ հուլիսի 17, 2018):
[41] Փաստաթղթի վիճարկման պատմությունը լիարժեք դարձնելու համար հարկ ենք համարում ներկայացնել լրագրող Վահան Իշխանյանի հետ զրույցից մի դրվագ (մասնավոր զրույց հեղինակի հետ, հուլիսի 4, 2018, Երևան)։ Մոտավորապես 2009 թ․ Վահան Իշխանյանը առիթ է ունենում հանդիպել պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանին և ծանոթանալ նրա թղթապանակում պահվող փաստաթղթի պատճենին։ Ղազախեցյանը ցույց է տալիս փաստաթուղթը և ասում, որ դրա բնօրինակը չկա, արխիվում պահվում է պատճենը, բայց հավանական է, որ բնօրինակը ժամանակին գոյություն ունեցել է։ Ղազախեցյանը, ըստ ամենայնի, տեղյակ է եղել, որ փաստաթղթի իսկությունը վիճարկված է, և հավանաբար դա է պատճառը, որ ո՛չ փաստաթուղթը, ո՛չ էլ դրա հետ կապված որևէ հղում չի ներառել իր Հայաստանը 1920-1940 թթ․ (Երևան։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2006) արժեքավոր աշխատության մեջ։
[42] Հայոց պատմության ըմբռնման հարցում այսպիսի բարդ մոտեցման անհրաժեշտությունը առաջ է քաշել և իր գործերով ի ցույց դրել Աշոտ Հովհաննիսյանը։ Տե՛ս, օրինակ, Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, 2 հ․ (Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1955, 1957):
Սարգիս Կասյանի կյանքի և գործունեության համառոտ մատենագիտություն
• Վլադիմիր Ղազախեցյան, Հայաստանը 1920-1940 թթ․ (Երևան: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2006)։
• Սարգիս Կասյան, Ընտիր երկեր: [Հոդվածներ; Նամակներ; Ճառեր], խմբ. Ծատուր Աղայան և այլոք (Երևան: «Հայաստան» հրատարակչություն, 1967)։
• Կասյանի ինքնակենսագրականը, նամակներն ու լուսանկներները՝ ՀԱԱ, ֆ․ 1445, ց․ 1, գ․ 19; ՀԱԱ, ֆ․ 1445, ց․ 1, գ․ 13; ՀԱԱ, ֆ․ 1445, ց․ 1, գ․ 11; ՀԱԱ, ֆ․ 1445, ց․ 1, գ․ 8; ՀԱԱ, ֆ․ 1445, ց․ 1, գ․ 5:
• Համբարձում Կարապետյան, Մեծ պայքարի մարդիկ: Սարգիս Կասյան, Սահակ Տեր-Գաբրիելյան, Գեւորգ Աթարբեկյան (Երևան: Հայպետհրատ, 1963)։
• Վաչագան Հարությունյան, Սարգիս Կասյան (Երևան: Միտք, 1965)։