Գլխավոր / Բանտ / Նոր որոշում բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվողների համար

Նոր որոշում բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվողների համար

Նոյեմբերի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որում նա առաջարկում է փոփոխություն կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում։

Հարցը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վրա, այն անձանց նկատմամբ, որոնց 27 տարին լրանում է մինչեւ այդ ժամկետը, իսկ պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին, հայտնում է Armtimes.com-ը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք։

Ակնկալվում է, որ այս օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Բանակից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից եւ անարգել վերադառնալ հայրենիք: