Գլխավոր / Բանակ / Ռուս զինծառայողին դեռ չեն տեղափոխել հայաստանյան բանտ

Ռուս զինծառայողին դեռ չեն տեղափոխել հայաստանյան բանտ

Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը ստանձնել է 2018թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռ.-ի ծեծելուց հետո հիվանդանոցում մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։

Իրավապաշտպանական կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցն ու փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդություն են ներկայացրել գործը քննող ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանին՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցով:

Նրանք վկայակոչել են «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրի այն դրույթը, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։

Փաստ է, որ ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում և այս դեպքում պետք է կիրառվի ՀՀ օրենսդրությունը, նշում են իրավապաշտպանները:

Կատարված հանցագործությունը չի դասվում նաև համաձայնագրով սահմանաված այն բացառությունների շարքին, որոնց դեպքում պետք է կիրառվի ՌԴ օրենսդրությունը. մասնավորապես՝ քրեական գործը չի հարուցվել ռուսական ռազմական բազայի տեղակայման կետերի տարածքում, ՌԴ կամ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների դեմ, կամ զինվորական հացագործություն կատարելու համար:

Այս հիմնավորումներով Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները վարույթն իրականացնող ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանից պահանջել են միջոցներ ձեռնարկել մեղադրյալ Ա. Ռ.-ին ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: