Գլխավոր / Հայաստան / Անժամկետ գործադուլ․ Ողջ Հայաստանով դադարեցվել է երկաթուղու աշխատանքը

Անժամկետ գործադուլ․ Ողջ Հայաստանով դադարեցվել է երկաթուղու աշխատանքը

Նոյեմբերի 8֊ին բողոքի են դուրս եկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները՝ պահանջելով չկրճատել աշխատավարձի՝ մինչ այժմ իրենց տրվող հավելավճարները։ Աշխատակիցները եկել էին ընկերության կենտրոնական գրասենյակ՝ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում։

Այս պահին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում դադարեցվել է երկաթուղու աշխատանքը։ Գործադուլ են անում Երևանի, Գյումրու, Վանաձորի, Ալավերդու, Սանահինի և Հրազդանի գնացքավարները։

«25 տոկոս հասանելիից ստացել ենք 10 տոկոսը՝ 15 տոկոսը կտրել են։ Էս վերջի 4 ամիսը մենք ստացել ենք 25 տոկոս։ 10 ամսվա կտրվածքով, որ ունեցել ենք գերաճ բյուջեում, էսօր մեզ տալիս են 10 տոկոս պարգևավճար։ Մենք չենք ուզում աշխատավարձ բարձրացնեն, մեր քրտինքն ենք ուզում։

Տեսանյութը՝ «Ազատության» ռադիոկայանի

Պահած գումարները յուրաքանչյուրի համար կազմում է մոտավորապես 25֊40 հազար, նայած ում ինչքան պակաս ա եկել։ Էս ազգը սաղ բանկերի տակ ճռռում ա, էքուց կբռնեն սև ցուցակ կգցեն, ի՞նչ ենք անելու», — ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

«Դա ահագին գումար է։ Ղեկավարները կարող են իրենց գումարով յոլա գնալ, բայց մենք 150 կամ 100 հազարով, 80 հազարով չենք կարող։ 20 հազար և ավելին քիչ չի ընտանիքի համար», — նշել է ակցիայի մեկ այլ մասնակից։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյան Epress.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ հավելավճարները ձևավորվում են ամեն ամսվա արտադրական ցուցանիշի արդյունքից։ Վերջին երկու ամսվա արտադրական ցուցանիշներում, ըստ նրա, անկում կա, ինչը կապված է բեռնափոխադրման ծավալների ցածր ցուցանիշի հետ։

Բողոքի ակցիայի մասնակիցները հակադարձել են այս հիմնավորմանը․ «Իրանք ասում են՝ դուք չեք կատարել ձեր առջև դրված պլանային աշխատանքները։ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը որ կանգնել ա սեպտեմբեր ամսին, մենք սեպտեմբեր ամսին չենք կատարել մեր առջև դրված պլանային աշխատանքները, բայց ոչ մեր մեղքով։ Մենք աշխատել են ինչքան որ մեզ տրված ա էղել ժամով։ Դաժե աշխատել ենք դրանից ավել։ Մենք աշխատել ենք նույն ծանրաբեռնվածությամբ, ոչ մի տարբերություն չի էղել մյուս ամիսների հետ։ Ունենք ամսական ժամ, ու բոլորը էդ ժամից ավել են աշխատել՝ իրենց հասանելիք ժամից ավել»։

Աշխատակիցների խոսքով, այս խնդրի շուրջ հանդիպում և քննարկում է եղել, սակայն իրենք ընդհանուր հայտարարի չեն եկել․ «Երեկ մեզ մոտ էկել ա մեր վարչության գլխավոր ինժեները, բանակցություններ են տեղի ունեցել, ընդհանուր հայտարարի չենք էկել։ Տարբերակն էն ա, որ էսօրվա դրությամբ մենք կարանք 10 տոկոս ձեզ տանք, 15 տոկոսը չենք կարող տալ։ Փաստացի համաձայնության չենք եկել, անժամկետ շարունակվելու ա էս վիճակը, մինչև մեր գումարները տան։ Դա, կարելի է ասել, ամբողջ երկաթգծի որոշումն ա։ Ոչ միայն մեքենավարների գումարն են կրճատել, «Հարավկովկասյան երկաթուղու» բոլոր պարգևավճարները տվել են 10 տոկոս», — ասել է բողոքողներից մեկը։