Ղարաբաղում՝ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում սպան զինվորի է բռնաբարել: Այս մասին Forrights.am-ին պատմեց զինծառայողի մայրը: «Տղաս զորակոչվել է հունվարի 15-ին: Առաջին զանգը ամսի 18-ին ա եղել, արդեն Մարտակերտում էր: Ասեց՝ մամա ջան, ես էս ինչ տեղն եմ, երկրորդ անգամ զանգեց, դեռ կարանտինի մեջ էր՝ բա, մամա, արի ինձ փրկի»:
Մի քանի անգամ որդին զանգել է և օգնության է կանչել մորը, սակայն, չի պատմել, թե ինչ է կատարվել իր հետ: Զինվորական երդման օրը մայրը տեսել է որդուն: «Նեղված վիճակում էր։ Ասում եմ՝ բալես, ինչ ա եղել, չի ասում, մենակ ասում է՝ օգնի ինձ: Ախր, ինչ ա եղել, իմանամ, որ օգնեմ: Վերջը երկու օր անց մի կերպ պատմեց, որ իր անմիջական հրամանատարը իրեն «ադյալի» մեջ փաթաթել, ծեծել ա, 4-ից 5 օր հետո էլ բռնաբարել ա։ Սկզբում ծեծել ա, հետո բռնաբարել»:
Զինվորի մայրը պատմում է, որ բռնաբարությունները պարբերաբար բնույթ են կրել: «Դրանից հետո էլի եղել է մի 4-5 անգամ: Ինձ ասում էին՝ երեխեդ կապված ա քեզ, դրա համար նվնվում ա», – պատմում է նա: Բղավելով է խոսում, դեպքի մասին հիշելով, կարմրում է, շնչակտուր է լինում: «Փաստորեն, տղաս էդ վիճակով «պրիսյագ» է ընդունել փետրվարի երեքին: Ինձ ասեց՝ մամա ջան, ես չգիտեմ, ոնց եմ ապրելու, հիմա դու կթողես, կեթաս, ինքը ինձ կսպանի», – ասում է զինվորի մայրը:
Որդին նրա աչքին ճնշված, վախեցած տեսք է ունեցել: Մայրը որդուն անմիջապես տարել է զորամասի հրամանատարի մոտ: «Ասեցի՝ տղա ջան, լրիվ պատմում ես: Ես դուրս եկա սենյակից, չէի կարող լսել», – ասում է կինը:
Հրամանատարը զարմացել է, որ նման բան կարող էր տեղի ունենալ: «Մենք բոլոր զինվորներին մեր երեխեքի չափ ենք սիրում», – ասել է նա:
Հայաստանի քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցված սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով: Զինծառայողը տուժող է ճանաչվել: Նրան ապօրինաբար, առանց որևէ իրավական հիմքի փետրվարից մինչ օրս պահում են ռազմական ոստիկանությունում, իսկ բռնարարքի մեջ կասկածվող կապիտանը ազատության մեջ է և շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները:
Տեղեկանալով, որ որդին պահվում է ռազմական ոստիկանությունում, մայրը փետրվարի կեսին նամակով դիմել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հայտնել է նրան դեպքի մասին, պահանջելով որդուն ռազմական ոստիկանությունից անհապաղ հանել և տեղափոխել Հայաստան, սակայն մինչ օրս նախարար Վիգեն Սարգսյանը չի պատասխանել զինվորի մորը:
Փաստ է, որ նախարարը գիտի դեպքի մասին, տեղյակ է, որ զինծառայողին անօրինական ձևով պահում են ռազմական ոստիկանության մեկուսարանում, և ոչինչ չի ձեռնարկել, նշում է forrights.am-ը: Տեղյակ լինելով այս ամենին՝ նախարարը հանցավոր անտարբերություն է ցուցաբերում:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը, որը պաշտպանում է զինծառայողի շահերը, նրան տեսակցել է մարտի-27-ին Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում:
«Անհերքելի փաստ է, որ մինչ ՌՈ տեղափոխելը իմ վստահորդը դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել հանցագործության մասին և գտնվելով ռազմական ոստիկանությունում փոխել է իր նախնական ցուցմունքը, հերքել է նախորդ ցուցմունքներում հայտնածը, և առավել քան ակնհայտ է, թե ինչպիսի հանգամանքներում նա կարող էր փոխել իր ցուցմունքները», – ասում է Հայարփի Սարգսյանը:
