Home / Բնապահպանություն / Ինչն է կաշկանդում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին

Ինչն է կաշկանդում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին

Բնապահպանության նախարարը թաքցնում է կարևոր տեղեկությունները հանրությունից և որդեգրել է ոչ թափանցիկ գործելաոճ․ ՀԲՃ

Շուտով երկու ամիս կլրանա այն օրից, ինչ Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության անունից առցանց հարցում է ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Օրենքով սահմանված բոլոր ժամկետները վաղուց անցել են, սակայն 2018թ․-ի հոկտեմբերի 29-ի այդ հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան։ Այս ընթացքում մենք էլեկտրոնային փոստով ուղարկված նամակներով մի քանի անգամ հիշեցրել ենք, որ հարցման պատասխանը չենք ստացել՝ սակայն ապարդյուն։ Այդ նամակները նույնպես մնացել են անպատասխան։

Մեր հարցումը հետևյալն էր

«Մենք տեղեկացել ենք, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ԲՍԱԳ-ի ուսումնասիրություն անցկացրած, ինչպես նաև սույն թվականի հունիսին Ամուլսար այցելած և Լիդիանի հետ մասնագիտական քննարկումներ վարած փորձագետներ Էնն Մայեսթն ու Անդրե Սոբոլևսկին իրենց այցելության և եզրափակիչ մտահոգությունների մասին մոտ մեկ ամիս առաջ նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հանձինս Ձեզ։ Այս առումով խնդրում ենք տալ հետևյալ տեղեկությունները․

  1. Ինչո՞ւ չի հանրայնացվել այդ զեկույցը բնապահպանության նախարարության կողմից։
  2. Արդյո՞ք այդ զեկույցը Ձեր կողմից ներկայացվել է ՀՀ կառավարությանն ու այլ շահագրգիռ կողմերին։ Եթե այո, ապա ե՞րբ և ու՞մ։
  3. Խնդրում ենք թարգմանել հայերեն և հանրայնացնել այդ զեկույցը, այդ թվում՝ տրամադրելով այն մեզ, ինչպես նաև տեղեկացնել, թե ՀՀ կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել այդ զեկույցում արծարծված հարցերի կապակցությամբ»։

Տարբեր ենթադրություններ է կարելի անել այն մասին, թե ինչո՞ւ նախարարը չի պատասխանում այս հարցմանն և ինչո՞ւ է թաքցնում հանրությունից հայտնի գիտնական-փորձագետների եզրափակիչ մտահոգությունների և առաջարկների ամփոփ հաշվետվությունը։ Երևի այս հարցում Էրիկ Գրիգորյանին կաշկանդում են Լիդիանի, միջազգային տարբեր կազմակերպությունների և բանկերի հետ տարիներ շարունակ ունեցած շփումներն ու աշխատանքային համագործակցությունը։ Չէ՞ որ այդ կազմակերպությունների ու բանկերի մի մասն անմիջական առնչություն են ունեցել Լիդիանի և Ամուլսարում ոսկու հանք բացելու ծրագրի հետ (Համաշխարհային բանկ, Critical Resource):

Հիշեցնենք, որ Ամուլսարի խնդրի մասին իր հոդվածում opendemocracy.net կայքը բառացի գրել էր հետևյալը․ «Բնապահպանության նոր նախարարը՝ Էրիկ Գրիգորյանը, ևս նախկինում կապ է ունեցել Լիդիանի հետ։ 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի փետրվար Գրիգորյանն աշխատել է միջազգային խորհրդատվական Critical Resource  ընկերությունում, որն այդ պահին Լիդիանի համար իրականացնում էր շահագրգիռ կողմերի ներգրավման ուսումնասիրություն: Մեզ հետ զրույցում պաշտոնյան մեկնաբանել է «Իմ նախկին աշխատանքների հետ կապված ինֆորմացիան բաց դրված է իմ Linkedin-ում։ Ես ասել եմ, որ եթե որևիցե շահերի բախում ունենայի, ես որևէիցե աշխատանքի չէի անցնի»։ Մեջբերման ավարտը։

Իսկ Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան էլ 2007-2017թթ․ եղել է Լիդիանի ֆինանսավորողներից և հիմնական բաժնետերերից մեկը։ Իսկ Էրիկ Գրիգորյանն էլ իր հերթին աշխատել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում՝ որպես փորձագետ:

Իհարկե նա կարող է պնդել, որ այս ամենը շահերի բախում չի առաջացնում, բայց իրականությունը և նախարարի գործողություններն Ամուլսարի հարցում լրիվ այլ բան են ցույց տալիս։ Ինչ արժե թեկուզ միայն այն փաստը, որ այս տարվա սեպտեմբերին Ամուլսարում Կարմիր գրքում գրանցված բույսի և թիթեռի առկայության փաստը ստուգելու նպատակով նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբում նա ընդգրկում է տարիներ շարունակ վճարովի հիմունքներով Լիդիանի համար կենսաբազմազանության ուսումնասիրություններ և հաշվետվություններ գրած երկու գիտնականների։ Կարծում ենք, որ ցանկացած նախարար ուղղակի չի կարող անաչառ դիրքորոշում ունենալ մի ծրագրի վերաբերյալ, որի ֆինանսավորողների և հետազոտություններ իրականցնողների հետ ունեցել է շատ սերտ առնչություններ։

Ամեն դեպքում ամրագրենք այն փաստը, որ մեր հարցմանը պատասխան չի տրվել, և բնապահպանության նախարարությունը խախտել է ՀՀ օրենքները։

Քանի որ այդպես էլ նախարարությունից պատասխան չստացանք, մենք ինքնուրույն ձեռք բերեցինք վերոնշյալ գիտնականների կողմից նախարարին ուղարկած հաշվետվությունը և թարգմանեցինք հայերեն։ Այն վերնագրված է հետևյալ կերպ՝ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  ՄԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԵՎ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ»։

Մի շատ կարճ մեջբերում անենք այս հաշվետվությունից․

«Մենք կարծում ենք, որ Լիդիան ընկերության կողմից հանրության համար հրապարակած, ինչպես նաև Ամուլսար մեր այցի ընթացքում քննարկած ծրագրերը դեռևս լիարժեք չեն, որի հիմնավորումն էլ ներկայացված է սույն հաշվետվության մեջ: Մենք հասկանում ենք և գիտակցում, որ Հայաստանի կառավարությունն է որոշելու կշարունակվեն արդյոք լեռնահանքային աշխատանքները Ամուլսարի ոսկու նախագծի իրականացման վայրում: Միաժամանակ մենք կարծում ենք, որ պահանջվում է մեծ ծավալի աշխատանք, ինչպես ռիսկի մակարդակի նվազեցման առաջարկված միջոցառումների արդյունավետութան, այնպես էլ թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ, ARD) կանխատեսման առաջարկված մեթոդների վստահելիության գնահատման համար՝ բնական միջավայրի և ջրային օբյեկտների որակի պաշտպանության նպատակով»:

Հաշվետվությունը հասանելի է բոլոր շահագրգիռ կողմերի համար հետևյալ հղումով, իսկ անգլերեն բնօրինակ տարբերակն այստեղ է։

Հիշեցնենք, որ Էնն Մայեսթն ու Անդրե Սոբոլևսկին 2017թ․-ի գարնանից ընդգրկված էին գիտնականների 4 հոգանոց աշխատանքային թիմում, որը վերջին տարվա ընթացքում իրականացրել է Ամուլսարի ոսկու նախագծի անկախ տեխնիկական գնահատումը: Այդ խմբի հաշվետվությունները և հուշագրությունները հասանելի են համացանցում հետևյալ հղումով, իսկ վերջին համատեղ գնահատումն ու մամլո հաղորդագրությունը, որոնք պատրաստվել են Հայաստանում՝ հասանելի են այստեղ և այստեղ։

Հ․Գ․ Նշենք նաև, որ մեր այս անպատասխան հարցումը միակը չէ, և համացանցում կան մի շարք քաղաքացիների ահազանգեր առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն անպատասխան է թողնում նամակները կամ տրամադրում է ոչ որակյալ և ոչինչ չասող պատասխաններ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ փոստ՝  [email protected]

Tekali Taxi