Գլխավոր / Դատարան / Պերմյակովին ուղարկում են ՌԴ․ տուժող կողմն այլևս չի կարող խանգարել դրան

Պերմյակովին ուղարկում են ՌԴ․ տուժող կողմն այլևս չի կարող խանգարել դրան

Հայաստանյան և ռուսաստանյան արդարադատություն իրականացնող մարմինները քննարկում են, թե ինչպես և որտեղ է Գյումրիում բնակվող ընտանիքի 7 անդամներին սպանելու մեջ մեղավոր ճանաչված 102֊րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը կրելու իր պատիժը՝ ցմահ ազատազրկումը։ Քննարկումների փաստը News.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը։ Ռուսաստանյան կողմն ավելի հստակ տեղեկատվություն է տվել մամուլին՝ ՌԴ Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանի ներկայացուցիչն ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության․ «Իհարկե, նա իր պատիժը կրելու է Ռուսաստանում»։

Նշենք, որ Պերմյակովի հնարավոր արտահանձնումը քննարկվում է այն պարագայում, երբ ռուսաստանցի զինծառայողը չի գտնվում հայաստանյան մարմինների ենթակայության տակ, այլ պահվում է ռուսաստանյան 102-րդ բազայի տարածքում։

Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամներից Արաքսյա Ավետիսյանի հոր ներկայացուցիչը՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Epress.am֊ի հետ զրույցում, անդրադառնալով Պերմյակովի արտահանձմանը, ասել է, որ այս հարցով տուժող կողմը որևէ կերպ չի կարող այլևս միջամտել։

«Այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը մերժեց մեր բողոքը և առաջին ատյանի դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ, տուժողն արդեն ոչ մի կապ չունի ամբաստանյալի հետ։ Կարող են լինել, իհարկե, դժգոհություններ, էմոցիոնալ բնույթի կարծիքներ արտահանձման մասին, ոչ ավելին։ Սա արդեն պետության խնդիրն է, թե ինչպես է այն պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները»,֊ ասել է Սաքունցը։

Նա նշել է, որ Պերմյակովին դատելու և հետագայում ՌԴ արտահանձնելու ծրագիրը կանխատեսելի էր դեռևս այն ժամանակ, երբ Պերմայկովին թույլ տվեցին կալանքի ժամանակ մնալ ռուսական բազայի ներսում, նրան հարցաքննեցին բազայի ներսում, նույնիսկ դեպքի վայր չտարան, այլ բեմադրեցին Ավետիսյանների տանը տեղի ունեցածը բազայում։

«Բողոքի ցույցերը դրա համար էին։ Չէ՞ որ Պերմյակովը լինելով ռուսական բազայում գտնվում էր Ավետիսյանների ընտանիքի սպանության հնարավոր մասնակիցների և կազմակերպիչների մոտ։ Սակայն, Պերմյակովին մեկուսացնելու մեր միջնորդությունները դատարանը չընդունեց»,֊ ասել է Սաքունցը։

Նա նկատել է նաև, որ կայացված դատավճռի դեմ ինքը՝ Պերմյակովը, ևս վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որն օրեր հետո հետ էր վերցրել։

Արաքսյա Ավետիսյանի իրավահաջորդները չեն ընդունում, որ իրենց հարազատի սպանությունը բացահայտված է, իսկ մեղավորը/մեղավորները հայտնաբերված։ Կողմը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Tekali Taxi