Գլխավոր / Համայնքներ / Ուրցաձորցիներին հաջողվեց պաշտոնից զրկել «մինչ այդ էլ» հարուստ գյուղապետին

Ուրցաձորցիներին հաջողվեց պաշտոնից զրկել «մինչ այդ էլ» հարուստ գյուղապետին

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները մինի հեղափոխություն են համարում իրենց բողոքի ակցիաներից հետո գյուղապետի հրաժարականը։

«Մենք էդ ազատությունը արդեն ապրիլյան հեղափոխության ժամանակ կերտել էինք մեր ձեռքերով, ու էսօր երիտասարդներով ու նաև մեծերին ունենալով մեր կողքին կարողացանք անել ուրցաձորյան այս մինի հեղափոխությունը», — «Ազատության» հետ զրույցում ասում էր ուրցաձորցի մի երիտասարդ աղջիկ։

19 տարի Ուրցաձոր գյուղը, վերջին տարիներին էլ՝ համանուն խոշորացված համայնքը ղեկավարած Ռաֆիկ Անդրեասյանը թեև հրաժարական է տվել, բայց պատրաստվում է կրկին առաջադրվել նույն պաշտոնի համար։ Վստահ է՝ հաղթելու է։ Նա պնդում է, որ իր դեմ բողոքողներն ընդամենը անհատական խնդիրներ են բարձրաձայնում։

Մի խումբ ուրցաձորցիներ անցած ամիս բողոքի էին դուրս եկել ընդդեմ Ռաֆիկ Անդրեասյանի, հայտարարելով, թե վերջինս տարիներ շարունակ բազմաթիվ չարաշահումներ է իրականացրել, մոտ 5 միլիոն դրամ համայնքի բյուջեից հատկացրել է սոցիալապես անապահովներին, որոնց շարքում նաև իր բարեկամներն են, ինչպես նաև իր տղայի անունով սեփականացրել է 18 հեկտար հող։

Գյուղապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Ավետիսյանը։ Վերջինիս խոսքով՝ արդեն նախկին գյուղապետը 19 տարիների պաշտոնավարման ընթացքում ունեցվածք է դիզել բոլորին անհայտ ճանապարհով։

«Էսօր գյուղում կան ընտանիքներ, որ հողակտոր չունեն, բայց իրենք կարողանում են տնօրինել մեծ տարածքների, գազալցակայան ունեն, կավի հանքարդյունաբերական տարածք, որտեղ նաև սեփականատեր է հանդիսանում 50 տոկոսով իրա դուստրը՝ Հայկուհի Անդրեասյանը», — պատմում է ժամանակավոր պաշտոնակատարը։

Ռաֆիկ Անդրեասյանը հակադարձում է՝ մինչ գյուղապետ դառնալն էլ հարուստ էր․ «Ես որ եկել եմ որպես համայնքի ղեկավար, ինքս եղել եմ նորմալ, ապահովված ընտանիքից, իմ էրեխեքը գիշեր-ցերեկ աշխատում են։ Էսօր գնացեք, գյուղում հարցրեք՝ ասեք իմ տղա Դավիթի չափ ով ա՞ աշխատում։ Շատ քիչ երիտասարդներ կլինեն, որ էդ տարիքում գիշեր-ցերեկ վազում են, աշխատում են»։

Ուրցաձորցիները երկու ճամբարի են բաժանվել։ Մի մասը նոր գյուղապետ է ուզում, մյուս մասը նախկինի վերադարձն է պահանջում: Ընդդիմադիրները մատնանշում են Ռաֆիկ Անդրեասյանի չարած գործերը, հակառակ կողմում հիշեցնում են արածները։

Փետրվարին Ուրցաձորում արտահերթ ընտրություններ կլինեն։ Նախկին գյուղապետի վերընտրվելու շանսերը տարբեր ճամբարներում տարբեր են գնահատում։