Home / Շուկա / Սննկացած «Աշտարակ կաթ»-ն ուզում է միլիոներ ստանալ մանր առևտրով զբաղվողներից

Սննկացած «Աշտարակ կաթ»-ն ուզում է միլիոներ ստանալ մանր առևտրով զբաղվողներից

«Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ անհատ ձեռներցներ այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ իշխանություններին իրազեկելու «իրենց նկատմամբ կատարված խարդախության մասին»։

Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում գործող փոքր և միջին խանութներն ապրանք են վերցրել «Աշտարակ կաթ»-ից և տեղում առաքիչին վճարել։

«Երբեք ոչ մի խնդիր չենք ունեցել», – ասում է ընկերությունից տուժած քաղաքացիներից մեկը, որը նման կերպ «Աշտարակ կաթ»-ի հետ է աշխատել 10 տարուց ավել։

2017 թվականին, սակայն, խանութների սեփականատերերն իմացել են, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչն իրենց դատի է տվել՝ հիմնավորումով, որ խանութի տերերն իրենից ապրանք են վերցրել և 2015-2017 թվականների ընթացքում վճարում չեն կատարել։

Կառավարության մոտ հավաքվածները պնդում են, որ գործը սարքված է, քանի որ ընկերությունը, եթե մի ամիս ապրանք է տվել, իսկ իրենք չեն վճարել, հաջորդ անգամ նորից իրենց ապրանք չէր տա․ «Ինչո՞ւ է թողել, որ այսքան «պարտք» կուտակվի․․․Մի հիմնարկության փող չեմ տվել, ու ինքը 40 անգամ ինձ ապրանք տվեց, էդ ո՞նց կլինի։ Հորոխպորս տղեն չէր, որ ձրի ապրանք տար․․․»։

Ավելին, առաքիչներից շատերը գրավոր ցուցմուք են տվել, որ պարտք լինելու դեպքում՝ չէր առաքվի նոր ապրանք։ Առաքիչների պնդմամբ՝ իրեց կողմից առձեռն ստացված գումարները մուտքագրվել են ընկերության դրամարկղ, հակառակ դեպքում՝ չէին թույլատրի նոր ապրանք առաքել պարտք մնացած տնտեսվարողներին։

Խնդիրը, ըստ բողոքողների, սկսվել է, երբ ֆիրման սննկացել է և սննանկության հարցերով զբաղվող մարմին է կազմավորվել․ «Երևի նոր տերերն ուզում են առանց աշխատելու փող ստանան»։

Արթիկում գործող խանութներից մեկի սեփականատեր Արսեն Կիկոյանը քաղաքի ամենախոշոր հարկատուն է, ունի մոտ 80 աշխատող։ Նա 4 միլիոն դրամ «պարտք» է «Աշտարակ կաթ» ընկերությանը։

«Առաքիչները կա՛մ գումարները տեղ չեն հասցրել, կա՛մ ընկերությունում եղած խնդիրները բարդում են քաղաքացիների վրա», – համոզված է նա։

«Տարիներ շարունակ նրանք ապրանքը բերել են, ես ստորագրել եմ հաշիվ- ապրանքագրի տակ և չեմ պատկերացրել, որ ասեմ՝ հաջորդ անգամ գալիս չեկը բեր։ Այդպես աշխատել ենք հարյուրավոր հիմնարկների հետ, երբեք խնդիր չի եղել։ Ինձ կարող են բոլոր ֆիրմաները դատի տալ»։

Թե ընդհանուր ինչքան գումար են քաղաքացիները «պարտք» ընկերությանը, Կառավարության մոտ հավաքվածները չգիտեն։ Կան մարդիկ, որոնք պարտք են 4 միլիոն դրամ, կան՝ 1 միլոն և այլն։ Ամեն դեպքում, նրանց թիվը հասնում է մոտ 2600-ի։

Նույնատիպ գործերով դատարանները տարբեր վճիռներ են կայացրել։ Այսպես, խանութպանների մի մասն առաջին ատյանի դատարանում հաղթել է, այսինքն՝ դատարանը մերժել է ընկերության հայցը։ Վերաքննիչ դատարանը, սակայն, ընկերության հայցը բավարարել է և խանութների սեփականատերերին ստիպել վճարել ընկերության «պարտքը»։ Կան այնպիսի խանութպաններ, սակայն, որոնց դեմ է վճիռ կայացրել առաջին ատյանի դատարանը։ Ի օգուտ խանութի սեփականատերերից մեկի էլ՝ վերաքննիչ դատարանն է որոշում կայացրել։

Մեր զրուցակից Կիկոյանի դեպքում Առաջին ատյանի դատարանը ընկերության հայցը բավարարել է և պարտավորեցրել 4 միլիոն դրամ վճարել։ Սակայն, ըստ նրա, դատարանը հաշվի չի առել, որ առաքիչը գրել և ստորագրել է, որ ոչ մի պարտք ու պահանջ չկա նրանից․ «Դատարանը դա հաշվի չի առել վճիռ կայացնելիս, անգամ չի ասել դա անարժանահավատ է, ուղղակի ուշադրություն չի դարձրել»։

Անժելա Հարությունյանը Մալաթիայում նախկինում գործող խանութներից մեկի սեփականատերն է։ Խանութն այժմ լուծարվել է։ Նա էլ ընկերությանը 1,5 միլոն է «պարտք»։ Նրա դեպքում էլ Վերաքննիչ դատարանը ընկերության օգտին է որոշում կայացրել։ Դատարանը առաքիչի կողմից գրված և ստորգրված թուղթը, ըստ որի, խանութը տվել է ապրանքի փողը  իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չի համարել։

Ուշագրավ է, որ հենց ընկերության կողմից հատկացված հաշիվ-ապրանքագրի վրա նշված է վճարման ձևը՝ «կանխիկ»։

«Մենք էլ հասկացել ենք, որ պետք է տանք առձեռն, այդպես էլ արել ենք, չի եղել ոչ մի դժգոհություն», – ասում է Մալաթիայի խանութներից մեկի սեփականատեր Օվսաննա Ասատրյանը։ Նրա այսպես կոչված պարտքը կազմում է 3,5 միլիոն դրամ։

Բողոքի մասնակիցներն այսօր գրավոր դիմում են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդրել են ուշադրություն դարձնել իրենց հիմնավոր կասկածների վրա, որոնց համաձայն, «Աշտարակ կաթ»-ն իր սնանկ ճանաչելը նախապես պլանավորել է և գործել նախնական հանցավոր համաձայնության շրջանակներում։

Նշենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչել՝ պետության, աշխատողների և կաթ մատակարարողների նկատմամբ խոշոր չափի պարտքեր ունենալու համար։ Այժմ «Աշտարակ կաթի» սեփականատերն է «Պարգև» ՓԲԸ-ն:

Tekali Taxi