«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն այսօր առավոտյան փորձել են գրոհել Ամուլսարի ճանապարհները մոտ 2 ամիս հսկող բնապահպաներին և տեղացիներին և մտնել հանքի տարածք։ Թեև նրանց չի հաջողվել մուտք գործել, սակայն մի քանի տասնյակ մեքենաներով նրանք գրեթե մինչև կեսօր փակ են պահել դեպի Ջերմուկ տանող մայրուղին։ Հետագայում մարդիկ ձեռքով կող են քաշել ճանապարհը փակած մեքենաներից երկուսը՝ բացելով այն, որպեսզի մի քանի մարդ, ում ինքնազգացողությունը վատացել էր, կարողա դուրս գալ այնտեղից։ Մինչ այս պահը Ամուլսարի մոտ լարված վիճակ է։ Մեզ հետ զրույցում բնապահպան Արփինե Գալֆայանը պատմել է դեպքի մանրամասները։
Երեկ Ամուլսարի պահապանները տեղեկություն են ստացել, որ օգոստոսի 27-ի առավոտյան «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները պատրաստվում են մտնել հանքի տարածք և աշխատել այնտեղ։
«Առավոտյան 08։00-ի կողմերին Վայքի կողմից հավաքվել են «Լիդիան»-ի մեքենաները՝ մոտ 50 հատ, և բարձրացել են դեպի Ամուլսար։ Առաջին պոստի մոտից փորձել են մտնել, մենք փակեցինք ճանապարհը, նրանք չկարողացան մտնել։ Սկզբում իրավիճակը լարված էր, մի պահ թվաց, որ կարող է բախում սկսվել, բայց հետո հանդարտվեց։ Հիմա նորից լարված է իրավիճակը, կան մարդիկ, որ վատացել են», -պատմել է Գալֆայանը։
«Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները ցույց են տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեսչական ստուգումների մասին եզրակացությունը, որտեղ գրված է, թե ինչ իրավախախտումներ է կատարել ընկերությունը։ Փաստաթուղթը պաշտոնապես այսօր էր հրապարակվելու։
«Հիմա Լիդիանի ներկայացուցիչները, այդ փաստաթուղթը հիմք ընդունելով, եկել էին՝ ասելու, որ ուզում են ուղղել իրենց խախտումները։ Շատ լուրջ իրավախախտումների մասին է խոսքը», – պատմել է Գալֆայանը։
Վերջինս նշել է փաստաթղթում ամրագրված մի քանի խախտումներ, օրինակ, «․․․դատարակ ապարի լցակույտի տեղամասում առկա են փորվածքներ, որտեղից իրականացվել է բնական ռեսուսների ապօրինի օգտագործում», որ խախտում է Ընդերքի մասին օրենսգրքի համապատասխան կետը։
Ի թիվս այլ խախտումների՝ նշված է նաև, որ Կարմիր գրքում ներառված երկու բուսատեսակ են հայտնաբերել այդ տարածքում։
«Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները երկար ժամանակ շարունակել են փակ պահել ճանապարհը, չնայած ոստիկանությունը նրանց ասել է, որ 20 րոպեի ընթացքում պետք է բացեն ճանապարհը։ Ի վերջո, այն բացել են տեղացիները՝ մեքենաներից երկուսը կողք քաշելով։
Գալֆայանի խոսքով՝ մեծ թվով զբոսաշրջինկերի կուտակումներ են եղել ճանապարհին, որոնք դժգոհում են ճանապարհի փակ լինելուց։
Թե ինչու փաստաթղթի հրապարակումից ժամեր առաջ «Լիդիան Արմենիան» գնաց այս քայլին, Գալֆայանը պատասխան չունի, սակայն նա կարծում է, որ «երևի ինչ-որ բռնության տարրեր են ուզում մտցնել այս հարցի մեջ, և դրա համար են գնում պռովոկացիայի»։
Նշենք, որ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները փակ են պահում դեպի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի հանքի ծրագիրը։ Հունիսի 29-ին ընկերության աշխատակիցները նույնպես փակել էին դեպի Ջերմուկ տանող մայրուղին՝ լարված իրավիճակ ստեղծելով։