հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկանները չեն օգնել բռնաբարության զոհին. նախագահականի մոտ բողոքում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները չեն օգնել բռնաբարության զոհին. նախագահականի մոտ բողոքում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բռնաբարության զոհ դարձած կնոջ գործով իրավապահ մարմիները պատշաճ քննություն չեն  իրականացրել, արդյունքում՝ 28-ամյա Հասմիկը (անունը փոխված է) չի կարողացել հասնել արդարադատության, թեև չի վախեցել իր անձի շուրջ հասարակական քննարկումներից և դիմել էր ոստիկանությանը: Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հայտարարել են կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Գործում թույլ տրված իրավախախտումների մասին բարձրաձայնելու նպատակով՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բողոքի ակցիա է անցկացրել նախագահական նստավայրի դիմաց: Կոալիցիայի անդամներից 4 մտել են նստավայր, նամակների բաժին են հանձնել քրեական գործում առկա խախտումների մասին իրենց դիմումը: Ըստ կոալիցիայի անդամների տրամադրած տեղեկատվության՝ գործը քննվել է երեք քննիչների կողմից՝ Ա. Կավեյան, Կ. Հակոբյան, Վ. Մանուկյան: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» նախագահ Լարա Ահարոնյանը՝ երեք քննիչներն էլ խախտել են գործի կոնֆիդենցիալությունը՝ կնոջ ծանոթներին հայտնել բռնաբարության մասին, ճնշումներ են գործադրել կնոջ ընտանիքի վրա:  Քննիչներից մեկը նույնիսկ բարեկամական կապ է ունեցել գործով կասկածյալի հետ: 

«Հասմիկ անունը մենք պայմանական ենք օգտագործում՝ կնոջ ապահովության համար և որովհետև մեզանից յուրաքանչյուրը կարող է  հայտնվել նման վիճակում»,-ասել է Ահարոնյանը: 

Նշենք, որ բռնաբարության մեջ կասկածվող անձը  գտնվում է ազատության մեջ, թեև դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ և գործը հասել է Վճռաբեկ դատարան, նրա նկատմամբ կալանք չի կիրառվել: Հասմիկի գործով արդարադատություն պահանջող  քաղաքացիները նախագահական նստվայրից հետո երթով գնացել են դեպի Վճռաբեկ դատարան: