Գլխավոր / Բնապահպանություն / Հանքարդյունաբերողները ձեռնոց են նետում հանրությանը

Հանքարդյունաբերողները ձեռնոց են նետում հանրությանը

Լիդիան Արմենիա ընկերությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել տարբեր դատարաններ՝ ընդդեմ Ջերմուկի համայնքի բնակիչների, բնապահպանների և այլ ակտիվ քաղաքացիների։ Դրանցից մեկի վերաբերյալ հերթական նախնական դատական նիստը կայանալու է դեկտեմբերի 21-ին ժամը 10։30, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Տիգրան Մեծի 23/1, դահլիճ 3։

Այս գործով հայցադիմումն ընդդեմ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանի է, երրորդ անձ`Սիվիլիթաս հիմնադրամի` civilnet.am էլեկտրոնային կայքին տված 13.07.2018 թվականի ՀԲՃ համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանի հարցազրույցում, ՀԲՃ ֆեյսբուքյան էջում և Լևոն Գալստյանի անձնական ֆեյսբուքյան էջում զրպարտություն համարվող տվյալները նույն կայքի և ֆեյսբուքյան էջերի միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցը լուծելու պահանջների մասին։ Բացի այդ նրանք խնդրել են դատարանից հօգուտ Լիդիան Արմենիայի բռնագանձել 1 000 000 դրամ որպես փոխհատուցում և նույն գումարի չափով արգելանք դնել պատասխանող Լևոն Գալստյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։

«Ակնհայտ է, որ հանքարդյունաբերողները ձեռնոց են նետում հանրությանը՝ փորձելով լռեցնել Ամուլսարի փրկության համար պայքարողներին։ Մենք ընդունում ենք մարտահրավերը՝ միաժամանակ հայցելով հանրության աջակցությունը։ 2010 թվից շարունակվող այս պայքարը մեր երկրի էկոլոգիական անվտանգության համար է և վերաբերում է բոլորիս՝ նաև հետագա սերունդներին։

Այս հաղորդագրությունը տարածելը և դատական գործերի լուսաբանումը խրախուսվում է», — ասված է ՀԲՃ-ի հաղորդագրությունում։