Գլխավոր / Հայաստան / «Արմենիա TV»- ի պարտադրող հայրենասիրությունը և «Հայաստան» հիմնադրամը

«Արմենիա TV»- ի պարտադրող հայրենասիրությունը և «Հայաստան» հիմնադրամը

Տարիներ շարունակ «Արմենիա» հեռուստաընկերությունը ոչ միայն հեռարձակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող հեռուստամարաթոնը, այլ նաև բազմաթիվ ձոն-հաղորդումներ է նվիրել այդ կառույցին։ Այս տարի, սակայն, հեռուստաընկերությունը հրաժարվել էր ցուցադրել հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէր գտնում։

Տելեթոնից դեռ օրեր առաջ «Արմենիա»-ով սովորաբար գովազդվում էր, թե ինչքա՜ն կարևոր է մասնակցել դրան, գումար նվիրաբերել Հայաստանն ու Արցախը շենացնելու համար։ Միջոցառումը ներկայացվում էր որպես ողջ հայության նպատակ ու երազանք․ «Մասնակից դարձի՛ր հայրենիքի ամրապնդման գործին, միացի՛ր Հայաստան համահայկական հիմնադրամի ազգային տուրքի տելեթոնին», — գովազդում էր «Արմենիա»-ն։

«Հիմնադրամը բացառիկ կառույց է, որ իր գործունեությամբ ապացուցեց, որ կարելի է ունենալ ապաքաղաքական և համազգային կազմակերպություն՝ վստահության ամենաբարձր ցուցանիշով և աշխատանքի արդյունավետությամբ, որ կգոհացնի բոլորին», — հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի նիստին նվիրված հաղորդման ժամանակ սրտացավ տոնով ասում էր Արմենիայի լրագրող Արտակ Ալեքսանյանը։

Դեռևս մեկ տարի առաջ հեռուստաընկերությունը տեսանյութ էր պատրաստել հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ։ Երկրի այդ ժամանակվա ղեկավար և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր հիմնադրամի գրասենյակ և ճառեր արտասանել հիմանդրամի կարևորության մասին․ «Հիմնադրամի առաքելությունն է օգնել Հայաստանին և Արցախին հաղթահարելու խնդիրները, կանգնել հայ մարդու կողքին»։ Նա նշել էր նաև, որ հիմնադրամի գործելաոճն է՝ աշխատել թափանցիկ։

Այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանն էլ եթերում ցուցադրաբար որոշել էր իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել հիմնադրամին։

Հիմնադրամին նվիրված իր բազմաթիվ եթերներից մեկն էլ «Արմենիա»-ն նվիրել էր այն ժամանակ հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին և «բարեգործության գաղափարին»։ Տեսանյութում պատմվում է, թե ինչպես է Վարդանյանն այցելել Բրյուսովի համալսարան և ուսանողներին պատմել բարեգործության անհրաժեշտության և կարևորության մասին․ «Հիմնադրամը ստաձնել է դեր՝ տարածելու բարեգործության գաղափարը, որը ցավոք Հայաստանում այնքան էլ տարածված չէ»։

Վարդանյանի ձոնին նվիրված հաղորդման մեջ նշվում էր, որ նրա առաքելությունը եղել է, բարեգործ լինելը։ Նրա բարեգործական առաքելությունը ընդհատվեց այս տարվա հուլիսին, երբ ԱԱԾ-ն պարզեց, նա հիմնադրամի քարտը օգտագործել է խաղատներում։ Շուրջ 10 տարի հիմնադրամը ղեկավարած Վարդանյանը հուլիսի 3-ին ձերբակալվեց յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Հուլիսի 5-ին նա գրավի դիմաց ազատվեց։

Վարդանյանը խոստովանել էր՝ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Միայն 2016-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից շուրջ 130 մլն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին։

Դրանից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվեց Հայկակ Արշամյանը։

Որպես կանոն, հեռուստամարաթոնը հեռարձակելու համար հիմնադրամը դիմում է հեռուստաընկերություններին, և նրանք անվճար հեռուստաեթեր են տրամադրում հիմնադրամին։ Դա էլ լինում է հեռուստաընկերությունների օգնությունը։

Epress.am-ի հետ զրույցում հիմնադրամի մամուլի բաժինից նշել են, որ այս տարի հեռուստամարաթոնը ցուցադրել են «Հանրային հեռուստաընկերությունը» և «Երկիր Մեդիան»։ 2018-ին հիմնադրամը չի դիմել «Շանթ» հեռուստաընկերությանը, քանի որ վերը նշված հեռուստաընկերություների «ծածկույթը բավարարել է»։ Դիմել են նաև «Արմենիա» ընկերությանը, սակայն այն հրաժարվել է ցուցադրել՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չի գտնում։

Օրեր շարուակ Epress.am-ը փորձել է կապ հաստատել հեռուստաընկերության հետ, որ ճշտի՝ ինչի հետ է կապված այդ մերժումը։ Այն դեպքում, երբ «Արմենիա»-ն միշտ ցուցադրել և գովազդել է հիմադրամը։ Ամեն անգամ մեզ պատասխանել են, որ մի քանի ժամից կզանգահարեն, կպատասխանեն մեզ, սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չենք ստացել։

Նշենք, որ Արմենիա հեռուստաընկերությունը հանդիսանում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի մասը։ Մեդիամիավորումը հիմնադրվել է 2012-ին: Այն համախմբում է հայաստանյան շուկայի առաջատար հեռուստաընկերություններ՝ «Արմենիա Թի-Վի», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ», ռադիոկայաններ՝ «Ռադիո ջան» և «ԼավՌադիո», տպագիր մամուլ՝ «ԹիՎի Մոլ» շաբաթաթերթ, օնլայն-մամուլ՝ «Թերթ.ԷյԷմ» և «Բլոգնյուզ.ԷյԷմ», ինչպես նաև ունի իր պաշտոնական հեռուստաընկերություն ԱՄՆ-ում՝ «ՊանԱրմենիանԹիՎի»-ն:

Մեդիամիավորումը ղեկավարում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։