Գլխավոր / Ազգային ժողով / Շարմազանովն ընդդիմություն է խաղում և ստիպված է «վերհանել բացասականը»

Շարմազանովն ընդդիմություն է խաղում և ստիպված է «վերհանել բացասականը»

«Հիմնականում քաղաքական շեշտադրումներով» 2019 թվականի բյուջեի նախագծի՝ ԱԺ֊ում քննարկման ժամանակ հանդես եկավ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Բնականաբար, երբ որ իշխանության ներկայացուցիչ էի, ներկայացնում էի բյուջեի հիմնական դրական կետերը։ Այսօր արդեն ընդդիմություն եմ և, բնականաբար, ինչպես չգրված օրենքում կա, իշխանությունը ներկայացնում է դրականը և իր աշխատանքը, ընդդիմությունը պետք է վերհանի բացասականը», ֊ մասնավորապես, հայտարարել է հանրապետականը։

Խոսելով ապրիլին և մայիսին երկրում տեղի ունեցած իրադարձությունների մասին, նա ենթադրեց, որ ապագա պատմաբանները դրանց «իշխանափոխություն», «հեղափոխություն», «հեղաշրջում» անվանումներից մեկը կտան, սակայն, ամեն դեպքում, կատարվածի պատճառներից մեկն, ըստ Շարմազանովի, այն էր, որ ժողովուրդն ուներ չբավարարված սպասելիքներ։ «Այսինքն տնտեսական աճի բավարարվածություն չկար, աշխատատեղերի բավարարվածություն չկար, միգուցե, արդարության հետ կապված խնդիրներ կային», ֊ փորձեց կռահել ՀՀԿ֊ականը՝ չցանկանալով տեղափոխվել ինքնաքննադատության դաշտ և վերադառնալով նոր կառավարության գործունեությունը վերլուծելուն։ Նա նկատել է, որ սպասումները նոր կառավարությունից չափազանց շատ են, որովհետև «հեղափոխության լիդեռները և այն ժամանակ դեռևս համաժողովրդական շարժման լիդեռ Փաշինյանը» շատ բարձր պլանկա էր դրել։

«Հիմա մենք տեսնում ենք՝ այս սպասումներն արդարացվո՞ւմ են այս բյուջեով, թե չէ։ Երբ կառավարությունն ասում է՝ սա իներցիոն բյուջե է, ես համամիտ չեմ։ Իներցիոն է 2018 թվականի բյուջեն, որովհետև այն ընդունվել էր մեր իշխանության ժամանակ, Կարեն Կարապետյանի աշխատանքի ժամանակ և, բնականաբար, Փաշինյանի կառավարությունը ստիպված էր աշխատելու այն իներցիոն բյուջեով, որը ներկայացրել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը և որն ընդունվել է Հանրապետական մեծամասնությունը։ Բայց ասել, որ 2019-ի բյուջեն իներցիոն բյուջե է, կներեք, սա որևէ քննադատության չի դիմանում։ Սա այն բյուջեն է, որը բերել եք դուք, որի պատասխանատուն ձեր քաղաքական ուժն է և պարոն վարչապետը»։

Խոսելով այն մասին՝ արդյոք հաջորդ տարվա բյուջեն ավելի լավը կամ վատը պետք է լինի, Շարմազանովը փաստել է, որ մարդիկ դուրս էին եկել հրապարակ նաև այն պատճառով, որ վատ էին ապրում․ «Հիմա, եթե 28 թվականի բյուջեով 6․5 տոկոս տնտեսական աճ էր գրված, պարոն ֆինանսների նախարարը թույլ չի տա ես ստեմ, չէ՞, պարոն Ջանջուղազյան, 4․9 է գրված, գնաճը 3․5 տոկոս է։ Հիմա 6․5 տոկոսի տնտեսական աճո՞վ են լավ ապրում, թե՞ 4․9-ով»։

Tekali Taxi