Ապօրինի շինարարությանը վե՛րջ, հողազավթմանը վե՛րջ, չի՛ լինելու օրինականացում։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ, երգիչ, երգահան Արթուր Մեսչյանը։ «Մի ստեղծեք ձեզ համար խնդիրներ, դրա փոխարեն ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք որոշեք ձեր շինարարական ծրագրերը կատարել օրինական ճանապարհով, մենք կաշխատենք հեշտացնել ձեր կյանքը»։
Խոսելով իրեն հասած «բավականին հետաքրքիր ժառանգության մասին», նա նշել է, որ վերջին ժամանակներում այնպիսի ճարտարապետական շինությունների նախագծային թույլտվություններ են տրվել, որոնք ուղղակի ապշեցնում են․ «Բայց պրոբլեմը նա է, որ ես այսօր իրավասություն չունեմ արդեն հաստատված նախագծերը, արդեն կազմակերպված հողատարածքները շինարարության համար ինչ-որ չափով օրենսդրական դաշտով կարողանամ ետ բերել»։
Նա նաև հայտարարել է, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում որևէ հուշարձան չի քանդվելու։
«Կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որևիցե հուշարձան, պարտավոր են ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները», – ասել է Մեսչյանը՝ խոստովանելով, որ միանգամից ամբողջ քաղաքը բերել այն տրամաբանական վիճակի, որի մասին մենք բոլորս մտածում ենք, հնարավոր չէ։ «Բայց հնարավոր է թաղամաս առ թաղամաս բոլոր հարցերով, նույնիսկ էն գազի խողովակների, էն այլանդակ սարդոստայնը, որ կապել է ամբողջ քաղաքը։ Ոչ մի քաղաքում գազի խողովակները և խողովակաշարերը էն տարբերակով չեն, ինչպես կատարվում է Երևանում։ Դա ուղղակի խայտառակություն է։ Եվ մանսարդների տեսանկյունից, և բակային հարցերի, և ավտոտնակների․․․ Թաղամաս առ թաղամաս պետք է մաքրել, բերել նորմալ վիճակի, ուրիշ ձև չկա»։
Մեսչյանը նաև կոչով դիմել է սրճարանների սեփականատերերին․ «Նրանք, ովքեր իրենց տրամադրված սահմաններից դուրս են եկել և կանաչ տարածքներ զբաղեցրել իրենց բեսեդկաներով և սեղանիկներով, ելնելով առիթից, որ տուրիստական սեզոնն արդեն ավարտվել է, խնդրում եմ մինչև գարուն բոլորդ վերադարձեք ձեզ տրամադրված սահմանները, որովհետև ունենալու եք պռոբլեմ՝ և մեծ»։
Նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մասին հարցին, մասնավորապես, տարածված կարծիքին, որ հենց նրա օրոք է Երևանը կորցրել իր դիմագիծը, Արթուր Մեսչյանը պատասխանել է, որ հաճախ է լսում, օրինակ, Հյուսիսային պողոտայի վերաբերյալ բողոքների մասին։ «Բայց բողոքողների 90 տոկոսը երեկոյան քայլում է այդ փողոցով։ Այսինքն Հյուսիսային պողոտան դարձել է Երևանի ամենասիրված տեղերից մեկը»։ Արդեն ասուլիսի ավարտին Մեսչյանին հիշեցրել են, որ բողոքները, մասնավորապես, վերաբերում էին տարածքից վտարված և համապատասխան փոխհատուցում չստացած մարդկանց խնդրին։