Գլխավոր / Բանակ / Հայաստանյան բանտը բոլոր կալանավորներին դարձնում է քաղբանտարկյալ․ հատված զրույցից

Հայաստանյան բանտը բոլոր կալանավորներին դարձնում է քաղբանտարկյալ․ հատված զրույցից

Եթե պետությունը չի կարողանում բանտում նորմալ պայմաններ ապահովել, ուրեմն բանտարկյալը պետք է բատնում չլինի, անկախ նրանից՝ հանցագործ է, թե՝ ոչ։ Այս մասին Epress.am-ին տված հարցազրույցում հայտարարել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Պայմաններն անտանելի են, և մարդը չպետք է հայտնվի այդ պայմաններում, կամ պետք է բարի լինեն և դատարանի վճռում նշեն՝ ազատազրկել 5 տարի ժամանակով, գումարած դրան՝ ցուրտ բանտախուց, կեղտոտ հագուստ, վատ մարդկային վերաբերմունք։ Եթե այդ ամենը չկա դատավճռում, ուրեմն մարդը բողոքելու իրավունք ունի, մենք էլ իրավունք ունենք ասելու, որ այդ մարդը քաղբանտարկյալի կարգավիճակ ունի»։

Հայաստանն, ըստ Հարությունյանի, չի կարողանում ձերբազատվել իր խորհրդային անցյալից․ երբ տեսնում ենք, թե ինչպես են մյուս հետխորհրդային երկրներում մարդկանց հետ վարվում ձերբակալման պահին, հասկանում ենք՝ որքան ենք նույնացել մեր անցյալի հետ։ Իսկ խորհրդային անցյալից ձերբազատվելու կարևորագույն ցուցիչը կլինի մարդու նկատմամբ վերաբերմունքը․ «Հենց որ մեզանում կփոխվի մարդու նկատմամբ վերաբերմունքը, մենք կսկսենք մարդուն ընկալել որպես բարձրագույն արժեք, ոչ թե հայրենիքը, աշխարհագրական տարածքը, վերացական Արարատ լեռը, այլ մարդը, որ էդ լեռան ստորոտում պիտի քայլի, որ էդ երկրում պետք է ապրի, մարդը, որ պետք է ապրի ապագա երկրում, որի սահմանները ոմանք պատկերացնում են չգիտեմ որ գետից որ գետը։ Եթե էդ մարդը կամ իր երեխան պետք է զոհվի, որպեսզի գետի մի ափից մյուս ափը կարողանաս վազել, ո՞ւմ է պետք էդ գետի ափը»։

Տվյալ պատկերացումը ժառանգվել է, մասնավորապես, բոլշևիկներից, ըստ որոնց, առաջնայինը գաղափարն է, ոչ թե մարդը, հանուն գաղափարի կարելի է մի քանի միլիոն զոհել, մի քանի երկիր կործանել, ընդհանրապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունն, ինչպես 20-րդ դարի սկզբին վարվեցին բոլշևիկները՝ ասելով, որ համաշխարհային հեղափոխության համար են զոհում հայկական շահերը Թուրքիային։

Զուգահեռներ անցկացնելով բանակի և բանտի միջև, Հարությունյանը նկատեց, որ բանակի ձևավորման տարիներից՝ 1990-ականներից, քրեական մտածողություն ներդրվեց, քանի որ քրեական աշխարհից շատերը գնացին բանակ։ «Բանակում քրեական մտածողությամբ են հարաբերությունները կարգավորվել։ Մենք ռուսական բանակի պատկերացումներով կառուցեցինք մի բանակ՝ ներդնելով ռուսական բանակին հատուկ բոլոր բացասական կողմերը՝ գումարած քրեական մտածուղությունը»։

Լրագրող Յուրի Մանվելյանը նկատեց, որ երկու դեպքում էլ խոսքը չափազանց եկամտաբեր բիզնեսի մասին է։ «Մարդուն, առանց հարցնելու, տանում են բանակ, ընդ որում, Ղարաբաղի դեպքում՝ ցինիկորեն գրում են, իբր կամավոր է գնացել, ստիպում մտածել, որ իր վրա գոռալը, հայհոյելը, վատ ուտելիք տալը նորմալ է, որ տանեցիք պետք է անընդհատ շորեր ուղարկեն․․․ Հետո էլ ասում են, թե դա կյանքի դպրոց է։ Էդ ինչ վատ կյանքի են պատրաստում։ Բանտերն էլ՝ կոյկի փող, չգիտեմ ինչի փող, նույն բիզնեսն է։ Այդտեղ էլ փողի աղբյուրը ձայնազուրկ է ու չենք էլ կարող պատկերացնել, որ կարող է ձայն ունենալ։ Ու ամեն ինչ արվում է, որ մարդ երկրորդ անգամն էլ ընկնի այդտեղ։ Այսինքն՝ դա իսկապես միայն պատժիչ մի բան է»։

Եթե դա խոշոր բիզնես է, նշանակում է՝ ինչ-որ մեկը դրանից սնվում է։ Ինչպե՞ս փոխել իրավիճակը, եթե տվյալ համակարգը պետք է սկսի գործել այնպես, ինչպես երբեք չի գործել։ Լրագրողի այս շեշտադրումները, Հարությունյանի կարծիքով, վերաբերում են բոլոր փակ հաստատություններին։ Խոսելով հարցի լուծումներից, իրավապաշտպանը նկատել է․ «Փակուղու պես մի բան է ստացվում։ Մի երկու անգամ նմանատիպ հարցերի պատասխանելիս, ես կատակով ասել եմ, որ մեր սերունդը պետք է ուղղակի վերանա, մահանա, այսինքն էդ ֆիզիկական ոչնչացումը կարող է ինչ-որ բան փոխել։ Իհարկե, աշխարհընկալում պետք է փոխվի»։