Home / Հայաստան / Լիակատար թափանցիկությունը կարող է իջեցնել հավատը կառավարության հանդեպ․ Փաշինյան

Լիակատար թափանցիկությունը կարող է իջեցնել հավատը կառավարության հանդեպ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ «Կերտելով Ժողովրդավարության ապագան» վերնագրված քննարկման ժամանակ, պատասխանել է հարցին այն մասին, թե ինչպիսին են Հայաստանում կառավարության և մամուլի միջև հարաբերությունները, նշել է, որ հայաստանյան մամուլն ազատ է, քան երբևէ։

«Ինչպես գիտեք, ես ինքս եղել եմ գլխավոր խմբագիր և քաղբանտարկյալ, և կարող եմ ասել, որ մամուլն այժմ ազատ է, քան երբևէ։ Ոչ բոլոր լրագրողներն են ինձ հետ համաձայն։ Նրանք չափազանցված են համարում Հայաստանում լիակատար ազատ մամուլի մասին պնդումները, սակայն ես կարող եմ պնդել, որ Հայաստանում մամուլն ազատ է», – հայտարարել է կառավարության ղեկավարը։ Փաշինյանը նշել է, որ նորմալ է համարում կառավարության և մամուլի հարաբերություններում որոշակի լարվածության առկայությունը։

«Մենք տեսնում ենք, որ ողջ աշխարհում ցածր է վստահությունը կառավարության կարողությունների հանդեպ։ Դա կարող է կապված լինել նրա հետ, որ այժմ ողջ հասարակությունը շատ ավելի բան գիտի բարձրաստիճան պաշտոնյաների մասին, քան առաջ։ Յուրաքանչյուր մանրուք կարող է ազդել մարդկանց կարծիքի վրա։ Լիակատար թափանցիկությունը, կարծում եմ, կարող է իջեցնել հավատը կառավարության հանդեպ, քանի որ սկզբում շատերը կարծում են, որ նախագահը կամ նախարարները պետք է լինեն աստվածների կամ սրբերի պես, սակայն հետո պարզում են, որ այս մարդիկ էլ, սովորական մարդկանց պես, ամեն օր ճաշում են և ունեն սովորական կարիքներ։ Նրանց հավատն այս մարդկանց հանդեպ դրանից ավելի ու ավելի է պակասում», ֊ բացատրել է վարչապետը։

Հունվարի 20-ին Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Միջոցառման շրջանակներում նա մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է անցկացնում այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հունվարի 22-ին վարչապետը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Մենք քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը: Այսինքն՝ երբ, ինչ տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր և այդպես շարունակ: Քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կոնտեքստում կարգավորման, ինչ հնարավորություններ կան, անհնարինություններ կան: Մենք ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում: Սա ինչ-որ առումով մտքեր փոխանակելու բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է», – Դավոսից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասել է Փաշինյանը։

Tekali Taxi