Home / Բանակ / Կոռուպցիայի դեմ պայքարը բերելու է Ղարաբաղ

Կոռուպցիայի դեմ պայքարը բերելու է Ղարաբաղ

Հայաստանի ապօրինի կառավարության հեռացումից հետո գլխավոր խնդիրը հասարակության արցախյան հատվածի օտարվածությունն էր հեղափոխությունից: Այս մասինէ գրում ստեփանակերտցի քաղաքագետ Արամ Թադևոսյանը «Քաղաքական տարին հայկական հանրապետություններում» հոդվածում, որը տպվել է «Անալիտիկոն» հանդեսում։

Վերլուծաբանը, մասնավորապես, գրում է․ «Այն, որ հեղափոխական ալիքը չմտավ Արցախ, ինքնին ցցուն փաստ է և վկայում է վտանգավոր անջրպետի մասին: Իսկ անջրպետը Արցախի իշխանությունն է: Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը ոչնչացնելու իր պրակտիկան Արցախում կատարելության էր հասցրել՝ քաղաքականության իսպառ բացակայության: Եթե ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական անցման դասական օրինակ է հանդիսանում, ապա նույն հաջողությամբ Արցախը կլիենտալիզմի դասագրքային արտացոլումն է: Նրա մեջ ներքաշված է արցախյան նոսրաբնակության չափանիշներով ահռելի վարչական և ուժային համակարգը: Այն ունի սնուցման բազմաթիվ աղբյուրներ, որոնց թվում գլխավորը հայաստանյան միջպետական վարկն է: Այսինքն՝ այն երբեք ինքնաբավ չի եղել և պայմանավորված է եղել երևանյան բազմակողմանի աջակցությամբ, ինչից հետևում է, որ նրա ապամոնտաժումը նույնպես պետք է տեղի ունենա ՀՀ նոր իշխանությունների անմիջական մասնակցությամբ:

Հեղափոխությունից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստիպված եղավ հրաժարվել 2020-ին նախագահ առաջադրվելու մտքից, որի համար մինչ այդ սահմանադրություն էր փոխել: Բայց դա եղել է գործող իշխանությունների միակ «զիջումը», իսկ կառավարման համակարգում բարեփոխումների իրականացումը նրա ծրագրերի մեջ չի մտնում և ինքնին քիչ հավանական է, որ նման իշխանությունը, ընդհանրապես, ունակ է բարեփոխումներ իրականացներ: Իրականությունում այն շարունակում է պահպանել Սերժ Սարգսյանի վարչակարգի կողմից ժամանակին հաստատված ուղեգիծը, ինչը արցախյան տարբեր պաշտոնյաններ կամ պատգամավորներ ժամանակ առ ժամանակ ի ցույց են դնում: Արցախյան իշխանություններն ակնհայտորեն տեսնում են իրենց համար ոչ բարենպաստ ապագայի հեռանկարները: Դրանից խուսափելու համար նրանք քայլեր են ձեռնարկում, որոնք միտված են արցախյան հասարակությանը մոլորեցնել ՀՀ նոր իշխանությունների հաշվով և դրանով հանրային աջակցություն ստանալ, ինչն ի սկզանե դատապարտված է անհաջողության: Որոշ ուժեր էլ Արցախում փորձում են ավելի ճկուն գտնվել և ամեն կերպ աջակցություն են հայտնում հեղափոխական իշխանություններին, բայց չեն շտապում վերջնական խզել կապերը Բակո Սահակյանի հետ, որի բացահայտ և ծածուկ ապօրինությունների մասնակիցն ու աջակիցն են եղել:

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում բազամաթիվ թելերով հետաքննությանը բերելու է Արցախ, որովհետև նախորդ ռեժիմի օրգանական մաս կազմող արցախյան իշխանավորները ակտիվորեն մասնակցել են ապօրինի բիզնեսներին, փողերի լվացման գործերին, բյուջեի մասնաբաժանմանը: Առաջին հարվածը սպասելիորեն կրելու են ռազմական առումով ոչ կոմպետետ գեներալները, որոնք, իրենց հիմնական գործառույթները թողած, զբաղված են բիզնեսով և քաղաքականությամբ: Քանի որ քաղաքականացված ուժայինները եղել են Արցախում հաստատված ռեժիմի գլխավոր հենասյուները, նրանց չեզոքացումը մեծապես կնպաստի քաղաքական փոփոխությունների առաջիկա իրականացմանը:

Վերջին տարիներին ժողովրդավարության ընդհանուր պատկերն աշխարհում հետըթաց է ապրում: Դա վերաբերում է նաև մեր անմիջական հարևաններին, ռազմավարական դաշնակիցներին: Հայաստանը միակ երկիրն է, որը հակառակ է գնում տարածաշրջանային այդ բացասական միտումին, ուստի նրա համար կրկնակի դժվար է լինելու: Ժողովրդավարության անշրջելիությունը և ամրապնդումը մեր հասարակության գլխավոր մարտահրավերն է մոտակա տարիների համար, և մնում է հուսալ, որ կուտակած փորձը, մարդկային և նյութական ռեսուրսները հնարավորություն կտան հաղթահարել այն»:

հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» ամսագրում

Tekali Taxi