Home / Շուկա / Երևանի ճարտարապետը մետրոյի նոր կայարաններ ու ճոպանուղի խոստացավ

Երևանի ճարտարապետը մետրոյի նոր կայարաններ ու ճոպանուղի խոստացավ

Երևանի մետրոն կհամալրվի երկու կայարանով, որոնք գործելու են Աջափնյակ վարչական շրջանում։ Ինչպես հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, դա մեծ ծախսեր է պահանջում։

Նրա խոսքով՝ այժմ քննարկումներ են անցկացվում իտալական և շվեյցարական երկու կազմակերպությունների հետ: Նա հույս հայտնեց, որ լրագրղների հետ հաջորդ հանդիպման ժամանակ ծրագրի վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնի:

«Մենք չենք ուզում տարածվել և ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետև ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ։ Մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ»։ Մեսչյանի խոսքով՝ հետագայում մետրոյի կայարան կհայտնվի նաև Դավթաշենում։

Ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, գլխավոր ճարտարապետը հայտնել է նաև, որ մայրաքաղաքում ճոպանուղի կկառուցվի, որը Նորքը կապելու է կենտրոնի հետ: Այս նպատակն, ըստ նրա, հնարավոր կլինի ավելի կարճ ժամկետներում իրականացնել, որովհետև այն համեմատաբար համեստ ֆինանսական միջոցներ է պահանջում:

Այս համատեքստում նա խոսեց նաև տրանսպորտի հետ կապված խնդրի մասին․ «Բայց մենք ունենք ուրիշ պրոբլեմ. տրանսպորտային կոլապսը Նորքից դեպի կենտրոն վեց տեղանոց մոդուլներով մենք չենք կարող լուծել: Ուրեմն դա պետք է լինի առնվազն 12 տեղանոց: Եվ դրանք չպետք է լինեն ընդամենը երկուսը՝ տարբեր ուղղություններով շարժվող: Ճոպանուղին բազմամոդուլ պետք է լինի, որպեսզի աշխատի որպես տրանսպորտ: Դա, իհարկե, բերում է որոշակի թանկություն, բերում է որոշակի տեխնիկական բարդություններ, բայց այլ տարբերակ չկա»։

Անգամ ֆինանսական մեծ միջոցների առկայությունը չի օգնի Նորքի զանգվածը մետրոյով ապահովել, ասել է Մեսչյանը՝ նշելով, որ տրանսպորտային խնդիրը ինչ-որ չափով լուծելու միակ տարբերակը մնում է ճոպանուղու կառուցումը։

Tekali Taxi