Գլխավոր / Ազգային ժողով / Իրավապահները ստուգում են ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը

Իրավապահները ստուգում են ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը

Դեկտեմբերին 9-ին Հայաստանում ընթացող ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդները բողոքում են, որ իրենց նկատած խախտումներն ընտրական տեղամասերի կողմից չեն գրանցվում կամ դժկամությամբ են գրանցվում։ Խախտումները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերի կահավորման անհամապատասխանությանը, կուտակումներին, քվեարկության գաղտնիության խախտումներին։ Մասնավորապես, նման ահազանգներ են ունեցել «Անկախ դիտորդ» նախաձեռնության և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները։

Հիմնականում տեխնիկական բնույթի այս ընտրախախտումներին զուգահեռ դիտորդները ստանում են նաև համակարգված ընտրախախտումների՝ ընտրակաշառքի մասին ահազանգեր։ Մասնավորապես, Երևանի թաղամասերում և Գյումրիում ընտրակաշառք բաժանելու դեպքերի կասկածներ են հնչեցրել նաև որոշ սոցիալական ցանցերի օգտատերեր և հանրային գործիչներ, սակայն որոնց փաստական հիմնավորումներ մինչ այժմ չեն գտվնել։ Դիտորդներն այսպիսի ահազանգերը փոխանցում են ՀՀ ոստիկանություն։

Ուղղորդված քվեարկության մասին հուշող դեպք է արձանագրել hetq.am-ի լրագրողը Չարենցավանի թիվ 27/28 ընտրատարածքում, երբ տարեց կինը նախ ընտրատեղամասի միջանցքում, իսկ հետո նաև քվեախցի մոտ օգտվել էր ծալած լրագրում պահված հուշաթերթից։ Ինչպես հետագայում պարզվել էր, կնոջ մոտ քվեաթերթի նմուշ էր, որի վրա կարմիր գրիչով նշված էր ՀՀԿ թեկնածու Մնացական Մարատի Պողոսյանի անվան դիմաց: Ըստ ընտրողի թուղթն իրեն են տվել «շտաբից», իսկ կարմիր գրիչով նշումն ինքն էր արել, որ կարողանա ընտրել: Ընտրատեղամաս ժամանած ոստիկանները քաղաքացուն հարցեր տալուց հետո հայտնել են, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ևս հաղորդում են, որ ահազանգերի առնչությամբ իրականացնում են ստուգողական գործողություններ, որոնց մի մասն արդեն իսկ հերքվել են: Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքում արձագանքել էր Շիրակի փողոցում ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի համար գումար բաժանելու ահազանգին՝ ասելով, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ահազանգն ուղարկվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին։