Home / Բանակ / Թավշյա հեղափոխությունն ընդդեմ «ռամիլ սաֆարովի» և Քոչարյանի մենաշնորհի

Թավշյա հեղափոխությունն ընդդեմ «ռամիլ սաֆարովի» և Քոչարյանի մենաշնորհի

Արձագանք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի «Քյարամ Սլոյանի ու «Սորոսական գրանտակերներիս» մասով» ֆեյսբուքում գրառմանը։

Նախ մեջբերեմ գրառումը․ «Քյարամի ու ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված այլ զինվորների դեպքը մեզ ապացուցեց, որ առաջնագծում գերակշռապես աղքատներն են և որ պետությունն ու բանակը տասնամյակներով թալանվել են:

Վիգեն Սարգսյանական պրոպագանդան (այժմեան «ԱդեկվաԴների» գլխավորությամբ) փորձում է Քյարամի ու այլ զոհված զինվորների ողբերգությունը օգտագործել ազգին «գերագույն հրամանատար Սերժի շուրջ միավորելու» համար (դա կոչել էին «Ազգ-բանակ»): Այն Սերժի, ով հայտարարել էր 7 շրջանների հանձնման պատրաստակամության մասին:

Այնինչ մենք, «Սորոսական գրանտակերներս», Քյարամ Սլոյանի գլխատման, Թալիշում խաղաղ բնակիչների դաժան սպանության ու Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունը պարբերաբար նշում ենք տարբեր միջազգային կառույցներում ու արտերկրյա պաշտոնյաների հետ մեր քննարկումներում: Նշում ենք, որ ցույց տանք Ադրբեջանի իշխանությունների իրական դեմքը, որ հիմնավորենք, թե ինչու հայկական կողմը չի կարող տարածքներ հանձնել Ադրբեջանին… Այսինքն, Սերժ Սասրգսյանը խոստանում էր հողեր հանձնել, իսկ մենք հիմնավորում էինք հակառակը:

Իսկ այստեղ, Հայաստանում, մենք ապրիլյան պատերազմի զոհերի վիճակագրությամբ ապացուցում էինք երկրում ստեղծված անարդարությունը, որի սահմաններում հարուստները առաջնագծում չէին հայտնվում:

Եվ հիմա Վիգեն Սարգսյանական «ԱդեկվաԴները» ու Քոչարյանական ֆեյքերը մեզ մեղադրում են դավաճան լինելու և Քյարամ Սլոյանի հիշատակը չհարգելու մեջ: Կա՜յֆ»:

Սա «գաղափարական բանավեճի» բացակայության մասին զրույցներից է։ «Գաղափարականը»՝ որպես այլընտրանքային հարաբերություններ մարդկանց միջև։ Այդ հարաբերությունների համար տարածքների և հնարավորությունների նվաճում, ստեղծում, ապահովում և պաշտպանում։

Հակամարտությունից սնվող ղարաբաղյան կլանի և պատերազմի կուսակցության պարագլուխ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած հայերի և ադրբեջանցիների «գենետիկորեն անհամատեղելիությունը» բացեց  ռասիստական տրամաբանության լայն հնարավորությունները։ Խոսում ենք հողերի մասին՝ կարծես ֆիզուլիներում և աղդամներում չկային, չկան և չեն լինելու մարդիկ, անհատներ, խմբեր, գենդերներ, աշխատողներ, պետեր, ազգեր, հասարակություններ, գործազուրկներ, կենդանիներ, նորածիններ, բողոքականներ, արվեստագետներ, դասակարգեր։

«Սորոսականները» այլընտրանք չունեն։ Դա խնդիր չէ, խնդիրը ծագում է, երբ ինչ-որ մեկը սկսում է իմ անունից բանակցել հողերի մասին, երբ ինձ առաջարկում են սերժի դաշտում սերժի նկատմամբ տարած հաղթանակով սահմանափակվել։ Սերժը կամ Վիգենը ինչո՞ւ չպետք է բանակցեն։ Որովհետև հանձնո՞ւմ են։ Իսկ Դանիելը ինչո՞ւ պետք է բանակցի։ Որովհետև ադեկվատների հետ բանավեճի մե՞ջ է և միջազգային հարթակներում հայերիս համար բարենպաստ բաներ է խոսում։

Պետք չէ ղարաբաղյան պատերազմը, որը հաջողված ինքնապաշտպանության մի քանի դրվագներից և համատարած թալանից է բաղկացած, դիտարկել հաղթանակ/պարտություն լոգիկայի մեջ։

«Ադրբեջան» լսելիս կամ թուրք տեսնելիս, կտրած գլուխ ու ռամիլ սաֆարովներ եք հիշում։ Գուցե, հիշելու այլ բան չունեք։ Սերժն, օրինակ, ունի, բայց ստում է Ադրբեջանի մասին՝ երևի հանուն հարստության, իշխանության և այլն։ Իսկ մենք խաբում ենք ի նպաստ հայ ժողովրդի ժողովրդավարացման՝ հույսը դնելով գլուխ կտրողների վրա։ Ադրբեջանի մասին գիտեն, օրինակ, երևանյան հանրակացարաններում կամ ադրբեջանցիներից զտված Վարդենիսի գյուղերում գոյատևող բաքվեցիները։ Բայց հարցնող չկա․ 90-ականների սկզբին այդ «թուրքացածները» չափից դուրս ռուսախոս էին և անհամատեղելի ազգային-ազատագրական զարթոնքի հետ։ Հիմա մեր բուհերն ու մեդիաները սեփական ադրբեջանագետներն են արտադրում։ Փախստականներից միակ օգուտը՝ իրենց իրեղեն ապացույց լինելն է․ սումգայիթյան ջարդի մասին խոսելուց կարելի էր դեմ տալ լրագրողներին։

Մեկ-մեկ, երբ մեծ է նարեկ մաիլյաններին և վիգեններին հերթական անգամ ֆեյսբուքում ջախջախելու ցանկությունը, կարելի է լռել և խուսափել հարթակներից (նույնիսկ եթե դրանք միջազգային են) և լսելի կդառնան շատ ցածր, բայց դեռ հնչող ձայները մարդկանց, ում համար անլուծելի չէ «դարերից եկած հակամարտությունը»։

Ադրբեջանի իշխանությունները, Ռոբերտ Քոչարյանը և իրենց սպասարկող մեդիան ստում են ադրբեջանցիների և սահմանից այս կողմ գտվողների մասին՝ նույնացնելով ռազմական, տնտեսական, քաղաքական ղեկավարության և ժողովրդի շահերը։

Թավշյա հեղափոխությունը եկել է մենաշնորհները կոտրելու՝ տնտեսությունում, մշակույթում, կրթությունում, ԶԼՄ-ներում և արտաքին քաղաքականություն ձևավորելու, ձևակերպելու գործընթացում՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Եկեք խլենք այդ մենաշնորհը Քոչարյանից, Վիգենից, Վարդան Օսկանյանից և «ռամիլ սաֆարովից» կախվածության մեջ գտնվող այլ գործիչներից։ Ատելության քարոզը, խնդրի լուծման «անհնարինությունը» չեն բարձրացնում հավաքական իմունիտետը, մարտունակությունը, բայց օտարացնում են մարդկանց՝ իրենց վերաբերող խնդիրների լուծումներին մասնակցելուց։ Իմանալ և չատել չի նշանակում թուլանալ և պարտվել։

Յուրի Մանվելյան

Tekali Taxi