Home / Ազգային ժողով / Սերժ Սարգսյանը գիտեր՝ ինչ է եղել և ինչ է լինելու 2008-ի մարտի 1-ին

Սերժ Սարգսյանը գիտեր՝ ինչ է եղել և ինչ է լինելու 2008-ի մարտի 1-ին

ՀՔԾ-ն դեռևս չի հաստատում մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ փետրվարի 1-ին ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, ԱԱԾ և ՆԳՆ նախկին նախարար Սերժ Սարգսյանը շուրջ 6 ժամ հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով։

2008 թվականի իրադարձությունները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշել է ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը․ «Մյասնիկյանի արձանի մոտից գնացել ենք Ազգային ժողով։ Մեզ դրսից տեղեկություններ են գալիս, որ զորք է մտնում, զինվորական մեքենաներ են մտնում, մի խոսքով, ինչ-որ բաներ են կատարվում, որ շատ վտանգավոր են երևում»։

Այդ պահին, շարունակում է բանախոսը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը զանգահարեց Սերժ Սարգսյանին․ «Ասեց՝ մեզ ասում են, որ զորքի այսպիսի տեղաշարժեր կան, խնդրում ենք՝ մի՛ արեք, սապսեք գոնե մինչև առավոտը բացվի, Ազգային ժողովն էլ արտակարգ դրության մասին հայտարարությունն ի գիտությունն ընդունի, հետո տեսնենք՝ ինչ է լինում։ Ասեց՝ արդեն ուշ է»։

Բախշյանը համոզված է, որ քննչական մարմինները պետք է հարցաքննեն ո՛չ միայն Սերժ Սարգսյանին, այլև իրենց՝ նախկին պատգամավորներին։ «Բոլորս, ամեն մեկս մի տեղ եղել է։ Մենք բոլորս կվկայենք այն մասին, թե ինչ է եղել ցերեկը և գիշերը, որովհետև ես Լարիսայի կողքը կանգնած եմ եղել։ Ես անգամ Սերժ Սարգսյանի ձայնն եմ լսել, որն, ասեմ, ընկճված էր»։

2008-ի արյունալի իրադարձություններից հետո նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանը գիտեր՝ «ինչ է եղել և ինչ է լինելու», ասում է ավագանու անդամը։ «Զորքը բերում են, որ ժողովրդին ասեն՝ լռեք, ձեզ կսպանենք էլ, չենք թույլ տա, որ դուք հանկարծ ձեր իրավունքի մասին խոսեք, ձեր ընտրական իրավունքը մեր գրպանում է»։

Ստորև՝ Անահիտ Բախշյանի ելույթն է Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ, որը հրապարակվել է Armtimes կայքի Youtube-ալիքում 2018-ի փետրվարի 23-ին

 

Tekali Taxi