Home / Վերլուծություն / Ինչպես է աղավաղվում Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու պատմությունը

Ինչպես է աղավաղվում Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու պատմությունը

ParaTV-ն աղավաղել է Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու պատմությունը: Այս մասին գրում է Վահրամ Թոքմաջյանը sut.am կայքում հրապարակած հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև․

Օրերս, «Պարադիպլոմասի» առցանց հեռուստատեսությունը հրապարակել էր՝ «Ռուս-պարսկական պատերազմները և Արևելյան Հայաստանի ազատագրումը» վերտառությամբ մի հոլովակ: Հոլովակում կան բազմաթիվ վրիպումներ, ակնհայտ սխալներ, իրական փաստերի միտումնավոր բացթողումներ: Եթե անգամ վերանանք այն մանիպուլատիվ հնարքներից, որոնք կիրառվում են այս հոլովակում, ապա բազմաթիվ վրիպակներին չանդրադառնալ չենք կարող:

Նախ վերնագրի մեջ առկա «Արևելյան Հայաստանի ազատագրում» հասկացությունը: Արևելյան Հայաստանը չի ազատագրվել, այն ընդամենը մի կայսրությունից անցել է մյուս կայսրության կազմի մեջ: «Ազատագրում» տերմինը խորհրդային պատմագրության ժառանգություն է և վաղուց արդեն մերժված է անգամ ակադեմիական շրջանակների կողմից, գոնե այս մասով:

Ոչ թե 1375, այլ 1045 թվական

Այժմ գանք բուն հոլովակին, որը սկսվում է հետևյալ մտքով.

«1375 թ. կորցնելով պետականությունը, Հայաստանն ընկնում է կախվածության մեջ քոչվոր թուրքերի նորաստեղծ տերությունից և պարսիկների կայսրությունից:»

Ամենայն հավանականությամբ, հեղինակներն ի նկատի ունեն Կիլիկյան թագավորության կործանումը: Հիշեցնենք, որ Կիլիկյան Հայաստանն աշխարհագրորեն որևէ կապ չունի քննարկվող՝ բուն Արևելյան Հայաստանի հետ: Ավելին, Արևելյան Հայաստանի տարածքում վերջին թագավորությունը կործանվել էր 1045 թվականին և դա Բագրատունյաց թագավորությունն էր: Իսկ սելջուկ-թյուրքերի առաջին արշավանքները սկսվել են 1047 թվականից: Այսինքն, Հայաստանը վաղուց քոչվորների ու տարբեր պետությունների տիրապետության տակ էր: Մի կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց թոթափել այդ ամենը Զաքարյանների շնորհիվ:

Ինքնիշխանություն

Այնուհետ հոլովակում հնչում է՝ «Այս դժվարին իրավիճակում Հայաստանում վերանում են ինքնիշխանության վերջին մնացուկները»։

Մինչ ռուս-պարսկական պատերազմները, գոնե Սյունիքում և Արցախում կային որոշակի ինքնավարություն ունեցող կազմավորումներ, որոնք կոչվում են մելիքություններ: Պատմության մեջ ավելի հայտնի են որպես Խամսայի մելիքություններ: Այս մելիքությունները ունեին ոչ միայն ներքին ինքնավարություն, այլ նաև սեփական ռազմական ուժ: Իսկ Արևմտյան Հայաստանում հայ ավատատերերի մանր իշխանություններն իրենց գոյությունը պահպանել էին Շատախում, Սասունում, Զեյթունում, Մոկսում և այլն:

Առևտրային ազատությունները

Տեսանյութում ասվում է «Իվան Ահեղի ժամանակներից, հայերը սկսում են հայացքն ուղղել հզորացող ռուսական պետականության կողմը և գրգռել ցարին դառնալու առաջին քրիստոնյա ժողովրդի պաշտպանն ու հովանավորը: Ստեղծվում է հայկական առևտրային տունը, նման արտոնություններ հետագայում չեն կարողանում անգամ ձեռք բերել անգլիացի վաճառականները»։

Հայերի քաղաքական գծի թեքումը դեպի Ռուսաստան եղել է 1701 թվականին: Իսրայել Օրու շնորհիվ: Մինչ այդ բոլոր պատվիրակությունները և ժողովները, որոնք կայացրել են որոշումներ, փնտրել դաշնակից պետություններ, բացառապես դիմել են Հռոմի Պապին կամ եվրոպական տերություններին: Իսկ հայերը առևտրային լայն ազատություններ և մենաշնորհներ ստացան միայն 1667 թվականին, նվերների շնորհիվ, Ալքեսեյ Միխայլովիչ ցարի կողմից (Իվան Ահեղից մեկ դար հետ): Իսկ անգլիացիների օրինակը պարզապես ծիծաղելի է: Անգլիան դիտարկվում էր Ռուսաստանին մրցակից, երբեմն՝ թշնամի պետություն, ինչո՞ւ պետք է անգլիացի վաճառականներն արտոնություններ ստանային Ռուսաստանի տարածքում:

Պետրոս Առաջինը

Նյութում հնչում է՝ «Պետրոս Առաջինի օրոք որոշում է կայացվում աջակցել հայերի ազատագրական պայքարին, բայց Ռուսաստանը, որն այդ ժամանակ պատերազմում էր շվեդական ուժեղագույն բանակի դեմ, պատրաստ չէր պատերազմել երկու ճակատով»։

Սկսենք նրանից, որ Հյուսիսային պատերազմն ավարտվել է 1721 թվականին: Պետրոս Առաջինի Կասպիական արշավանքը սկսվել է 1722 թվականին: Նրա Կասպիական արշավանքը սկսեց Հյուսիսային պատերազմից հետո: Հայերը և վրացիները, Պետրոսի հորդորով, Գանձակի Չոլակ վայրում շուրջ երկու ամիս սպասում էին նրան: Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս Առաջինն անակնկալ վերադառնում է Աստրախան: Ավելի ուշ՝ 1724 թվականի հունիսի 12-ին, Պետրոսը Թուրքիայի հետ կնքում է Կոստանդնոպոլսի պայմանագիրը, որով Թուրքիան ճանաչում էր մերձկասպյան շրջանների միացումը Ռուսաստանին, իսկ ռուսական կողմը Թուրքիայի տնօրինության տակ թողեց Շամախիից արևմուտք ընկած տարածքները՝ այդ թվում ողջ Արևելյան Հայաստանը:

Վրաստանը

Ըստ նյութի հեղինակների՝ «1801թ., Վրաստանի Իրակլի Երկրորդ Ցարի խնդրանքով, Վրաստանը մտնում է Ռուսաստանի կազմ»։

Թերևս հեղինակներն ի նկատի ունեն Հերակլ Երկրորդ վրաց թագավորին: Վրաց թագավորը երբեք Ցար չի կոչվել: Ցարը ռուսական միապետների կոչումն էր, որը հավասարազոր է կայսեր կոչմանը: Ավելին՝ Հերակլ Երկրորդը չէր կարող 1801թ.-ին խնդրանք ներկայացնել Ռուսաստանին, քանզի մահացել էր 1798 թվականին: Ռուսաստանը պարզապես խախտեց 1783 Գեորգևյան դաշնագրի կետերը և Քարթլի-Կախեթի թագավոր Գեորգի 12-րդի մահվանից հետո թույլ չտվեց թագաժառանգի գահակալումը, և Արևելյան Վրաստանը բռնակցեց Ռուսաստանին: