«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու կազմակերպության՝ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի («Fidelity Consulting Lawyers») կողմից օրերս Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ուղղված նամակները և մամուլում հնչեցրած որակումները պարունակում են ակնհայտ սպառնալիք, որը տեղի համայնքների բնակիչների անկաշկանդ կամարտահայտման, խաղաղ հավաքների ազատության իրավունքի ճնշման փորձ է և Հայաստանում ժողովրդավարության զարգացման խոչընդոտ։ Այսպիսի գնահտական են հնչեցրել մի քանի տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ և անհատներ։
«Վերոնշյալ կազմակերպության ղեկավար Ա.Մելքումյանի անունից հունիսի 25-ին մի շարք քաղաքացիներ ստացել են «իրազեկում», որում սեփական իրավունքները և հանրային շահը պաշտպանող բնակչության խաղաղ հավաքն ու ճանապարհների փակումը որակվել է որպես «հանցագործություն»։ Մելքումյանը նույն գնահատականները հնչեցրել է նաև հունիսի 3-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ ցուցարարների գործողությունները պետք է «հետապնդվեն» ՀՀ ոստիկանության կողմից։ Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով։ Համապատասխան արարքի որպես հանցագործության որակման իրավասությունն ու արդարադատության իրականացման գործառույթը պատկանում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով ՀՀ իրավասու պետական մարմիններին։ Հետևաբար, նման գնահատականով իրավախորհրդատու կազմակերպությունը գերազանցել է իր իրավասությունները՝ իրեն վերապահելով ՀՀ դատաիրավական մարմինների գործառույթ եւ դատավճիռ տալու իրավասություն։
Մենք դատապարտում ենք «Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավախորհրդատու կազմակերպության կողմից խաղաղ հավաքներ անցկացնելու մարդու հիմնարար իրավունքն արհամարհող գործելաոճն ու կոչ անում նրանց եւ մնացյալ բոլոր շահագրգիռ կողմերին իրենց գործունեությունն իրականացնել՝ առաջնորդվելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքով։ Համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) ուղենիշների՝ պետությունները պարտավորվում են կանխել և վերականգնել մարդու իրավունքների ոտնահարումները իրենց երկրի սահմաններում գործող անդրազգային կորպորացիաների կամ այլ բիզնես ընկերությունների կողմից։ Հետևաբար, մենք ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք համարժեքորեն արձագանքել՝ Հայաստանի տարածքում ապահովելով մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Մենք հայտարարում ենք, որ հետևելու ենք ՀՀ իրավապահ մարմինների հետագա քայլերին՝ դիտարկելով այն իրավապաշտպանական սկզբունքներին համապատասխանելիության տեսանկյունից», ֊ նշում են հայտարարության հեղինակները։
Վերջիններս նաև հիշեցրել են, որ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով է ամրագրված յուրաքանչյուրի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը։
Հայտարարության տակ ստորագրել են․
«Հյուման Ռայթս Հաուս Երևա» իրավապաշտպան ցանց
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Քալրֆուլ Հաուս» Սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Դավիթ Ամիրյան
«Անմեղության հայկական ծրագիր» իրավապաշտպան ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Առաջընթաց» երիտասարդական ՀԿ
Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Հասարակական պաշտպանների միություն
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Արծվաբույն Զեյթուն» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքներիպաշտպանության կենտրոն» ՀԿ
«Երջանկության բանալի» նախաձեռնող խումբ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Տաթևիկ» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