Մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Հարավկովկասյան երկաթուղի»-ն տուգանվեց 30 մլն դրամի չափով։
Նոյեմբերի 21-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության: Մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերությունը տուգանվեց 30 մլն դրամի չափով:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը: Ըստ բողոքի՝ «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը, ինչի հետևանքով ընկերությանը ֆինանսական լուրջ վնաս է պատճառվել և խաթարվել դրա բնականոն գործունեությունը: «ԱՄ գրուպ» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» ձեռք է բերել 40 երկաթուղային վագոն` դրանք հետագայում վերանորոգելու և Վրաստանում վերավաճառելու նպատակով: Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ երկաթուղին խոչընդոտում է տնտեսվարողի գործունեությանը, մասնավորապես, հրաժարվում իրականացնել թե՛ դրանց վերանորոգումը և թե՛ փոխադրումը` վագոնները փաստացի պահելով իր տիրապետության տակ: Քանի որ ՀՀ տարածքում երկաթուղային փոխադրում իրականացնող այլ ընկերություն չկա, «ԱՄ գրուպ»-ն իր տնտեսական գործունեությունը իրականացնելու համար այլընտրանք չունի, այսինքն վագոնները այլ կերպ և այլ ճանապարհով Վրաստան տեղափոխումը պարզապես անհնար է:
Տեսնելով, որ տարեցտարի վագոնների կանգնած մնալու հետևանքով իր գործունեության վնասն ավելի է մեծանում, «ԱՄ գրուպը» խնդրել է դրանք տեղափոխել առանց վերանորոգման։ ՀԿԷ-ն պատասխանել է, որ տնտեսվարողը իրեն պարտք է ընդհանուր առմամբ 150 մլն դրամ, որը հաշվարկվել է որպես վագոններն իրենց պատկանող տարածքում կայանելու և պահպանման ծախս: Ու թեև երկու կողմերի միջև պահպանման կամ նման այլ պարտավորությունների վերաբերյալ որևէ համաձայնություն կամ գրավոր փաստաթուղթ առկա չէ, այնուամենայնիվ, այդ պատճառաբանությամբ ՀԿ երկաթուղին հրաժարվել է համագործակցությունից:
Երկաթուղային միակ բեռնափոխադրող ընկերության վարքագծի հետևանքով «ԱՄ գրուպ»֊ը կրել է լուրջ ֆինանսական վնասներ՝ հասնելով սնանկության։
Ֆինանսական խնդիրների պատճառով տնտեսվարողը վագոնները գրավադրել է «Արմսվիսբանկ»֊ում` հետագայում դրանք վաճառելու և բանկի պարտքը մարելու ակնկալիքով: Սակայն «Հարավկովկասյան երկաթուղու» վարքագծի հետևանքով վագոնների վաճառքի շուրջ Վրաստանի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են համարվել , հետևապես անհնար է դարձել նաև բանկի վարկի մարումը և գրավադրված վագոններն անցել են բանկի տիրապետության տակ: Բանկը ևս իր հերթին փորձել է բանակցել ՀԿ երկաթուղու հետ՝ վագոնները Վրաստան տեղափոխելու և վաճառելու ուղղությամբ, սակայն մերժում է ստացել:
«Հարվկովկասյան երկաթուղու» դեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով է դիմել նաև «Արմսվիսբանկը»։ Բողոքում նշվում է, որ անհասկանալի է երկաթուղու վարքագիծը, քանի որ վերջինս, ըստ էության, խոչընդոտում է իրացնել փաստացի արդեն բանկին պատկանող գույքը: Մենաշնորհային դիրք ունեցող ընկերության վարքագծի, տվյալ պարագայում գերիշխող դիրքի չարաշահման հետևանքով անհնար է դարձել «ԱՄ գրուպի» հետագա գործունեությունը, ինչն էլ հասցրել է գործող ընկերության սնանկացման:
Վարչական վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ տևական ժամանակ երկաթուղին մշտապես տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է համագործակցել նախ «ԱՄ գրուպ»֊ի, ապա նաև «Արմսվիսբանկի» հետ՝ խոչընդոտելով տնտեսվարողների գործունեությանը և չարաշահելով իր գերիշխող դիրքը: ՏՄՊՊՀ որոշմամբ, «Հարավկովկասյան երկաթուղին» պայմանագրի կողմերին՝ «ԱՄ գրուպ»֊ին և «Արմսվիսբանկ»֊ին պարտադրել է նրանց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես չհիմնավորված պայմաններ, ինչը հանդիսանում է օրենքի խախտում՝ գերիշխող դիրքի չարաշահում: