Գլխավոր / Կրթություն / Դպրոցն ընտանեկան բիզնեսի վերածած տնօրենը «վայելում է նախարարի հովանավորչությունը»

Դպրոցն ընտանեկան բիզնեսի վերածած տնօրենը «վայելում է նախարարի հովանավորչությունը»

2018 թ. հոկտեմբերի 26-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի 16-րդ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, որոնք դժգոհություններ ունեն դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանից:

Ուսուցիչները դժգոհությունները բանավոր ներկայացնելուց բացի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին են փոխանցել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ավելի վաղ ուղղած՝ դպրոցի 12 աշխատակիցների գրությունը, որին, ուսուցիչների փոխանցմամբ, պատշաճ ընթացք չի տրվել:

Ավելին՝ դրանից հետո նրանց է այցելել դպրոցի խորհրդի նախագահ Աշոտ Պապանյանը և նրանց խոսքերով՝ «հարցաքննել» նախարարին ուղղված գրության շուրջ:

Ինչպես նախարարին ուղղված գրության մեջ, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ուսուցիչները բողոքում են, որ տնօրեն Նաիրա Հարությունյանը կամայականություն ու բյուրոկրատական գործելաոճ է ցուցաբերում, ստեղծել է սպառնալիքի մթնոլորտ և նվաստացումների է ենթարկում ուսուցիչներին:

Նրանք հայտնեցին, որ տնօրենը, իր խոսքով՝ վայելելով հենց նախարար Ա. Հարությունյանի հովանավորչությունը, վերջերս վերընտրվել է և շարունակում է նույն գործելաոճը. ստեղծել է յուրայինների շրջանակ և ըստ այդմ՝ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ: Դա դրսևորվում է ինչպես անհիմն նկատողություններով, այնպես էլ դասաբաշխմամբ:

Ուսուցիչները նշել են նաև տնօրենի թույլ տված չարաշահումները, մասնավորապես.

– Շինարարական աշխատանքների բոլոր մրցույթները շահում են տնօրենի հորեղբայրն ու հորեղբոր որդին: Ընդ որում՝ շինարարական ծավալուն աշխատանքներ են կատարվել ներառական կրթության աշակերտներին հատկացված գումարով:

– Դպրոցի ճաշարանը տնօրինում է Նաիրա Հարությունյանի մորաքույրը, իսկ մորաքրոջ աղջիկը, որն ուսուցչի օգնական է աշխատում, վերահսկում է բոլոր աշխատողներին ու մասնակցում չարաշահումների կոծկմանը:

– Դպրոցի հետ կապված առևտուրը տնօրինում է Նաիրա Հարությունյանի հայրը, որը դպրոցում որևէ հաստիք չի զբաղեցնում:

– Չարաշահումներ է թույլ տվել նաև նախորդ ուստարում ներառական կրթության աշակերտներին տրամադրվող սննդի հարցում:

Մինչ նախարարին դիմելը ուսուցիչները դիմել են նաև Լոռու մարզի նախկին մարզպետին և կրթության վարչության պետին, սակայն արդյունքում կամ աշխատակիցները տեղափոխվել են այլ աշխատանքի, կամ ազատվել են աշխատանքից:

Նրանց խոսքով՝ իրենց հետ համակարծիք են այլ ուսուցիչներ ևս, սակայն նրանք վախենում են բարձրաձայնել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսուցիչների տրամադրած տեղեկատվության հիման վրա 2018 թ. հոկտեմբերի 31-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:

Tekali Taxi