Գլխավոր / Բանակ / Բռնաբարված զինվորի «արցախյան» մղձավանջը չի ավարտվում

Բռնաբարված զինվորի «արցախյան» մղձավանջը չի ավարտվում

Նոյեմբերի 21-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում շարունակվելու է ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում տեղի ունեցած զինվորի բռնաբարությանն առնչվող դատավարությունը: Զինծառայողը երևանցի Կ-ն է, որի նկատմամբ բանակ զորակոչվելու հենց առաջին օրերին բռնություն է տեղի ունեցել՝ սպա Գ-ն, տղայի խոսքերով, նրան ծեծել է և պարբերաբար բռնբաբարել, գրում է Forrights.am կայքը։

Այս խայտառակ դեպքից հետո, որի մասին տղայի մորը և հրամանատարին հայտնի է դարձել հունվարին, ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով: Հարուցումը ձևական էր: Գ-ի նկատմամբ խափանման միջոց չկիրառվեց, նա օգտվում էր ազատ տեղաշարժվելու իրավունքից, և, իհարկե, հերքում, որ ծեծել ու բռնաբարել էր զինվորին: Իսկ մի քանի ամիս հետո սուտ մատնության մեղադրանք առաջադրվեց զինծառայող Կ-ին:

«Նրան պահում էին ռազմական ոստիկանությունում, ինչպես ինքը հետագայում պատմեց՝ ճնշումների տակ, ստիպեցին ինքնախոստովանական ցուցմունքներ գրել, թե, իբր, ինքը զրպարտել է սպային: Դատարանում տղան հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից ու պնդեց իրեն բռնաբարելու վերաբերյալ նախնական ցուցմունքը: Այսպես, բանակային ծառայությունը Կ-ի համար վերածվեց մղձավանջի», — նշում է հեղինակը։

Նախաքննության ողջ ընթացքում Կ-ի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը պայքարում էր, որ զինծառայողին զերծ պահեն բռնաբարության մեջ կասկածվողից, նրա հնարավոր ներազդումից, ճնշումներից ու սպառնալիքներից: Իսկ զինվորի մայրը պայքարում էր, որ փոխեն նրա ծառայության վայրը՝ Արցախից բերեն Հայաստանի որևէ զորամաս, թեկուզ ամենահեռավորը: Բայց ո՛չ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որն ունի հայաստանցի զինծառայողին հայրենիք տեղափոխելու լիազորություն, ո՛չ էլ Արցախի ՊԲ-ն երկար ժամանակ չէին կատարում այդ խնդրանքը:

Վերջապես, մի երկու շաբաթ առաջ տղային Մարտակերտից տեղափոխեցին մոտակա զորամասերից մեկը, որը գտնվում է Մատաղիսում, սակայն նույն ենթակայութան զորամաս է, և զինծառայողի նախկին ծառայության վայրից սպաները ազատ ելումուտ ունեն նաև այս զորամաս:

Փաստաբան Հայարփի Սարգսյանը ստիպված էր գրել դատախազություն, հայտնելով, որ նոր զորամասը Մարտակերտից հեռու չէ, և մտավախություն կա, որ երիտասարդի նկատմամբ նորից ճնշումներ կիրականացվեն, ինչը արդեն եղել է: Սպա Գ-ին նա մեղադրում է ծանր հանցանքի մեջ: Եթե հանկարծ ապացուցվի, որ նա զինվոր է բռնաբարել, ապա նա ծանր պատիժ է կրելու ոչ միայն ազատազրկման տեսքով, այլև կորցնելու է իր տեղը կյանքում, իր սպայի պատիվն ու արժանանալու է ընկերների ու ապագա խցակիցների դաժան վերաբերմունքին: Այնպես որ Գ-ն կորցնելու շատ բան ունի, և միանգամայն սպասելի է, որ զինծառայող Կ-ի վրա ներազդելու նոր փորձեր կձեռնարկվեն:

«Ես դիմել եմ պաշտպանության նախարարություն, պահանջելով, որ Կ-ն տեղափոխվի այնպիսի զորամաս, որը չի գտվնում Մարտակերտի ենթակայության տակ», — ասում է Հայարփի Սարգսյանը: Նա սպասում է պատասխանի: Այս գործով առհասարակ թղթաբանությունը շատ է՝ անթիվ դիմումներ ՊՆ, գլխավոր դատախազություն, ՄԻՊ, նույնիսկ վարչապետին, մինչդեռ զինվորի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի պայմաններում նրա տեղափոխությունը հնարավոր ճնշումներից ու սպառնալիքներից զերծ պահելու նպատակով արագ կարող էր կազմակերպվել:

Բայց ինչ սրտացավության մասին է խոսքը, երբ պաշտպանության նախարարությունը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ կարգավիճակում է գտնվում ծանր վիճակում հայտնված ժամկետային զինծառայողը: ՀՀ պաշտպանության նախարարությունն այն աստիճանի անտարբեր է իր զինվորիների նկատմամբ, որ տեղյակ չէ, որ Արցախում նրան զրկել են օրինական արձակուրդի իրավունքից, և արդարացնում է այս որոշումը:

Ըստ Զինդատախազության նոյեմբերի 3-ի գրության՝ զինծառայողին «ՊԲ 33651 զորամասից ՊԲ այլ զորամաս տեղափոխելու վերաբերյալ գրություն է ուղարկվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ֊լեյտենանտ Լ․ Մնացականյանին՝ միաժամանակ բացառելով զինխառայողի ․․․․ հետագա ծառայությունը 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի ենթակայության տակ գտնվող որևէ այլ զորամասում»։ Զինխառայողի հետ կապված օրինական որոշումները փաստացի անտեսվում են ՊՆ-ի կողմից։

Մանրամասներն՝ այստեղ