Արդեն 50 օր շարունակ դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակ են տեղի բնակիչների, բնապահպանների և հանքի դեմ պայքարող այլ քաղաքացիների կողմից։ Ճանապարհների փակման օրվանից այնտեղ է բնապահպան Անի Խաչատրյանը։ Վերջինս սոցիալական ցանցերի միջոցով պարբերաբար իր հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ է ստանում։ Անին վստահ է, որ իրեն վիրավորողները «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն են և կողմնակիցները։ Epress.am-ի հետ զրույցում բնապահպանը պատմել է իր մտահոգությունների մասին։
Խաչատրյանը տևական ժամանակ թիրախավորված է «Լիդիան Արմենիա» ընկերության ջատագովների կողմից։ Նրա ֆեյսբուքյան էջի նկարների, գրառումների և հրապարակումների տակ տարբեր օգտատերեր վիրավորական արտահայտություններ են անում։ Այդ կեղծ կամ իրական օգտատերերի էջերն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նրանք «Լիդիանի Արմենիա»֊ի կողմնակիցներն են․ նրանք մշտապես գովաբանում են ընկերությունը, կողմ արտահայտվում հանքի բացմանը։
Ֆեյսբուքում ակտիվ է նաև Green and Clean խումբը, որտեղ պարբերաբար թիրախավորվում է բնապահպանը։
Դեպի հանք տանող ճանապարհներին գտնվող պահակակետերը հսկող տղաների անձը նույնպես քննարկման առարկա է դառնում սոցցանցում։ Նրանցից ոմանց մասին «Լիդիանի» ջատագովները գրում են, թե ժամանակին աշխատանք են խնդրել ընկերությունից։ Սակայն նրանց նկատմամբ անձնական բնույթի վիրավորանքներ չեն հնչեցվում։
Բնապահպան Արփինե Գալֆայանի խոսքով՝ Անիի դեմ արշավը պայմանավորված է նրանով, որ նա ակտիվ է, հաճախ է Ամուլսարի հետ կապված գրառումներ է կատարում սոցցանցերում, որոնք ակտիվ տարածվում են։ Հետևաբար՝ նրանք ցանկանում են սևացնել Անիի անունը։
«Ըստ նրանց՝ մենք իրենց համար վտանգավոր ենք․ դե, երկար տարիներ այդ բնագավառում փորձ ենք ունեցել, իրենք ուզում են ամեն գնով ազատվեն մեզանից։ Տղաներին էլ են փորձում մեր դեմ հանել, ֊ կարծում է Անին։ Նրանց ասում են՝ իբր դուք մաքուր պայքարող եք, ձեր մեջ մտել են, ձեզ օգտագործում են: «Լիդիան Արմենիան» այսպես է գործում։ Քանի որ իմ դեմ բան չեն գտել, անցել են անձնական բնույթի վիրավորաքների»։
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Ստեփանյանը, մասնավորապես, գրել է Խաչատրյանի մասին․ «Ասում են, թե Ամուլսարում պայքարիստ աշխատող (բառիս բուն իմաստով աշխատող, այլ ոչ թե իրականում պայքարող) Անին, կամ ինչպես նրա մականունն է՝ ճվճվ Անին հղիացել է: Ու թեև սարը ամուլ է, բայց Անիին չոլերում դրած վրաններում շինողները, թերևս, հաշվի չեն առել այդ հանգամանքը, որ Անին սարի հետ կապ չունի ու կարողա մնալ իր ցուցարար ընկերների վրա»:
Անին պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ վիրավորողներին պատասխանատվության ենթարկելու համար։ Չնայած բնապահպանը հույս չունի, որ կարող է ինչ-որ բան փոխվել, բայց կարծում է, որ ամեն դեպքում իրենց ավելի զգաստ կպահեն։
Անիի հասցեին վիրավորական արտահայտությունները գրում են նաև «Լիդիան Արմենիայի» ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումների մեկնաբանություններում։ Օգտատերերից մեկը, օրինակ, գրել էր՝ գնացեք, ծեծեք էդ բնապահպաններին։
Ուշագրավ է, որ «Լիդիանը» պարբերաբար զգուշացնում է, որ իր էջում վիրավորանք պարունակող մեկնաբանությունները ջնջվելու են, սակայն բռնության կոչ պարունակող վերոնշյալ սպառնալիքը, օրինակ, մնացել է։
Վերջին օրերին Անին նկատել է, որ իրենց մոտով տարբեր մեքենաներ են անցնում, որոնց վրա գրված է՝ «Լիդիանը լավագույնն է»․ «Մեր կողքով անցնում են դանդաղացրած, մեզ ուսումնասիրում են։ Ուշ ժամերին պոստից պոստ չենք գնում, միշտ տղաներին խնդրում ենք մեզ տանեն-բերեն։ Չգիտեմ՝ ինչ կարելի է սպասել նրանցից»։
Ամուսարի պաշտպանները համոզված են, որ իրենց պայքարը ավարտվելու է միայն հանքի փակումով։ Նրանք նշում են, որ ռադիկալ քայլերի չեն գնում նոր Կառավարության գործունեության պայմաններում․ «Եթե լիներ Սերժ Սարսգյանի կառավարությունը, մենք միանգամից կփակեինք մայրուղին։ Մենք այս Կառավարությանը ժամանակ ենք տալիս, սակայն չենք էլ կարող այսպես երկար նստենք, մենք թողել են ենք մեր տունը, ամեն ինչը»։