Գլխավոր / Բնապահպանություն / ՏԻՄ ղեկավարների հետ հանդիպմանը Փաշինյանը սպառնաց, հուսադրեց և խոսեց ծրագրերի մասին

ՏԻՄ ղեկավարների հետ հանդիպմանը Փաշինյանը սպառնաց, հուսադրեց և խոսեց ծրագրերի մասին

«Ամեն ինչ չի սկսվելու նորից և որևէ բան չի վերադառնալու հնին», — փետրվարի 11-ին համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատել է, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել․ «Ցավոք սրտի, դեռ Հայաստանում կա մտայնությունը, որ, «հա, եղավ, հասկացանք, հեղափոխություն էր, հիմա մի տարի կանցնի, էս խորհրդարանական ընտրություններն էլ հորով֊մորով արինք, հեսա կմոռանան բոլորը՝ ինչի համար են հավաքվել և ամեն ինչ կսկսվի նորից»։ Ես խնդրում եմ՝ նման հույս չունենաք․ ամեն ինչ չի սկսվելու նորից և որևէ բան չի վերադառնալու հնին։ Ես սա ուզում եմ ասել և՛ քաղաքական, և՛ տնտեսական, բոլոր առումներով։ Եթե ինչ֊որ անկյուններում կան մարդիկ, որոնք մինչև խորհարդարանական ընտրություններն իրար աչքով տալով ասում էին՝ բան չմնաց, մի բան անենք, մի բան կլինի․․․ Մի բան չեք անի, ոչ մի բան չի լինի և միակ բանը, որ կլինի՝ Հայաստանում կոռուպցիան և կոռուպցիոներներին արմատախիլ անելն ա։ Եվ էս ընթացքում մենք շանս ենք տվել և շանս ենք տալիս շատերին և, գուցե, բոլորին։

Ովքեր չեն օգտվի շանսից՝ փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Հայաստանում չլինի այլևս այնպիսի երևույթ, որ գյուղապետարաններում մի հատ հաստիքացուցակ ա՝ 25-կիլոմետրանոց․ ախպեր, ախպոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր, վարորդ, հավաքարար, որոնք երբեք գործի չեն գալիս։ Եվ հետո ասում են՝ Հայաստանում փող չկա։ Ինչքան կա, էդ փողը եկեք արդյունավետ օգտագործենք, հետո մտածենք մնացածի մասին»։

Փաշինյանը նկատեց, որ ո՛չ թե ցանկանում է համահարթեցնել բոլորին և ամեն ինչ, այլ խոսում է այն խնդիրների մասին, որոնք բոլորին պետք է հուզեն։

Պետական ծառայությունը չպետք է որպես բիզնես գործունեություն ընկալվի ինչպես վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, այնպես էլ համայնքի ղեկավարի կամ Ավագանու անդամի կողմից։

«Ես ուզում եմ կրկին արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել, երբ խոսում են այն մասին, որ քաղաքներում և գյուղերում շատ հաճախ պատահում է, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած, օբյեկտներն են ամենահաջողակները։ Դա ունի նաև երկրորդ պատճառը, որովհետև դա շատ լավ առիթ է, որ այդ օբյեկտները խուսափեն հարկային պարտավորություններից, խուսափեն պետության առաջ ունեցած պարտավորություններից, հարկերից՝ գույքահարկից սկսած մինչև ՀԴՄ խփել-չխփելը։

Ես գիտեմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարներն, ինչպես մարդիկ, ինչպես նախարարներ, պատգամավորներ, տարբեր են, և չի կարելի մի չափանիշով չափել բոլորին։ Ես ընդամենը խոսում էի այն ավանդույթների և ընկալումների մասին, որոնք գոյություն ունեն։ Ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը և ովքեր պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը հին իրականությունը նոր իրականությամբ փոխարինելու գործում»։

Փաշինյանը կրկնեց իր կողմից վերջերս արտահայտված այն միտքը, որ Հայաստանի Հանրապետությունում էական փոփոխություններն իրականացված կհամարի այն ժամանակ, երբ հաջողվի երկիրը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած թափքերից և ժանգոտած և տձև կրպակներից։

«Մարտի 23-ին մտադիր ենք իրականացնել հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ։ Վերջին անգամ կառավարությունը, եթե չեմ սխալվում, երկու-երեք տարի առաջ իրականացրեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք հիմա պիտի փորձենք չկրկնել այն սխալները, որոնք արվել են այս ծրագրի համատեքստում։

Եկեք, իսկապես, պայմանավորվենք, որ այս շաբաթօրյակը կազմակերպենք պատշաճ մակարդակով, որպեսզի ոչ թե աղբը պարզապես մի տեղից ուրիշ տեղ տեղափոխենք, այլ կարողանանք դրա արդյունքում հասնել զգալի սանիտարական վիճակի փոփոխությունների»։

Խոսելով «հավաքի գլխավոր նպատակի»՝ սուբվենցիաների մասին, վարչապետն արձանագրեց, որ կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիաների։ «Ցավոք սրտի, նախորդ տարի տեղական ինքնակառամվարման համակարգն ի վիճակի չեղավ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել։ Մենք նախորդ տարի էլ 15 միլիարդի պատրաստակամություն ենք հայտնել՝ ֆինանսավորելու, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, չկարողացանք այդ ցուցանիշին հասնել»։ Քանի որ կառավարության գլխավոր նպատակներից է ներդրումային տնտեսական ակտիվության խթանումը, Փաշինյանը նշեց, որ իր թիմը ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր իրականացնելու խնդիր ունի․ «Իհարկե, չբացառելով այլ կարգի ծրագրերը, որոնք միտված կլինեն համայնքների մշակութային և հանրային կյանքի աշխուժացմանը»։