Փաստաբանի գրավոր հարցմանը, թե ինչ հիմքով է իր վստահորդը պահվում ՌՈ-ում, հանդիսանալով որպես տուժող, մինչ օրս չեն պատասխանել: Երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննիչ Արտակ Ոսկանյանը, որի վարույթում գտնվում է այս գործը, պատասխանեց forrights.am-ի հարցերին:
– Ի՞նչ հիմքով եք զինծառայող Կ-ին, որը տուժողի կարգավիճակում է, պահել ռազմական ոստիկանության մեկուսարանում:
– Նրան ռազմական ոստիկանությունում չեն պահել: Ոստիկանության տարածքում նույն զորամասային պայմաններն են ստեղծված, Կ-ն մյուսների հետ օգտվում է միևնույն ճաշարանից, սովորական պայմաններն են. ուղղակի, հաշվի առնելով գործի հանգամանքները, նա մյուսներից առանձին է պահվում: Արտակ Ոսկանյանը նաև հայտնեց, որ երեկ, ապրիլի 9-ին գործն ուղարկվել է դատարան, զինծառայող Ն-ի կարգավիճակը փոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 333 հոդվածով՝ «Սուտ մատնություն»:
Փաստորեն, մոտ մեկ ամսվա հապճեպ նախաքննությունից հետո գործը ուղարկվել է դատարան, իսկ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել ծանոթանալ գործի նյութերին:
«Եթե իմ վստահորդը, ըստ քննիչի, ՌՈ-ում չի պահվել, ապա որտեղ եմ ես նրան տեսակցել Մարտի 27-ին, երբ նա ուներ տուժողի կարգավիճակը: Իմ վստահորդը երկու ամիս շարունակ ապօրինի կարգով պահվում է Ստեփանակերտի ՌՈ-ում, ունենալով տուժողի կարգավիճակ և այդտեղ գտնվելու արդյունքում է փոխել իր նախնական ցուցմունքը՝ այդ պային իր կողքին չունենալով փաստաբան: Այսպիսով իմ վստահորդը շարունակական խոշտանգման է ենթարկվում», մտահոգված է փաստաբանը:
Փաստաբան Հայարփի Սարգսյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն: «Չունենալով քրեական գործի նյութերը, ես զրկված եմ Կ-ի իրավունքները և օրինական շահերը ներկայացնելու հնարավորությունից, և արդարամտորեն հույս ունեմ, որ գլխավոր դատախազությունը կմիջամտի նշված խնդրի արդարացի լուծմանը», – նշել է Հայարփի Սարգսյանն իր բողոքում:
Փաստաբանը նկատել է նաև, որ Կ-ն ունի մաշկային խնդիրներ: Նա պիտի ազատվեր զինվորական պարտականությունից կամ արձակուրդ տրամադրվեր նրան: Զինծառայողը միակողմանի ծնողազուրկ է և միայնակ մոր միակ որդին է:
Ապրիլի 7-ի գրությամբ փաստաբանը պարզաբանում է պահանջել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, պահանջել Կ-ին անհապաղ տեղափոխել Երևան, դադարեցնել նրա զինվորական պարտականությունները, քանի որ նա համապատասխան բուժման կարիք ունի, սակայն դեռ պատասխան չի ստացել:
Կապիտան Գ-ն ժխտում է սեռական բռնությունների մասին տեղեկությունը, երդվում է երեխաների և ծնողների արևով: «Իմ 28 տարվա կյանքում սա ամենաանհեթեթ թեման է: Եթե ճանաչեիք իմ ընտանիքին, իմ ծնողներին, իմ ընկերներին, դուք հիմա կգայիք, որ ինձ հետ ծանոթանայիք», – ասաց նա forrights.am-ի հետ հեռախոսազրույցում:
Եթե այդպես է, ինչո՞ւ էր պետք այդ տղային ձեզ անվանարկել, նորակոչիկ, մի քանի օր բանակում ծառայած, ի՞նչ նպատակ էր հետապնդում: Forrights.am-ի այս հարցը Գ-ին հանեց հունից: «Ես տղա չեմ անվանի նրան, եթե մի տղա, որը ի ծնե տղա է, տղան միայն օրգանիզմի հատկանիշներով չի որոշվում, ի վիճակի է նման մեղադրանքներ ներկայացնել…Ես շատ խիստ եմ իմ վաշտի զինվորների հետ: Նա ամեն ինչ կարող էր ասել, բանակային ծառայության դժվարություններից խուսափելու համար»:
Սյուզան Սիմոնյան