Home / Առողջապահություն / Մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ֊ի ևս երկու նախկին աշխատակցի

Մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ֊ի ևս երկու նախկին աշխատակցի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ ևս երկու նախկին աշխատակցի մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Ավելի վաղ կառույցը փաստեր է ձեռք բերել՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի կողմից իրականացված չարաշահումների վերաբերյալ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում էր կայացվել Մինասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ արձանագրված չարաշահումներին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարի և մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալի առնչության վերաբերյալ։ Ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Նոյեմբերի 7-ի դրությամբ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ, որոնցից մեկի՝ ՓԲԸ-ի նախկին տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։